Հայելի՞ն է մեղավոր

Հայելի՞ն է մեղավոր
Անշուշտ, ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ՀՀՇ վարչության նախագահի եւ անդամների որդիները մեկնել են Բեյրութ՝ ինչ-որ խորհրդաժողովի մասնակցելու: Հաստատ նրանց մեջ կան արժանի երիտասարդներ: Ես, օրինակ, անձամբ համակրում եմ Արամ Մանուկյանի որդուն, որն այն միակն էր, որ համարձակվեց համալսարանում հանդիպման ժամանակ սուր հարցեր տալ Ռոբերտ Քոչարյանին՝ ցույց տալով, որ մեր երիտասարդության մեջ էլ կան համարձակ, սեփական կարծիք ու հայացքներ ունեցող անձինք: Բայց երբ մի քանի օրով Բեյրութ մեկնելը դառնում է ներկուսակցական պառակտման պատճառ եւ կուսակցության նորընտիր վարչությունը չի կարողանում հրաժարվել սեփական զավակներին շրջագայության ուղարկելու գայթակղությունից՝ վտանգելով կուսակցության ներկան ու ապագան, աննախադեպ է: Աննախադեպ է նաեւ այն, որ մեր հրապարակումից հետո ՀՀՇ վարչության նախագահն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե դա «հերյուրանք է»: Այդպես էլ չբացատրելով, թե ինչն է հերյուրանք՝ այն, որ իրենց զավակները մեկնե՞լ են Բեյրութ: Այն, որ կուսակցության երիտթեւում պառակտո՞ւմ կա: Այն, որ ՀՀՇ-ն, լինելով դեմոկրատական կուսակցություն, նույն մեթոդներով է գործում, ինչ իշխանությո՞ւնը: Այն, որ երեսպաշտությունն ու կեղծիքը կերել են բոլորի՞ս: Թվում է՝ ինչ մեծ բան է տեղի ունեցել. մի խումբ երիտկուսակցականներ կուսակցական տոմսի շնորհիվ Բեյրութ են այցելել, մյուսները հրաժարվել են այդ տոմսից, քանի որ զրկվել են Բեյրութ մեկնելու հնարավորությունից, երրորդները փորձում են ձեւացնել, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մենք էլ, ի դեպ, ասում ենք, որ ոչինչ տեղի չի ունեցել, մենք պարզապես լուսաբանում ենք այդ «տեղի չունեցածը»: Պետք չէ նեղանալ հայելուց, եթե այնտեղ երեւացող դեմքը ձեզ բավականություն չի պատճառում: