Կարինե Խոդիկյան. Նախանձի եւ զայրույթի արանքում

Կարինե Խոդիկյան. Նախանձի եւ զայրույթի արանքում
«Թբիլիսիի քաղաքապետը որոշել է աճուրդի դնել ծառայական ավտոմեքենաները՝ մայրաքաղաքի բյուջեն համալրելու նպատակով: Աճուրդի է հանվել նաեւ քաղաքապետի ծառայական մեքենան, նախնական գինը` 48 հազար դոլար: Աճուրդից հետո քաղաքապետարանի աշխատակիցները կերթեւեկեն ավելի էժան տրանսպորտային միջոցներով, իսկ ստացված հասույթը կփոխանցվի մայրաքաղաքին: Քաղաքապետն առաջարկել է նաեւ 10 տոկոսով կրճատել իր եւ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը: «Մենք սեղմում ենք գոտիները եւ պետք է որ առաջինը այդ քայլն անենք ինքներս»,- այսպես է նա մեկնաբանել որոշումը»:



«ՀՀ կառավարությունը որոշել է 50 միլիոն դրամով ավելացնել 2010թ. պետբյուջեով նախատեսված պաշտոնատար անձանց գործուղումների փողը: Եվ 119 միլիոն դրամ հատկացնել պետական կառավարման մարմինների ծառայական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար»: Լրահոսից վերցրած այս երկու նորությունները կարելի է դնել կողք-կողքի, վերնագրել. «Տեղեկատվություն խորհրդածության համար» եւ... վերջ: Վերջակետ դնել ու եզրակացությունը թողնել ընթերցողին: Կա երկրորդ տարբերակը` գրել, որ նախանձում ես: Ամենասովորական մարդկային նախանձով: Ու չամաչել խոստովանությունից: Որովհետեւ վստահ ես` ո՛ր հայրենակիցդ էլ կարդա` նախանձելու է քեզ հետ միասին: Գուցե` քեզնից ավելի: Էլի տարբերակ կա` զարմանքը:



«Տես, է..., հարեւան երկրում դեռ էրվում-փոթոթվում են ճգնաժամի ճիրաններում, իսկ մենք, ուրեմն, իսկապե՛ս հաղթահարել ենք ճգնաժամը, եւ ոմանք արդեն կարող են ազատ արձակել գոտիները ամենաթողության աստիճան»: Եվս մի տարբերակ` զայրույթը. «Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Ինչքա՞ն կարելի է սպասել»... (այնքան, մինչեւ իշխանության գութն առ իր քաղաքացին արթնանա, որ  2 հազար 500 դրամով ավելացնի նվազագույն աշխատավարձը): Ի դեպ, հանդուրժողականության մասին. մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Գյումրիում ռեպորտաժ էր պատրաստել գազի գնի բարձրացման մասին: Չգիտեմ որքանով էր մոնտաժված նյութը, բայց հարցվողներից ոչ մեկը եթերում պատասխանատվության չկանչեց որեւէ մեկին, չհիշեց, որ ինքն էլ հարկատու է, եւ ինքն էլ փոքրիշատե մարդուն արժանավայել կյանքի իրավունք ունի:



Բոլորը, խոսքները մեկ արած, մրմնջում էին. «Է, ուրեմն գազ չենք վառի», «Մի սենյակը կտաքացնենք ու բոլորս այդ սենյակում ձմեռը կանցկացնենք», «Ամառվանից փայտ ու ծառի ճյուղ ենք հավաքում»: Ցնցողը «հին կոշիկ-բան կվառենք...» տարբերակն էր: Ինչո՞ւ հիշեցի այդ ռեպորտաժը, եւ ի՞նչ կապ կա վերեւում ասվածի հետ: Չէ, կապ չկա... Պարզապես, երբ մեկն իր իրավունքը հանդուրժողականորեն զիջում է մյուսին, այդ մյուսը ամենաթողորեն լլկում է այդ նույն իրավունքը: Մեծահոգորեն թողնելով, որ հազար ու մի ցավդ թողած` նստես ու նախանձես հարեւան երկրի քաղաքապետին ու նրա ընդունած որոշումներին:



ՀԳ - Երկրի կայունությամբ մտահոգ պաշտպաններին, ովքեր հարեւան երկրի այս քայլը կորակեն ընդամենը էժանագին պոպուլիզմ, դիմադարձեմ. «Է, թող մերոնք էլ վերջապես անցնեն այդպիսի էժանագին պոպուլիզմի»: Վաղուց ժամանակն է:



Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

դրամատուրգ