Կատեգորիկ բաներ մի՛ ասեք

Կատեգորիկ բաներ մի՛ ասեք
«Էնպիսի բաներ մի ասեք, որ հետո դրանք դառնան հիմք քաղաքական որոշումներ կայացնելու համար: Իսկ որ դա կդառնա, ես Ձեզ 100 տոկոս երաշխավորում եմ, որովհետեւ արդեն մի անգամ եղել է»,-երեկ Երեւանում շարունակվող «Ընտրական օրենսդրություն» խորագրով համաժողովի ժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին կոչ արեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ժառանգությունն» եւ Դաշնակցությունը անհրաժեշտ են համարում, որ քվեարկության ավարտից հետո յուրաքանչյուր տեղամասում փակցվեն քվեարկության մատյանների պատճենները՝ բացահայտելու համար մեռած հոգիներին, հանրապետությունում չգտնվող անձանց փոխարեն մատյանում ստորագրելու եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերը:



«Էս սիմպոզիումից ես մեկ հարցի պատասխան եմ ուզում մենք բոլորս ունենանք՝ կապված մտացածին գաղտնիության խնդրի հետ, որն արգելափակում է էս փոփոխության անցկացումը ընտրական օրենսգրքում»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով. «Սա առաջին անգամը չի: 2007թ.-ին նույն առաջարկությունը մենք ենք ներկայացրել, էլի նորից լղոզված ձեւով ներկայացվեց Վենետիկի հանձնաժողովին, Վենետիկի հանձնաժողովը պատասխանեց, թե Ձեր առաջարկը գաղտնիության  (նկատի ունեն՝ անձի տվյալների հրապարակման գաղտնիությունը) խնդիր է առաջացնում, եւ դա օգտագործվեց նույն մեծամասնության կողմից, ովքեր չէին ուզում մեխանիզմն ամրագրել, թե փորձագետներն են ասել, էդ էլ հո մենք չե՞նք ասում»,-ԵԽ փորձագետներին հարկ համարեց զգուշացնել Ռուստամյանը:



Նրա խոսքերով՝ կան երկրներ, որ այս կամ այն կերպ հասանելի են դարձնում մատյանները: «Վաղը, որ մեր այլընտրանքային նախագիծը եղավ, ԱԺ-ում քննարկումը գնալու է էս տրամաբանությամբ՝ սիմպոզիումը հանգեց էն եզրակացության, որ սա ուղղակի պետք է մերժել, որովհետեւ խախտում է միջազգային չափանիշները: Ես խնդրում եմ՝ էսպիսի կատեգորիկ հայտարարություն առնվազն մի արեք»,- կոչ արեց ՀՅԴ ներկայացուցիչը:



Ըստ Վենետիկի հանձնաժողովի ու ներկա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների, քվեարկության մասնակցելը գաղտնի է, իսկ ցուցակները հրապարակելով՝ կխախտվի գաղտնիությունը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Մարիանա Սկոպայի կարծիքով` ընտրացուցակների հրապարակումը քվեարկության ավարտից հետո խնդիրներ կառաջացնի, անգամ ահաբեկությունների պատճառ կարող է դառնալ: Ակնհայտ է, սակայն, որ ՀՀ իշխանությունը չի պատրաստվում որեւէ էական փոփոխություն ներառել իր առաջարկում, որը պատրաստվել է դնել քննարկման ԱԺ-ում: