Կրակել է մանկության ընկե՞րը

Կրակել է մանկության ընկե՞րը
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում բանակում տեղի ունեցած սպանդն ու դրան հաջորդած սպանությունների թեման հազիվ էին փոքր-ինչ մոռացվել, երբ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում տեղի ունեցած հերթական սահմռկեցուցիչ գույժը տարածվեց: Նոյեմբերի 19-ին, ժամը 24-ի սահմաններում մահվան ելքով արտակարգ միջադեպ է գրանցվել Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում: Հրազենային կրակահերթերից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ՝ Լեւոն Սոսի Եսայանը, 1991թ. ծնված,  Տավուշի մարզի Բերդ քաղաքից,  Ներսես Վարդանի Գալոյանը, 1991թ., Շիրակի մարզի Սարդարապատ գյուղից, Նարեկ Վարդանի Սահակյանը, 1990թ., Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից եւ 1991թ. ծնված ղարաբաղցի Նվեր Մարտիկի Սարգսյանը:



Սակայն այսքանով բանը չի ավարտվել. հրազենային տարբեր վնասվածքներով վիրավորվել են նաեւ չորս ժամկետային զինծառայողներ, որոնցից երկուսը Արմավիրի մարզից են՝ 1991 թ. ծնված Սարգիս Հակոբի Մելքումյանն ու Մանվել Արմենի Հազրոյանը: Առաջինը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից է, երկրորդը՝ Նալբանդյան: 1991թ. ծնված Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է, իսկ 1992թ. ծնված Մասիս Մավրիկի Գրիգորյանը՝ Ղարաբաղի Մարտունու շրջանից: Ինչպես մեզ փոխանցեց ՊՆ քննչական վարչության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը, փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:



Գործով գլխավոր կասկածյալը, որը նույն զորամասի ժամկետային զինծառայող է, ձերբակալված է, սակայն ինքնությունը չեն հայտնում՝ «նախաքննության շահերից ելնելով»: Թեեւ միջադեպի պատճառների մասին ոչինչ չհայտնեցին պաշտպանության նախարարությունից, սակայն շրջանառության մեջ դրված վարկածով չորս հոգուն սպանելու, մնացածին էլ հրազենային վնասվածքներ հասցնելու պատճառը եղել է ձայնասկավառակի նվագարկիչը «CD player», որի պատկանելության շուրջ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ վիճաբանությունը շարունակել են դիրքերում:



ՄԱՆՎԵԼՆ ՈՒ ՍԱՐԳԻՍԸ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ



Մինչ պաշտպանության նախարարությունը կպարզի բանն ինչում է, արդեն լուրեր էին շրջում, թե սա կրկնում է հուլիսին Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը, երբ զինվորը հինգ հոգու սպանել էր, ապա ինքնասպան եղել: Ըստ խոսակցությունների՝ Մանվել Հազրոյանին գտել են մարտական հենակետից 150 մ հեռավորության վրա ընկած, չորս տեղից կրակած:  Ըստ կայքերից մեկի՝ դեպքից անմիջապես հետո նրանց տունն էին հսկում: Իբր փորձել է ինքնասպան լինել, սակայն կենդանի է մնացել: Իսկ  ՊՆ-ն լռում է: Վիրավորներից Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել միայն Սարգիս Հակոբի Մելքումյանը:



Վերջինս, ձախ ձեռքի բազմաբեկորային կոտրվածքից բացի, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, վնասվել է աջ թոքը: Երեկ, երբ մենք այցելեցինք հոսպիտալ, արդեն ավարտվել էր երկրորդ վիրահատությունը: Զինվորի ծնողներն ու հարազատները հուզված սպասում էին դրսում:  Մայրն այնքան վատ էր զգացել, որ տուն էին տարել: Մենք զրուցեցինք պապիկի՝ Անդրանիկ Մելքումյանի  հետ:  Սարգիսը բանակ է զորակոչվել անցած տարվա դեկտեմբերի 21-ին: Փամբակում մի քանի ամիս ծառայելուց հետո գարնանը տեղափոխել են Ղարաբաղ:



«Լավ ծառայելու համար տասը օրով օտպուսկ տվեցին, եկավ տուն: Շատ գովում էին, լավ էր ծառայում: Անընդհատ խոսում էինք իր հետ, իրան շատ լավ էր զգում, ուղղակի պատահական դեպք է տեղի ունեցել, էլի...»,-պատմում  էր պապիկը:  Նա ասաց նաեւ, որ Մանվել Հազրոյանը հարեւան Նալբանդյան գյուղից է, իր թոռան հետ էլ շատ մոտ է եղել, նույնիսկ վերջին անգամ, երբ Սարգիսն արձակուրդ էր եկել, Մանվելի ծնողները նրա միջոցով որդուն «տուլիկ» են ուղարկել: Մեր հարցին, թե չէ՞ր դժգոհում Սարգիսը ծառայությունից ու զորամասից, պապն ասաց. «Հակառակը, լավ են նայել մեկը մյուսին, իրար հետ հարազատ են եղել: Կոնֆլիկտային երեխա չէ, բոլորի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, բոլորն էլ սիրել ու հարգել են, թե ինչի համար ա եղել, մենք չգիտենք»:



Սարգիսը ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի առաջին կուրսի ուսանող է, ընդունվել է բուհ, ապա զորակոչվել բանակ: Հայրը թեեւ խոսելու տրամադրություն ու հավես չուներ, այնուամենայնիվ ասաց. «Արտակարգ էր ծառայությունը, գոհ էր շատ: Իրանք շատ մոտիկ ընկերներ են եղել: Իրար հետ շատ լավ հարաբերություններ են ունեցել, չգիտես ինչ ա եղել, մեկ հոգի չէ, երկուս չէ, յոթ հոգու կրակել ա...»: Սարգիս Մելքումյանի  հարազատներն այլ տեղեկություններ չունեին: Դեպքի մասին լսելուց հետո մեկնել են  Ստեփանակերտ, ուղիղ հոսպիտալ, ոչ զորամաս են հասել, ոչ էլ զինվորի տեսել:



ԽԱՉԻԿԸ ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ԶԱՆԳԵԼ Է ՄՈՐԸ



Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ծնված Խաչիկ Ալեքսանյանը Ստեփանակերտի հոսպիտալում է: Դեպքից հետո ծնողներն իրեն չեն տեսել: Հայրը Ռուսաստանում է, մայրն էլ գյուղապետարանից է տեղեկացել որդու հետ կատարվածի մասին, սակայն չի մեկնել Ղարաբաղ: Այս մասին մեզ ասաց մայրը՝ տիկին Սաթիկը, որը հուզմունքը չէր կարողանում զսպել եւ մեզ հետ զրուցելիս անընդհատ արտասվում էր: «Տեգրս գնաց Մարտունի, իմացավ ինչ ա տեղի ունեցել ու ինձ փոխանցեց, որ երեխեն կենդանի ա, ոտքից ա վիրավորվել, մենք պատրաստվեցինք, որ գնայինք- հասնեինք մեր տղային, բայց Խաչիկը շատ պատահական զանգեց, ասեց, որ հիվանդանոցում ա, վիրավոր ա, ամեն ինչ լավ ա, մի արի, մամ»,-պատմում էր տիկին Սաթիկը:



Նրա փոխանցմամբ՝ որդու հետ գրեթե ամեն օր խոսել է, դժգոհություններ չի լսել: «Դեպքից երկու օր առաջ ենք խոսել, ուրախ-զվարթ, ամեն ինչ նորմալ ա, չի ասել վատ ա, նեղում են, որ ասեմ խնդիր ա ունեցել: Շատ գոհ էր»: