Երբ «գողը» գոռում է` բռնեք «գողին»

Երբ «գողը» գոռում է` բռնեք «գողին»
Երեկ «Էրեբունի պլազա» հյուրանոցում մեկնարկեց «Ընտրական օրենսդրություն» խորագրով համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ ԿԸՀ-ն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը,  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ԵԽ հայաստանյան գրասենյակը, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում եւ Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը:



Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով 2008-ի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր,  2008 թ. ընտրությունների գլխավոր պատասխանատուներից, մարտի 1-ի հայտնի շտաբի անդամ, երեկ համաժողովի իր ելույթում հայտարարեց. «Նախորդ տարիներին մենք բավարար ուշադրություն չենք դարձրել ժողովրդավարական ընտրությունների անցկացման  համար անհրաժեշտ այնպիսի  գործոնների,  ինչպիսիք են  ընտրական պրոցեսի մասնակիցների  փոխվստահությունը եւ հասարակության ընտրական կուլտուրայի  մակարդակը»:



Ապա շարունակեց. «Ցավոք  սրտի, մենք  դեռեւս չունենք այն քաղաքական մշակույթը, որ  պարտված  թեկնածուն   արժանապատվորեն ընդունի իր պարտությունը: Որպես կանոն` պարտվածի  համար ընտրությունները կեղծված են»: Ուստի Հովիկ Աբրահամյանը որոշել է փոխել այդ «արատավոր» երեւույթը: «Մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ այս արմատացած մոտեցումը հնարավոր է  փոխել, իսկ մենք  պարտավոր ենք նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն նման մոտեցման վերացմանը եւ  փոխադարձ  վստահության մթնոլորտի ձեւավորմանը»: Թերեւս փորձելով միջազգային փորձագետների ականջներին լապշա կախել, Հովիկ Աբրահամյանը շարունակեց. «Կարեւորում եմ նաեւ ընտրությունների ընթացքում ծախսվող միջոցների թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը, ներառյալ  հանրային  ռեսուրսների օգտագործումը»:



Տպավորությունն այն էր, որ միջազգային համաժողով նախաձեռնելով՝ ՀՀ իշխանությունը որոշել էր միջազգային հանրությանը հավատացնել, թե վճռական է առաջիկայում նորմալ ընտրություններ անցկացնելու հարցում: Նաեւ՝ միջազգային կազմակերպությունների առաջ «լեգիտիմացնել» սեփական առաջարկները: Ուստի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը շտապեց տեղեկացնել, որ ԸՕ բարեփոխման գործընթացը սկսվել է 2008 թ., ստեղծվել է աշխատանքային խումբ եւ այլն: «Ժառանգությունը» նկատեց, որ չնայած ընտրական փոփոխությունների իրականացմանը, հայ հեռուստադիտողն ամեն օր տեսնում է, որ նույն այդ իշխանությունը՝ ՀՀԿ-ն, արդեն իսկ բարեգործական բժշկության տեսքով քարոզարշավ է իրականացնում հեռուստատեսությամբ:



Դե իսկ Հանրայինի «Հայլուրն» էլ ողջ օրը գովերգում է իշխանություններին ու նրանց պահած երկիրը: Ասել է թե՝ իշխանության գործողությունները ցույց չեն տալիս, որ այն  մի խազ անգամ փոխել է ընտրությունների անցկացման մասին պատկերացումը: Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, դեմ են կոալիցիոն ուժերի ներկայացրած տարբերակին ու առաջարկում են, որ բոլոր հանձնաժողովները ձեւավորեն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը` 50-50 համամասնությամբ:



Այն, ինչի մասին համաժողովի ընթացքում խոսում էին միջազգային փորձագետները, հեռու էր մեր իրականությունից: Ակնհայտ էր, որ նրանցից շատերը չէին հասկանում՝ ինչ է նշանակում հայաստանյան ընտրություն: Մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձեցին տեղեկացնել, որ Հայաստանի օլիգարխիկ համակարգում, երբ տնտեսությունն ու քաղաքականությունը սերտաճած են ու ՀՀ տնտեսությունը մեծ հաշվով բաժանված է մի քանի հոգու մեջ, դժվար է պատկերացնել, որ եվրոպական «պետք է»-ները իրականություն դառնան գալիք ընտրություններում:



Ոմանք վարչական ռեսուրսների օգտագործումը կանխելու նպատակով  առաջարկեցին, որ պաշտոնյաները, այդ թվում նաեւ բարձրաստիճան, քարոզարշավի ժամանակ հրաժարական տան, ոմանց կարծիքով` թեկուզ ոչ ակնհայտ քաղաքական նպատակներով իրագործվող բարեգործությունը պետք է արգելվի: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր ելույթում ընդգծեց, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է աջակցել Հայաստանին թափանցիկ, ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ ընտրական գործընթաց ձեւավորելու գործում, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի ազգի ապագայի համար:



«Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է, ու որ խնդիրը հնարավոր է լուծել ընտրական օրենսգրքի կատարելագործմամբ»,-ասված է Հայ ազգային կոնգրեսի՝ համաժողովի կազմակերպիչներին հղած նամակում: ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել համաժողովին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նամակ է հղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի տնօրեն Մայքլ Գետոյին` խնդրելով համաժողովի ընթացքում ընթերցել իրենց ուղերձը:



ՀԱԿ ուղերձը զարմանալիորեն չընթերցվեց համաժողովի ժամանակ: «Որեւէ հարցի, այդ թվում նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված որեւէ քննարկում, երկխոսություն կամ համագործակցություն իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները եւ իրական առաջընթաց կգրանցվի մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ»։



«Գործող, անգամ պակասավոր օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն։ Հայ ազգային կոնգրեսը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են ընտրական օրենսգրքի անկատարության հետ, ուստի, մասնակից է դառնում վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»։



Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, «այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»,-ասված է Լեւոն Զուրաբյանի նամակում:



ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց` ցավալի է, որ Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում համագործակցել ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը որոշակի առաջարկություններ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:



«Մենք անպայման անդրադառնալու ենք նաեւ առաջարկություններին, սակայն եթե նրանք այսօր մասնակցեին, կարծում եմ` շատ արդյունավետ կլիներ»,- ասաց Հարությունյանը: Հաջորդ տարվա գարնան սկզբին օրինագիծը պետք է քննարկվի խորհրդարանում, ապա ուղարկվի Վենետիկի հանձնաժողովի դատին: