Մարզպետի ինքնակոչ ներկայացուցչի արկածները

Մարզպետի ինքնակոչ ներկայացուցչի արկածները
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի ոչ անհայտ խորհրդականը՝ Սամվել Թանգյանը, իրեն  «հռչակել» է Սիսիանի տարածաշրջանի մարզպետի  ներկայացուցիչ: Նա շուրջ 6 տարի զբաղեցնելով այդ չարաբաստիկ պաշտոնը, ամեն ինչ արել եւ անում է Սիսիանի տարածաշրջանում բարոյահոգեբանական իրավիճակն ապակայունացնելու, մարդկանց միմյանց դեմ լարելու, թշնամական  մթնոլորտ ստեղծելու համար:



Ս. Թանգյանը կոմունիստական ժամանակաշրջանում անասնաբույժ է եղել հեռավոր մի գյուղում, Սովետի քայքայման  ժամանակ մի երկու տարի` Աշոտավան գյուղի սովխոզի դիրեկտոր: Այնքան է վարկաբեկված եղել, որ հազվագյուտ տնտեսության ղեկավարներից էր, որին գյուղի ժողովուրդը չընտրեց շրջխորհրդի պատգամավոր: Իսկ այսօր այդ մարդը, որը չգիտի հայերենի այբուբենի բոլոր տառերը, արդեն քանի տարի է՝ իրեն համարում է թշվառ Սիսիանի ղեկավարը: Այդ ընթացքում Սիսիան քաղաքում սրել է բոլոր խմբերի միջեւ հարաբերությունները եւ բոլորին դարձրել է իրար թշնամի:



Նախ կարճ ժամանակահատվածում «շարքից»  հանեցին Սիսիանի բժշկական կենտրոնի աուդիտի պաշտոնի աշխատողին, եւ այդտեղ նշանակեց իր կիսագրագետ որդուն: Նույն որդու համար ձեռք բերեց Սիսիան-Անգեղակոթ, Սիսիան-Շաղատ, Սիսիան-Բարձրավան երթուղային գծերը: Նույն որդու մասնակցությամբ մի շարք գյուղերում գործող ջրատար խողովակներ քանդվեցին-հանվեցին աճուրդի, ընդ որում այնքան աղաղակող կերպով էր ավերվում համակարգը, որ քրեական գործեր հարուցվեցին, բայց ամենազոր հայրիկի միջոցով այդ գործերը կարճվեցին:



Սիսիանում միայն նրա որդին կարող է ալկոհոլ օգտագործած  մեքենա վարել եւ հաճախ անցնել կարմիր լույսի տակով: Օգտագործելով իր ջերմ կապերը Սյունիքի մարզպետի հետ, Սիսիանում բոլոր հարցերը լուծողն ինքն է: «ՁՕՄ»  միավորումից հետո երկարամյա փորձված տնօրենի մասնակցությամբ կայացած մրցույթում ամենավերջին տեղը զբաղեցրած իր եղբորը դարձրին կառույցի ղեկավար: Ցանկացած դպրոցում միայն իր միջամտությամբ է մանկավարժ նշանակվում: Իսկ երբ դպրոցի տնօրենի տեղ է ազատվում, դա արդեն Ս. Թանգյանի համար տոն է, քանի որ մրցույթի արդյունքում հաղթում է նա, ով ավելի շատ է վճարում:



Իսկ երբ պաշտոնը չի ազատվում, ամեն ինչ անում է, որ ազատվի, ինչպես դա եղավ Շաղատի դպրոցի տնօրենի պարագայում, երբ ստիպեցին փորձված տնօրենին ազատման դիմում գրել: Ամեն ինչ էլ ավելի խճճվեց, երբ 2008թ. ՏԻՄ ընտրություններում Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Ս. Թանգյանը: Ավելորդ է նշել, թե Լիցկան ինչպիսի միջոցների դիմեց, որպեսզի իր թեկնածուն դառնա քաղաքապետ, բայց Թանգյանը հզոր հովանավորի պարագայում անգամ գրավեց համարյա վերջին տեղը: Դրանից հետո, փոխանակ իր սխալներն ուղղելու, Թանգյանն ավելի է ագրեսիվ դարձել:



Օգտագործելով պաշտոնական դիրքը եւ մարզպետի անունը՝ առավելագույնս փորձում է խանգարել Սիսիանի քաղաքապետի աշխատանքներին: «Սեփականաշնորհելով» մարզպետին՝ նրա հանդիպումները եւ ընդունելությունները Սիսիանում միմիայն ինքն է կազմակերպում: Իր ջանքերով այսօր մարզպետարանի սիսիանցի պաշտոնյաների հարաբերությունները մարզպետի հետ դարձել են անտանելի: Բայց մարզպետը շարունակում է ամբողջությամբ վստահել նրան եւ մեկ ամիս տանջվելուց հետո մի կերպ Ս. Թանգյանին դարձրեց ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար:



Այս ամենի մասին չէինք գրի, եթե նրա գործողությունների արդյունքում չտուժեր Սիսիանի ընդհանուր մթնոլորտը, այս հոդվածով փորձ ենք անում սթափեցնել մարզպետին, թե չէ մոտ ապագայում Սիսիանում մարդիկ կդադարեն անգամ իրար բարեւելուց:



Արտավազ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Սիմակ ՊԵՏՐՈՍՅԱՆ