Կրակող զինվորն իրեն մեղավոր է ճանաչել

Կրակող զինվորն իրեն մեղավոր է ճանաչել
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է նույն միջադեպի վիրավորներից մեկը՝ 1991թ. ծնված, «Եզդի» մականունով հայազգի Մանվել Հազրոյանը: Ինչպես մեզ փոխանցեց ՊՆ քննչական բաժնի մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը, նրան առաջադրվել է մեղադրանք  քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ երկու եւ ավելի անձանց սպանության համար, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ երկու եւ ավելի  մարդկանց սպանության փորձի համար, եւ 365 հոդվածի առաջին մասով՝ մարտական ծառայությունը կրելու  կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հազրոյանը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Ինչպես փոխանցեց Մերի Սարգսյանը, նա առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել:



Հիշեցնենք, որ այս միջադեպի հետեւանքով սպանվել էին չորս ժամկետային զինծառայողներ՝ Լեւոն Սոսի Եսայանը (1991 թ., Տավուշի Բերդ քաղաք), Ներսես Վարդանի Գալոյանը (1991 թ., Շիրակի մարզ, Սարդարապատ գյուղ), Նարեկ Վարդանի Սահակյանը (1990 թ., Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից), եւ 1991թ. Ղարաբաղում ծնված  Նվեր Մարտիկի Սարգսյանը:  Տարբեր հրազենային վնասվածքներ էին ստացել չորս  զինծառայող, որոնցից մեկը նույնպես ղարաբաղցի է՝ 1992 թ. ծնված Մասիս Մավրիկի Գրիգորյանը: Խաչիկ Սարգիսի Ալեքսանյանը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է, Սարգիս Հակոբի Մելքումյանը՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից, եւ Մանվել Հազրոյանը՝ Արմավիրի Նալբանդյան գյուղից:



Նախաքննությունը շարունակվում է, միջադեպի պատճառների վերաբերյալ մանրամասներ ՊՆ-ից չտրամադրեցին: Իսկ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ զինվորների միջեւ վիճաբանությունը ծագել է «CD player»-ի կտրված լարերի պատճառով: Իբր չեն կարողացել պարզել, թե ով է այն կտրել, վիճաբանությունը շարունակվել ու թեժացել է դիրքերում, իբր հայհոյել են լարերը կտրողին, ինչն էլ իր վրա է վերցրել Հազրոյանը, ու սկանդալն ավարտվել է կրակահերթով: Իհարկե, սա՝ խոսակցությունների մակարդակով: Խոսակցություններ կան, թե փորձաքննությամբ պարզվել է, որ լարերը ոչ թե մարդու կտրած են, այլ շան կրծած:



Անկախ նրանից, թե ով է փչացրել այս տեխնիկան` մարդը թե շունը, սարսափելի է անգամ  մտածել, որ նման մանրուքի շուրջ ծագած «ռազբորկան» կարող է «լուծում» ստանալ չորս զոհով եւ նույնքան վիրավորով: Հիշեցնենք, որ Մանվել Հազրոյանին գտել էին մարտական հենակետից 150 մետրի վրա ընկած, չորս տեղից կրակած: Նա փորձել է ինքնասպան լինել կամ ինքնասպանության իմիտացիա անել, սակայն կենդանի է մնացել: Դեպքի երկրորդ օրը վիրավորներից միայն Սարգիս Մելքումյանին էին տեղափոխել Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:



Վերջինս, ձախ ձեռքի բազմաբեկորային կոտրվածքից բացի, հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, վնասվել էր աջ թոքը: Մյուսները բուժում են ստանում Ղարաբաղի հոսպիտալում: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցել էր Սարգիս Մելքումյանի հայրը, կրակող Մանվել Հազրոյանն իր որդու մանկության ընկերն է, նրանց միջեւ մինչ այդ տարաձայնություն չի եղել: Սարգիսի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար երեկ դարձյալ զանգահարեցինք հորը՝ Հակոբ Մելքումյանին: Վերջինս ասաց,  որ միայն տեսել է որդուն, չի կարողացել խոսել հետը, քանի որ ի վիճակի չի եղել խոսել: Հոր փոխանցմամբ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն: Փոխանցեց նաեւ, որ այս երկու օրվա ընթացքում ոչինչ չի լսել ու տեսել, տեղեկություն չունի անգամ գործի ընթացքից: