Սուտը` քաղաքական կատեգորիա

Սուտը` քաղաքական կատեգորիա
Շաբաթ օրը մենք գրել էինք, որ Լիբանանում տեղի ունեցող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների հավաքին Հայաստանից մասնակցելու հրավեր է ստացել ՀՀՇ երիտթեւը, որի պատվիրակության կազմում Բեյրութ են մեկնել կուսակցության վարչության անդամների՝ Արամ Մանուկյանի, Լեւիկ Խաչատրյանի եւ Քոչար Դավթյանի որդիները, ինչն առաջացրել է երիտհհշականների զայրույթը, ու մոտ 35 անձ դուրս է եկել կուսակցությունից: Նույն օրը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հարցազրույց է տվել «7or.am»-ին, որտեղ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի, ասել է, որ մեր հրապարակումն «ըստ էության հերյուրանք է»:



Դժվար է գլխի ընկնել, թե որն է հերյուրանքը, եթե պատվիրակության կազմը չի հերքում եւ հենց մեր նշած կազմն այս օրերին Լիբանանում է գտնվում: Կարելի է ենթադրել, որ հերքում են Կարեն Կարապետյանի եւ մյուս երիտասարդների հրաժարականի հանգամանքը, բայց այդ մասով էլ է մեր գրածը ստույգ: Թերեւս արժեր «հերյուրանք» եւ նման բարդ բառեր օգտագործելուց առաջ խորանալ դրանց իմաստի մեջ եւ հստակ շարադրել, թե մեր հրապարակման որ բառի ու մտքի հետ համաձայն չեն: Իսկ մամուլին ուղղված անհիմն մեղադրանքներով մեզ չես զարմացնի, քանզի Հայաստանի քաղաքական շրջանակներում ստելը մի բաժակ ջուր խմելուն հավասար բան է: