Դո՞ւրս կգա ՀՀՇ-ից

Դո՞ւրս կգա ՀՀՇ-ից
«Հայոց համազգային շարժում» կուսակցությունում նոր իրարանցում է սկսվել: Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ ՀՀՇ երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը դուրս է եկել ՀՀՇ երիտթեւից, նրան հետեւել են մոտ երեք տասնյակ երիտասարդներ: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս նոր սկանդալի պատճառը Լիբանանում տեղի ունեցող Եվրոպայի լիբերալ դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների հավաքին ՀՀՇ երիտթեւի պատվիրակության ընտրությունն է եղել:



Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին եւ դուստրը, Լեւիկ Խաչատրյանի որդին եւ հարսը, Քոչար Դավթյանի որդին, իսկ երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանին չեն ընդգրկել, ինչից էլ նա վիրավորվել է եւ լքել երիտթեւի ղեկավարի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այս առիթով ասաց. «Ճիշտն ասած, ես պատվիրակության կազմին ծանոթ չեմ: Սովորաբար դրանից առաջ պատվիրակությունները ձեւավորվել են պարզ ճանապարհով,  հրավիրվել է նիստի ժողով, որի ընթացքում ձեւավորվել է պատվիրակությունը:



Ես տեղյակ չեմ, բացարձակ ամբիցիաներ չունեմ արտերկիր մեկնելու, որի պատճառով էլ շարունակեմ ղեկավարել կամ հրաժարական տալ: Ես չեմ ցանկանում առայժմ մեկնաբանել իմ հրաժարականը»,-մանրամասնեց Կ. Կարապետյանը: Ինչ վերաբերում է մյուսներին, ասաց. «Տեղի է ունեցել փաստ, ես հրաժարական եմ տվել, մարդիկ իմ հրաժարականից հետո դիմում են տվել` երիտմիությունից դուրս գալու»: Այս առնչությամբ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը բավականին ուշագրավ բացատրություն է երեկ տվել. «Խոսել եմ շատ շատերի հետ, ոչ մեկը պատճառաբանություն չունի:



Մի մասը գիտակցաբար, մյուս մասն անգիտակցաբար, մի մասը բանակ, Հայաստանից  գնալու, տարիքի առումով են դուրս եկել»:  Այս  մեկնաբանությանն անդրադառնալով` երիտթեւի նախկին ղեկավարն ասաց. «Չկա մի մարդ, որ չգիտակցված քայլ կատարի: Եթե մարդը  գիտակցաբար մտնում է պայքարի այս հանցավոր ռեժիմի մեջ, եթե մարդը տրվում է զրկանքների, ցանկանում է պետությունում հաստատել ժողովրդավարություն, ապա այս մարդը չի կարող անգիտակից քայլ կատարել: Ես չէի ցանկանա, որ վիրավորանք հասցվեր ՀՀՇ երիտասարդական միությանը:



Ամեն դեպքում, ես այդ երիտասարդներին հորդորել եմ մնալ կուսակցության շարքերում»: Ինչ վերաբերում է  զորակոչվելուն, ապա այդ դեպքում կուսակցությունից  դուրս չեն  գալիս, ըստ կանոնադրության` կասեցվում  է անդամությունը: «Այստեղ էականը երեւույթն է, իմ սիրտը ցավում է երեւույթի համար: Իմ համար մեծ տարբերություն չկա` դուրս եկողը 30  տարեկան է, թե 18: Դուրս եկողը մարդ է, ես կրում եմ  ազատական գաղափարախոսություն, իսկ ազատական գաղափարախոսության հիմքը մարդն է` որպես բացարձակ արժեք: Թեկուզ մեկ հոգի դուրս գա, իմ սիրտը ցավում է»:



Իսկ տարիքի հետ կապված` Կ. Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման կանոնադրական պահանջ չկա, եւ «եթե տարիքը խանգարող հանգամանք լիներ, ես պարզապես չէի առաջադրի իմ թեկնածությունը, դա, կարծում եմ, կլիներ ամենաքաղաքակիրթ ու նորմալ ճանապարհը»: Թեեւ ՀՀՇ-ականները չեն խոստովանում, սակայն ակնհայտ է, որ այս զարգացումը կուսակցությունում առկա լարվածության դրսեւորումն է: Ամեն դեպքում, երիտհհշ-ականից  հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է նրանք կուսակցությունից  ընդհանրապես դուրս գան. «Եթե ես ասեմ, որ հնարավոր է` դուրս գամ, ապա դրան կհետեւեն տարատեսակ մեկնաբանություններ, եթե պատասխանեմ` ոչ, բացառվում է, որ դուրս գամ ՀՀՇ-ից, կթողնեմ ֆանատիկ մարդու տպավորություն: Ես ՀՀՇ անդամ եմ»: Առայժմ: