Նախագահ Սարգսյանը պետք է մեկներ Լիսաբոն

Նախագահ Սարգսյանը պետք է մեկներ Լիսաբոն
Նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը նրա նախագահության երկուսուկես տարիների արտաքին քաղաքական սխալներից էր եւ Հայաստանի դիվանագիտության պարտության ընդունումը: Նեղացածի կեցվածք ընդունելը եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելը Հայաստանին դիվանագիտական որեւէ շահ չի բերելու: Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները նախ պետք է անեին հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը տեղ չունենար, բայց եթե անգամ անզոր են եղել, ապա նախագահ Սարգսյանը չպետք է հրաժարվեր, այլ մեկներ Պորտուգալիայի մայրաքաղաք եւ օգտագործեր այդ բարձր ամբիոնը՝ բարձրացնելու Հայաստանին հուզող հարցերը, ինչպես արեցին մեր երկու հարեւանները:



Գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման համար առաջարկվել է ընդհանրական ձեւակերպում, այն է՝ տարածքային ամբողջականության հարգում, եւ դրա կողքին չի հիշատակվել ազգերի ինքնորոշման իրավունքը. «Հարավային Կովկասում եւ Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են ՆԱՏՕ-ի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ: Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը ու նաեւ շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները»։



Նման կամ դրան մոտ՝ Հայաստանի ու ԼՂ-ի համար անընդունելի ձեւակերպումներ նախկինում էլ են տեղ գտել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի փաստաթղթերում: Ահա այդ իրողությունը հաշվի առնելով էլ պետք էր փորձել գոնե մեղմացնել փաստաթղթի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում էր հակամարտություններին: Փոխարենը, ավելի քան երկու տարի Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները թմբկահարում էին եւ ամենամեծ ձեռքբերում համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչեցվող այն տեսակետը, որ լուծման ճանապարհին հավասարապես կարեւորվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ինքնորոշման հարգում եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում:



ՆԱՏՕ-ն «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը չէ եւ ոչ էլ ՎՈւԱՄ-ը, որ նրանց կողմից ղարաբաղյան հարցով ընդունված որոշումներին Հայաստանի իշխանություններն անտարբերությամբ մոտենային: ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամ երկու պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի  եռանախագահությունն են ներկայացնում: Մյուս եռանախագահողը՝ Ռուսաստանը, նախագահի մակարդակով ներկա է Լիսաբոնի գագաթաժողովին: Հայ դիվանագետները նախագահ Սարգսյանի գլխավորությամբ պիտի հենց Լիսաբոնում դռներ ծեծեին ու անքուն գիշերներ անցկացնեին: Ու եթե բոյկոտը վերջին փամփուշտն է, ապա դա պիտի արձակվեր հենց Լիսաբոնում, այլ ոչ թե Երեւանում:



Դիվանագիտության հարցում պետությունները կարող են հայտնվել ծանր իրավիճակներում: Բայց քանի դեռ ընդունված փաստաթղթերը գետնի վրա չեն իրականացվում, վիճակն անհուսալի չէ: ՆԱՏՕ-ի փաստաթղթով ոչ մեկը Լեռնային Ղարաբաղին չի տիրանալու: Սակայն ժամանակն է, որ Հայաստանն ընդունի թույլ տված սխալները եւ փորձի գտնել լուծումներ, այլ ոչ թե ամեն մի ձախողում թաքցնելու նպատակով գործի դնի ներքին քարոզչությունը:



ՆԱՏՕ-ն եվրատլանտյան կարեւորագույն եւ հզորագույն ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որն առաջին անգամ չէ ղարաբաղյան հակամարտությունը շոշափող եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար նման մակարդակով անընդունելի փաստաթուղթ ընդունում: Այդպիսի փաստաթղթի ընդունումը կարող է դառնալ ուղենիշային եվրատլանտյան այլ կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի համար, որի հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:



ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին մեկ շաբաթ ժամանակ է մնացել: Վտանգ կա, որ Լիսաբոնում ընդունված փաստաթուղթը կամ նման անընդունելի մեկ այլ փաստաթուղթ ընդունվի արդեն ԵԱՀԿ պետությունների ղեկավարների մակարդակով: Անշուշտ, Հայաստանն այդ դեպքում կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը: Բայց պետք է փորձել ամեն ինչ անել, որպեսզի բանը վետոյին չհասցվի: Ամեն մի վետո ունի իր գինը: Երբեք ուշ չէ, եթե, անշուշտ, կա վտանգի գիտակցություն, պատասխանատվության զգացում եւ սխալներն ընդունելու համարձակություն:



Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ