Սասունի հողերը մի տվեք շեյխին

Սասունի հողերը մի տվեք շեյխին
«Սասուն Միքայելյանն իր «Սասուն» ջոկատով հողեր է ազատագրել թշնամուց, իսկ այսօր դուք թույլ եք տալիս, որ մեծահարուստները, որոնք անհայտ է, թե ինչով են զբաղված եղել Արցախյան հերոսամարտի տարիներին, հող խլեն ազատամարտիկից»,-կառավարություն ներկայացրած նամակում երեկ հայտարարում էին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչները: Նրանք երեկ բողոքում էին կառավարության շենքի առաջ՝ պահանջելով վերանայել իրենց հողերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը:



Կառավարության  որոշմամբ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 130 բնակչի սեփականություն հանդիսացող 85 հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքները ճանաչվել էին հանրային գերակա շահ եւ փոխանցվել «Էյ Ընդ Էմ Ռեյր» ընկերությանը` քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու նպատակով: Գերակա շահ ճանաչված հողամասերի մեջ է հայտնվել նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին պատկանող 1,5 հեկտար տարածքը, որը Միքայելյանին էր տրամադրվել մի քանի տարի առաջ` փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու համար:



«Էյ Ընդ Էմ Ռեյր» ընկերությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին ու Արաբական Միացյալ Էմիրություններից մի շեյխի: Գյուղացիները պնդում են, որ փոխհատուցումը չի համապատասխանում իրենց տարածքների իրական արժեքին եւ 10 անգամ պակաս է հողի շուկայական գնից: «Դուք դեռ հնարավորություն ունեք վերջ դնելու անօրինությանը»,- կառավարության ղեկավարին ուղղված նամակում հորդորում էին գյուղացիները: