Դարձավ «հորանջի» խորհրդաժողով

Դարձավ «հորանջի» խորհրդաժողով
Եթե 18-րդ դարում Մոցարտի հերթական օպերայի տապալումն ու ընդունումը չափում էին թագավորի մի քանի հորանջով, ապա այսօր Սեւրի դաշնագրի եւ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի» 90-ամյակին նվիրված երիտասարդական խորհրդաժողովում հորանջների պակաս չէր զգացվում: Երիտասարդ կուսակցականների բոցաշունչ ճառեր լսելու սպասումներս չարդարացան, որովհետեւ բանախոսների դասախոսությունների նմանվող ակադեմիական խոսքը ընդամենը 30 րոպե հետո երիտասարդներին նինջի մեջ գցեց: Համաժողովը «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում էր, ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, մասնակցում էին ՕԵԿ, «Ժառանգություն», ԱԺՄ կուսակցությունների երիտասարդները եւ Արարատյան երիտասարդական թեւը:



ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հրապարակման 90-ամյակի առթիվ հայ երիտասարդները Սեւրի դաշնագրի ներքո ստորագրած եւ նրանց իրավաժառանգ պետությունների Հայաստանում դեսպանատներին ստորագրված հուշագրի միջոցով կոչ էին անում տեր կանգնել վիլսոնյան «Իրավարար վճռի» իրագործման միջազգային պարտավորությանը: Համաժողովը սկսեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, ում խոսքերով՝ հայ-թուրքական արձանագրությունների լույսի ներքո իրավարար վճիռի նկատմամբ մեր կեցվածքն արտահայտելը ավելի կարեւոր է դառնում, որովհետեւ միջազգային իրավունքում, եթե որեւէ պետություն իր իրավունքին հետամուտ չի լինում, ապա փաստացիորեն հրաժարվում է իր իրավունքից:



Իսկ 1920թ. Սեւրի դաշնագրով Թուրքիան Հայաստանը ճանաչեց որպես ազատ եւ անկախ պետություն, եւ պայմանագիրը ստորագրած 12 պետությունները հաստատեցին այն: Այսինքն՝ Սեւրի դաշնագրով հաստատված սահմանները այսօր էլ հանդիսանում են Հայաստան- Թուրքիա իրավական սահմանը: Կիրո Մանոյանը նշեց, որ պետք է ոչ միայն օտարներից պահանջենք հետամուտ լինել այս իրավարար վճռին, այլեւ մեր քաղաքական գործիչներից: Կիրո Մանոյանին շարունակեց պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը, որը Սեւրի պայմանագրի իրավական, քաղաքական վերլուծություններն այնքան երկար ներկայացրեց, որ երիտասարդների մի մասի աչքը կպավ, մյուսներն էլ բջջայինների հետ էին խաղում:



Ի վերջո «Վասպուրական եւ նոր սերունդ» ՀԿ նախագահ Մարինա Վահրադյանը հարց տվեց համաժողովի անարդյունավետության վերաբերյալ, ինչին շփոթված Ավագ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր ազիզ խաթեր համար իրավական վերլուծությունը արագ կանցնեմ»: Ավագ Հարությունյանը հավանաբար Սեւրի պայմանագրի տնտեսա-աշխարհագրական վերլուծությունն էլ կրճատեր, եթե իմանար, որ կողքս նստած սրտիկներ նկարող աղջնակը ու սեղանից սեղան խոսող երիտասարդներն այդպես էլ ոչ մի բառ չընկալեցին իր ելույթից, եւ իր միակ ունկնդիրն այնուամենայնիվ իրեն շարունակ ընդհատող տիկինն էր: