Ուզում է վերադառնալ, կապ չունի` ում հետ

Ուզում է վերադառնալ, կապ չունի` ում հետ
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որոշել է կրկին պատգամավոր դառնալ ու առաջադրվել Արմավիրի ընտրատարածքում, որտեղ, մեզ հասած տեղեկություններով,  առաջադրվելու են նաեւ գեներալ Մանվելը, նրա քաղաքապետ տղան, գեներալի կինը՝ Նազիկը, ՀՀԿ-ականներ Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ այլն: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իր պաշտպանության տակ չառավ Հակոբյանին, եւ տարածքում հաղթեց Սեյրան Սարոյանը: Ավելի վաղ՝ 2006-ին, Հակոբ Հակոբյանի դեմ քրգործ հարուցվեց, երբ ծեծկռտուք տեղի ունեցավ նրա ու Ռ. Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի միջեւ, եւ իշխանությունը հանկարծ պարզեց, որ իր քաղաքական հենարան համարվող Հակոբ Հակոբյանը թաքցրել է հսկայածավալ հարկեր: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Պարոն Հակոբյան, փաստորեն Ձեր թեկնածությունը դնելու եք մի տարածքում, որտեղ լինելու են գեներալ Մանվելը, նրա որդին, նրա կինը, Հրանտ Գրիգորյանը եւ այլն: Ինչպե՞ս եք պատկերացնում հաղթանակը նման մրցակցության պարագայում:



- Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի իմ հակառակորդը քաղաքական, բայց ես ողջունում եմ, որ լինեն այնքան շատ, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրել նրանց միջից ում կցանկանա: Անձերի հետ կապված տարբերություն չկա, թե ում հետ ես գնում, ովքեր կլինեն: Իմ կարծիքով՝ դա ժողովուրդն ա որոշելու:



- Իսկ ինչո՞ւ եք ուզում նորից պատգամավոր դառնալ: Օրենսդիր աշխատանքին կարոտե՞լ եք:



- Ես ակտիվ քաղաքական գործիչ եմ, դեռ 95թ.-ից եղել եմ քաղաքականության մեջ եւ 8 տարի էլ աշխատել եմ որպես ԱԺ պատգամավոր, ինձ շատ հոգեհարազատ է այդ աշխատանքը եւ ցանկանում եմ աշխատել, որովհետեւ ես հրապարակային գործիչ եմ: Հիմա էլ նույնպես ես աշխատում եմ ժողովրդի հետ եւ էդ աշխատանքն իմ դուրը գալիս է:



- Այդ դեպքում ինչո՞ւ հիմա, երբ պատգամավոր չեք, հրապարակային, քաղաքական գործունեությամբ չեք զբաղվում, պատգամավորի մանդա՞տն է պակասում:



- Ես, ընդհակառակը, զբաղվում եմ: Եթե Դուք հետեւած լինեք իմ գործունեությանը, կտեսնեք, որ ես պարբերաբար տարբեր թերթերի միջոցով, ընդհուպ մինչեւ հեռուստատեսությամբ ելույթ եմ ունենում եւ իմ կարծիքները, իմ մտահոգություններն եմ հայտնում երկրում տիրող իրավիճակների՝ եւ հայ-թուրքական սահմանի, տնտեսական բարեփոխումների հետ կապված, բոլոր այն հարցերի, ինչ որ վերաբերվում ա այսօրվա մեր ժողովրդին եւ մեր պետությանը: Այ հենց հիմա էլ ես հարցազրույց եմ տալիս Ձեզ, դա էլ ա ակտիվ քաղաքական գործունեություն:



- Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ն, որի անդամ եք Դուք, անցած ընտրություններում Ձեզ չպաշտպանեց, եւ Դուք չհաղթեցիք: Այս անգամ հույսեր կա՞ն, որ ՀՀԿ-ն կպաշտպանի Ձեզ:



- Ես մեծամասնական պետք է առաջադրվեմ, եւ պաշտպանելու կամ պաշտպանվելու կարիք մեծամասնականով ընտրվող պատգամավորը չունի: Էն շրջանում, որտեղ որ ես ընտրվելու եմ, շատ բազմակուսակցական թեկնածուներ կան, որ բազմաթիվ են դրանք: Բոլոր կուսակցություններից էլ ներկայացված են մեր մարզում: Էնպես որ, եթե մի կուսակցությունը չպահի, մյուս կուսակցությունները միգուցե նրանք պահեն, որովհետեւ տարբերություն չկա: Եթե շեշտը դնում ենք մի կուսակցության վրա, ես կարծում եմ՝ մի կուսակցություն չի այսօր ՀՀ-ում:



- Ասել է թե՝ հնարավոր է նաեւ Ձեզ ա՞յլ կուսակցություն սատարի:



- Դե բնական ա, որ եթե կան 30-ից ավելի կուսակցություններ, մեկը չսատարի, էն 29-ն էլ հո չի՞ լինի էնպես, որ ոչ մեկն էլ չսատարեն: Եթե ոչ մեկը չի սատարում, բնական ա, դու չես ընտրվի, դա հավասար ա չընտրվելուն: Եվ եթե մինչեւ ընտրությունները նման կարծիք ձեւավորված լինի, ոչ մի խելոք մարդ իր թեկնածությունը չի առաջադրի: Դրված չի խնդիրը, որ կամ մահ, կամ ԱԺ պատգամավոր դառնալու: Երբեք:



- Իսկ նախնական պայմանավորվածություն ունե՞ք որեւէ կուսակցության հետ:



- Իհարկե չունենք այսօրվա դրությամբ որեւիցե մի կուսակցության հետ, որովհետեւ դեռ բավականին ժամանակ կա: Պարզապես ժողովրդի հետ իմ հանդիպումների ժամանակ մարդիկ երբ հարցնում են՝ իմ թեկնածությունն առաջադրելո՞ւ եմ, ես պատասխանում եմ՝ այո: Ես էլ չեմ կարող սուտ խոսամ կամ ինչ-որ ձեւական բնույթի պատասխաններ տամ՝ կտեսնենք: Ես միանշանակ ասում եմ՝ այո, թեկնածությունս առաջադրելու եմ: Իսկ քաղաքական քննարկումներ դեռ չկա, դեռ չի եղել: Կարծում եմ՝ դեռ շուտ է:



- Պարոն Հակոբյան, սակայն Ձեր իսկ մարզից մի խումբ քաղաքացիներ դժգոհում էին կառավարության առաջ, որ Դուք ապօրինի շահագործում եք իրենց գյուղի ավազի հանքերը...:



- Երբեւիցե մենք ավազի հանքեր չենք ապօրինի շահագործել: Մեր շահագործած հանքն օրինական է, ունենք լիցենզիաներ: Էնպես որ, եթե իրավապահ մարմինները հետաքրքրվել են, մենք բոլոր փաստաթղթերը, լիցենզիաները ներկայացրել ենք: Ոչ թե ես, այլ իմ ձեռնարկությունների մասին է խոսքը:



- Դուք ասացիք, որ դեռ իշխանության կողմից համաձայնություն չկա Ձեր առաջադրման հետ կապված, հնարավո՞ր է այս անգամ եւս ՀՀԿ-ն այլ թեկնածու ունենա, եւ հիշեն հայտնի քրեական գործը Ձեր դեմ:



- Այո, քրգործը հարուցել են իմ դեմ, ես ասել եմ, որ այո, ես կատարել եմ արարք, ես մարդուն հարվածել եմ, իմ ձեռնարկությունները եղել են այնպիսին, որոնք հարկեր չէին վճարել այն ժամանակ, եւ ամբողջությամբ, տուժ-տուգանքով մենք վճարել ենք: Էնպես որ, ես համարվում եմ ՀՀ իշխանությունների կողմից խստորեն ստուգված մարդկանցից մեկը:



- Ճի՞շտ է, որ Դուք 1,5 մլն դոլար վճարել եք, որ այդ գործը փակվի:



- Ես, որպես Հակոբյան Հակոբ, ոչինչ չեմ վճարել: Վճարումները կատարել են այն ձեռնարկությունները, որոնք թաքցրել են պետության հարկերը, եւ ՀՀ օրենքն էլ նախատեսում է տուժ-տուգանքով գանձումներ, եւ գանձել են:



- Ձեր դեմ հարուցված քրգործից հետո Դուք Ձեր ունեցվածքի մի մասը կորցրիք, հնարավո՞ր է պատգամավորական մանդատը Ձեզ պետք է, որ «տանիք» լինի, եւ Դուք վերականգնեք Ձեր հարստությունը:



- Ես բավական հարուստ եմ, եւ իմ տարիքն էլ արդեն էն տարիքն ա, որ ես այսօր մտածում եմ ոչ թե հարստության մասին, այլ մտածում եմ առաջին հերթին իմ անունի մասին: Ինձ ի՞նչ տվեց մանդատը, երբ իմ նկատմամբ սկսեցին գործունեությունները: Ես սովորական քաղաքացու նման ստուգվեցի, ավելի խիստ, քան թե կստուգվի որեւիցե մեկը: