Չմեկնելու իրական պատճառն ա՞յլ է

Չմեկնելու իրական պատճառն ա՞յլ է
ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովին, ինչպես հայտնի է, Հայաստանը մասնակցեց նախարարների մակարդակով: Սերժ Սարգսյանի փոխարեն Հայաստանը ներկայացրին Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը Լիսաբոն չի մեկնելու: Նախագահի՝ Լիսաբոն չմեկնելու պատճառը բացատրվեց նրանով, որ համաժողովի հռչակագրում հարավկովկասյան հակամարտությունների լուծման վերաբերյալ «ընդհանրացված ձեւակերպումներ» են ընդգրկվել:



Խոսքը պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի մասին է: Բանն այն է, որ Լիսաբոնյան հռչակագրում, որն արդեն ընդունվել է, անդրադարձ կա հետխորհրդային տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտություններին: Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներից՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, Լիսաբոնյան հռչակագրում միայն մեկին է հղում արված: Հյուսիսատլանտյան դաշինքը հիշյալ հակամարտությունները մտահոգություն է համարում եւ նշում. «Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը ու նաեւ շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները» (հռչակագրի 35-րդ հոդվածից):



Նշյալ ձեւակերպումը Սերժ Սարգսյանը «վատ ազդակ» է դիտարկել, որը կարող է «լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում», ու, դրանով պայմանավորված՝ չմեկնելու որոշում է կայացրել: Այն, որ ձեւակերպումն իրոք մտահոգությունների տեղիք է տալիս, ակնհայտ է, բայց փաստենք, որ վերջին շրջանում Հայաստանը միջազգային այս կամ այն ատյանից նմանատիպ ձեւակերպումներ՝ բանաձեւերի տեսքով, հաճախակի է լսել, էլ չենք խոսում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարություններից:



Հաշվի առնելով այս հանգամանքը եւ այն, որ որոշումը կայացվեց նախագահի մոսկովյան այցելությունից անմիջապես հետո, Ռուսաստանի գործոնն այստեղ չի բացառվում: ՌԱՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը ընդունված հռչակագրում էական որեւէ բան չի տեսնում: Փորձագետի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի չմեկնելու հիմնական պատճառը թերեւս այլ է, որի ազդեցությամբ որոշում կայացվեց, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով այնտեղ անելիք չունի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ԼՂ հարցում ՆԱՏՕ-ն իր անելիքը չի տեսնում:



«Սա, ես կարծում եմ, բավականին էական բան էր, որովհետեւ, եթե հիշում եք, մայիս ամսին Սերժ Սարգսյանը Բրյուսելում կարծես թե հրավիրում էր ՆԱՏՕ-ին մասնակցություն ունենալ ղարաբաղյան խնդրում, եւ այսօր ինչ-որ հստակեցում մտավ, որ ՆԱՏՕ-ն անելիք չունի այստեղ»,-նշում է փորձագետը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն անգամ Ադրբեջանում միանշանակ չընդունվեց: Բացի այդ, Լիսաբոնյան հռչակագրում կոնկրետություն չկա, այնպես, ինչպես 1996 թվականին ԼՂ խնդրին ՆԱՏՕ-ն գնահատական դրեց:



Փորձագետի դիտարկմամբ, եթե հռչակագրի տեքստն է Վեհաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու սկզբունքային պատճառը, տպավորություն է ստեղծվում, որ արդեն իսկ Աստանայում նույնպես նման մոտեցում պետք է լինի: «Մի քանի օր առաջ Բաքվում կասպյան երկրները, որոնց մեծ մասը հենց ԵԱՀԿ անդամ երկրներ են, նույնպես ընդգծել են տարածքային ամբողջականության հարցեր»,-հիշեցնում է փորձագետը եւ նկատում, որ եթե այդ նույն սկզբունքը պահպանվում է, ուրեմն Աստանայում ե՞ւս Հայաստանը չի մասնակցելու: