Թեթեւ ու մակերեսային

Թեթեւ ու մակերեսային
Ի՞նչն է այս օրերին կարեւոր Հայաստանի կյանքում՝ ընտրական օրենսգրքի փոփոխություննե՞րը, որի շուրջ միջազգային կազմակերպությունները երկօրյա համաժողով են հրավիրել Երեւանում: Չնայած կա կարծիք, որ հին օրենսգրքով էլ է հնարավոր նորմալ ընտրություններ անցկացնել, եւ դրա համար միայն իշխանությունների քաղաքական կամքն է բացակայում: Իսկ գուցե ավելի կարեւոր է բանակի՞ հարցը, որտեղից մենք ամեն օր տագնապալի լուրեր ենք ստանում, եւ զոհերի քանակը չի նվազում: Թեեւ այս առումով էլ ոմանք ասում են, որ երկիրը պատերազմի մեջ է եւ ցանկացած երկրի բանակում էլ զոհեր ու դժբախտ պատահարներ են լինում: Հավանաբար առավել կարեւորը ՆԱՏՕ-ի գագաթաժողո՞վն է եւ այնտեղ ընդունված հռչակագիրը, որտեղ մեզ համար աննպաստ ձեւակերպում տեղ գտավ՝ Հարավային Կովկասում տարածքային ամբողջականությունը պահպանելու առումով: Սակայն այս մասով էլ մեզ հանգստացնողներ կան, թե ՆԱՏՕ-ի այդ հռչակագիրն ընդամենը թղթի կտոր է, այն գործողությունների ուղեցույց չէ եւ ղարաբաղյան կարգավորման համար վճռորոշ չի լինելու: Գուցե մեզ համար կարեւորն այս օրերին Վահան Խալաֆյանի դատավարությո՞ւնն է Հրազդանում, որը սպանվեց ոստիկանությունում գտնվելու ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդն անպաշտպան է անգամ այնտեղ, որտեղ, թվում է, ամենապաշտպանվածը պետք է լինի: Սակայն այս առումով էլ են մեզ մխիթարում, թե՝ անցումային շրջանի բոլոր երկրներում էլ իրավապահ համակարգն իր բարձրության վրա չի եղել, եւ լավ է, որ գոնե դատավարություն է ընթանում ու մեղադրյալի աթոռին ոստիկաններ են: Այդ դեպքում ի՞նչն է կարեւոր 2010-ի վերջի Հայաստանում. գուցե մանկական «Եվրատեսի՞լը», որտեղ հաղթանակը մթագնեց Լիսաբոնն ու աննպաստ հռչակագիրը, Ղարաբաղն ու բանակը: