Ով այստեղ չէ` մտավորական չէ

Ով այստեղ չէ` մտավորական չէ
«Ով այստեղ չէ` մտավորական չէ»: Սրանք խոսքեր են, որ հնչեցին երեկ Կոմիտասի արձանի հարեւանությամբ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքի ժամանակ, որին մասնակցում էին մշակույթի եւ արվեստի մի քանի տասնյակ գործիչներ: Եվ խոսքերի հեղինակն էլ ոչ այլ ոք էր, քան ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Երեկ 100-ից ավելի արվեստագետներ, մտավորականներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, ուր պահանջում են անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` «ի կատարումն ԵԽԽՎ պահանջների, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը»:



Ի սկզբանե հասկանալի էր, որ այս հայտարարության տակ կստորագրեն Օհան Դուրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, Վահե Շահվերդյանը, Երվանդ Մանարյանը, Վահան Արծրունին, Սամվել Սեւադան, Ռուբեն Հախվերդյանը, «Էմփիրեյի» Սարգիս Մանուկյանը, «Բամբիռի» տղաները, Աշոտ Ադամյանը, Կարինե Խոդիկյանը, Տիգրան Խզմալյանը, Լեւոն Խեչոյանը, Լեւոն Ջավախյանը, Արմեն Շեկոյանը, Մարինե Պետրոսյանը, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը (թող մեզ ներեն մնացած մի քանի տասնյակ մտավորականները, որոնց անունները տեղի սղության պատճառով չենք թվարկում):



Հասկանալի էր, որովհետեւ այս մարդիկ թերեւս միշտ են իրենց քաղաքացիական ինքնադրսեւորման մեջ հաստատակամ եղել` կյանքը, ազատությունն ու արդարությունը մտածող մարդու արժեքային համակարգի հիմնասյուներն են:



Ինչպես հայտարարությունը ստորագրողների ցուցակում, սակայն, այնպես էլ բնականաբար երեկվա հավաքին ներկա չէին ստեղծագործական միությունների ղեկավարները: Մեր տեղեկություններով, այդ միություններից առնվազն չորսի նախագահները` Ժուռնալիստների Աստղիկ Գեւորգյանը, Գրողների Լեւոն Անանյանը, Նկարիչների Կարեն Աղամյանը եւ Թատերական գործիչների Հակոբ Ղազանչյանը, հրաժարվել են ստորագրել այս հայտարարության տակ` անկախ հիմնավորումներից եւ վարքի դրդապատճառներից: Իրենց ինքնագրերը խորշել են դնել նաեւ գրական, ինչպես ընդունված է համարել, ժամանակակից եւ առաջադեմ խմբակների ներկայացուցիչները:



Պատճառները կարեւոր չեն, սակայն: Ոմանք սույն վարքը գուցե դրսեւորում են նեղացած լինելու պատճառով (Նիկոլի թերթը ում է խնայել որ), ոմանք` քաղաքական սուբորդինացիայից ելնելով, ոմանք էլ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու կամ, որ ավելի իրատեսական է` կերակրատաշտերից չզրկվելու ազնիվ նկատառումներով: Կարեւորն այն է, որ հայտարարությունը դեռ բաց է, եւ յուրաքանչյուր ոք դեռ կարող է խորհել ալեհեր ժողովրդական դերասանուհու խոսքերի վրա` ով այստեղ չէ, մտավորական չէ, քանի որ մտավորականը ընդդիմություն չէ, այլ ազատության եւ արդարության ջատագով:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ