Իշխանությունը որոշել է ազատվե՞լ «գլխացավանքից»

Իշխանությունը որոշել է ազատվե՞լ «գլխացավանքից»
Վերջին շրջանում շարունակ խոսում են քաղբանտարկյալների ազատ արձակման հնարավորության մասին: ՀՀՇ ակտիվիստ, վանաձորցի Աշոտ Մանուկյանի ազատ արձակումից հետո այդ խոսակցություններն ավելի աշխուժացան: Ընդդիմադիր ՀԱԿ-ը հատկապես վերջին ամիսներին ակտիվացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման համար իր պայքարը: Եվրոպական կառույցներն են տարբեր առիթներով պարբերաբար անդրադառնում խնդրին եւ պահանջում լուծել այդ հարցը:



Վերջինը Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին էր, երբ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ի թիվս այլ հարցերի, շոշափեց նաեւ իշխանությունների համար ցավոտ այդ կնճիռը: Անգամ Դավիթ Հարությունյանը խոստովանեց, որ Պրեսկոտը «կոշտ» է խոսել: Համազեկուցողների հերթական մոնիտորինգային այցելությանն ընդառաջ, որն սպասվում է գալիք տարվա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, իշխանություններն ինչ-որ քայլեր հավանաբար ձեռնարկելու են՝ գոնե մասամբ այդ «գլխացավանքից» ազատվելու եւ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ որոշակի տեղաշարժ արձանագրելու համար:



Իրավական մի քանի մեխանիզմներից՝ համաներում, նախագահի ներում, բժշկական հանձնաժողովի միջնորդությամբ (եթե դատապարտյալի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության պայմանների հետ) ազատ արձակում, պայմանական վաղաժամկետ ազատում, ո՞րն է առավել հավանականը: Թերեւս՝ պայմանականը: Եթե չկան տույժ-տուգանքներ, դատապարտյալի պատժաչափի որոշակի ժամկետը լրանալուց հետո ՔԿՀ ղեկավարությունը միջնորդում է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել:



Եվ ՀՀ նախագահի ձեւավորած հանձնաժողովը (որի ապօրինության մասին բազմիցս է խոսվել) քննում է այդ հարցը: ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ այս պահին արդեն իսկ լրացել է քաղբանտարկյալներ Մուշեղ Սաղաթելյանի, Ռոման Մնացականյանի, Ֆելիքս Գեւորգյանի, Գաբրիել Գաբրիելյանի, Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը: Փետրվարի 19-ին կլրանա Հարություն Ուռուտյանի, մարտի 9-ին՝ Արամ Բարեղամյանի պատժաչափի 1/2-ը: Քաղբանտարկյալներից 4-ի՝ Շմավոն Գալստյանի, Արա Հովհաննիսյանի, Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի պայմանական ազատման ժամկետն ավելի ուշ կլրանա:



Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 8 տարվա  ազատազրկման է դատապարտվել քրօր. 225 («Զանգվածային անկարգություններ») եւ 235 («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը») հոդվածներով: Նիկոլ Փաշինյանը դատապարտված է 7 տարվա ազատազրկման` 225 եւ 216 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն») հոդվածներով: Հարություն Ուռուտյանը՝ 6 տարի 149 («Ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելը») եւ 112 («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») հոդվածներով: Շմավոն Գալստյանը՝ 6 տարի՝ 206 հոդվածի հատկանիշներով («Հարկ վճարելուց խուսափելը»): Մուշեղ Սաղաթելյանը՝ 316 հոդվածով 5 տարի, Ռոման Մնացականյանը՝ 3,5 տարի 225 հոդվածով: Արա Հովհաննիսյանը՝ 225 եւ 238 («Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելը») հոդվածներով 9 տարի ազատազրկման, Արամ Բարեղամյանը՝ 6 տարի 316 եւ 112 հոդվածներով: Ֆելիքս Գեւորգյանը՝ 7 տարի  225, 235, 238 հոդվածներով, Գաբրիել Գաբրիելյանը՝ 7 տարի 225 հոդվածով, Սարգիս Հացպանյանը՝ 3,5 տարի 333 («Սուտ մատնություն») հոդվածով, եւ Մուրադ Բոջոլյանը 2001 թվականին դատապարտվել է 10 տարի՝ հին քրօր. 59 հոդվածով («Պետական դավաճանություն»): 2011-ին նրա պատիժը կրելու ժամկետը կլրանա:



Այս ցանկից 2009-ի հունիսի 19-ի համաներումը կիրառվել է միայն 3-ի՝ Նիկոլ Փաշինյանի, Ֆելիքս Գեւորգյանի եւ Գաբրիել Գաբրիելյանի վրա: Համաներումը Ռոման Մնացականյանի վրա թեեւ տարածվել է, բայց չի կիրառվել բջջային հեռախոսի հետ կապված տույժ-տուգանքների առկայության պատճառով: Ի դեպ, տույժ-տուգանքների առկայությունը կարող է խոչընդոտել նաեւ պայմանական ազատմանը: Համաներման արժանացած գործիչներից առաջին երկուսի  պատժաչափը կիսվել է, իսկ Փաշինյանի պարագայում  «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը պատժի կրած մասը չի հաշվարկել եւ ազատազրկման վերջնաժամկետը սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր՝ 3 տարի 6 ամսվա փոխարեն:



Սրա հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումն օրերս Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, մերժեց եւ պատժաչափը թողեց անփոփոխ: «Թե ինչպես կազատեն, իրենց խնդիրն է, իրենք են ապօրինի դատապարտված այդ մարդկանց պատանդի կարգավիճակում պահում քաղաքական հայացքների համար»,- ասաց ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանը: Քաղաքական է դիտարկվում նաեւ նրա նկատմամբ պատիժ կիրառելը (նոյեմբերի 14-ին նրան 15 օրով տեղափոխել են պատժախուց՝ ներքին կանոնադրությունը խախտելու պատճառաբանությամբ):



Կազդի՞ արդյոք թափ առած հասարակական ճնշումը քաղբանտարկյալների խնդրի վերջնական լուծման վրա, դժվար է ասել, բայց որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հարցը քննարկման առարկա է, դա հաստատ է (ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը  նախօրեին ասել էր, որ հարցը պետք է կոալիցիայում քննարկվի): Ըստ որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիր գործիչների ազատ արձակման գործընթացն սկսվելու է շուտով, եւ մինչեւ 2011-ի փետրվար-մարտ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը 4-5-ից ավելի չի լինելու:



Իշխանական օղակներում այժմ քննարկվում է այն հարցը, թե ովքեր պետք է ազատության մեջ հայտնվեն: Ըստ այդմ, տարբերակներ են առաջ քաշվում: Եթե ազատ արձակվի քաղբանտարկյալների մի մասը, խնդիրը մինչեւ վերջ չի լուծվի եւ քաղբանտարկյալների «պիտակը» կշարունակի եվրոպական կառույցների ձեռքին լծակ ծառայել, մյուս կողմից էլ, բոլորին աստիճանաբար ազատ արձակելն ու հարցը մեկընդմիշտ փակելը պակաս հավանական է: Այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց. «ՀԱԿ-ի խնդիրը չէ ճանապարհ առաջարկելը: Ուրիշ բան, որ Հայ ազգային կոնգրեսի ճնշումն այնքան է մեծացել, որ իրենք ստիպված են հաշվի առնել այդ ճնշումը»: