Դատավորը մարդ է ծեծել, ապա ծեծվածին բռնել տվել

Դատավորը մարդ է ծեծել, ապա ծեծվածին բռնել տվել
Նոյեմբերի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը՝ Ստեփանավանի բնակիչ Աշոտ Հարությունյանը, նոյեմբերի 9-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։



2010 թվականի նոյեմբերի 8-ին Աշոտ Հարությունյանն իր ծանոթի հետ տուն վերադառնալիս է եղել, ճանապարհին կանգնեցրել է մեքենան եւ մտել խանութ, որտեղ եւ հանդիպել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Արման Թովմասյանին։ Աշոտ Հարությունյանի հոր՝ Սամվել Հարությունյանի պատմելով, դատավորը երկար նայել է իր տղային, եւ տղան դատավորին հարցրել է՝ ծանո՞թ են իրենք։ Հայտնի չէ, թե ինչն է վրդովեցրել դատավորին, որն Աշոտին առաջարկել է դուրս գալ խանութից եւ մեքենան քշել իր ետեւից։



Աշոտ Հարությունյանի մեքենայում է եղել նաեւ մի աղջիկ՝ Նունե Պառավյանը, որն այս գործով միակ վկան է: Դեպքի մանրամասները պատմում է վկան. «Աշոտն իր ետեւից քշեց, դատավորը մտավ դատարանի վառոտներից ներս, մենք էլ՝ իր ետեւից։ Դատավորն իջավ իր մեքենայից, Աշոտն էլ իջավ: Այնտեղ, բացի դատավորից, երեք հոգի կանգնած՝ արդեն սպասում էին, հավաքվածներից միայն մեկն էր ոստիկանական համազգեստով։ Հեռվից ես լսում էի, որ նրանք բարձրաձայն վիճում էին, բայց խոսակցությունը չէր հասկացվում։ Երբ տեսա, որ շատ բարձրաձայն են վիճում, դուռը բացեցի ու Աշոտին ասացի, որ ինձ տուն տանի։ Աշոտը նրանց ասաց, որ ինձ պետք է տուն տանի, նրանք էլ ասացին. «Դե երեք րոպեից կգաս»»։



Սակայն աղջիկը, վտանգ զգալով, չի իջնում մեքենայից եւ Աշոտի հետ ետ է գալիս «ռազբորկայի» վայրը։ «Երբ նորից եկանք, մեկը մոտեցավ Աշոտին ու ասաց՝ իջի, Աշոտը հարցրեց, թե արդյոք չի՞ նկարահանվում դատարանի դիմացը, ասացին՝ չէ։ Դատավորի հետ 4 հոգի էին։ Հետո տեսա կռվում են, խփեցին, Աշոտին գցեցին գետնին ու ոտքերով ու ձեռքերով լավ ծեծեցին, չորսն էլ խփում էին, դատավորն էլ՝ հետները։ Վախից դուրս եկա մեքենայից ու ասացի՝ վերջացրեք, թե չէ հիմա ոստիկանություն կկանչեմ, իմ ասելուց հետո իրենք դադարեցրեցին, բայց Աշոտին լավ ծեծել էին։ Երեսին, մեջքին եւ կապտուկներ, եւ քերծվածքներ կային, շորերը ցեխոտ էին, պատառոտված»,- պատմում է Նունեն։



Հաջորդ օրն իսկ Ստեփանավանի ոստիկանները ներխուժում են Աշոտ Հարությունյանի բնակարան, առանց ներկայանալու եւ կալանքի որոշումը ներկայացնելու նրան կալանավորում եւ տանում են Ստեփանավանի ոստիկանություն:



«Ես ուղղակի ապշած եմ, դատավոր Թովմասյանը, լինելով օրենքի մարդ, որ ինքը պետք է կանխեր միջադեպերը, հրահրել է: Ես գնացել եմ, խանութում հարցրել եմ, ասել են, որ վեճ չի եղել, դուրս են եկել խանութից: Եթե տղաս մեղավոր էր, թող օրենքով պատժեր։ Ընդունենք տղաս հանցանք էր արել, թող զանգեր ոստիկանություն, գային ձերբակալեին։ Կամ՝ երկրորդ անգամ իրենք 10 րոպե ժամանակ են ունեցել մինչ տղաս հետ կգար, ինչի՞ չեն զանգել միլիցիա, թե՞ իրենց նպատակը եղել է քցեն քացու տակ՝ 4 հոգով թուրքի շան նման ջարդեն։



Եվ եթե Նունե Պառավյանը մեքենայից դուրս չգար, չճչար, ի՞նչ կլիներ իմ տղայի վիճակը, նույնիսկ Նունե Պառավյանին են փորձել ահաբեկել: Միթե դա օրենքի մարդուն վայել բան է»,-հարցնում է տուժածի հայրը՝ Սամվել Հարությունյանը։ Հոր խոսքով՝ տղայի ստացած մարմնական վնասվածքները հաստատել է նաեւ դատական բժիշկը: «Տղայիս մայկան ինչի՞ պետք է հողի ու ցեխի մեջ կորած լիներ, չէ՞ որ դա ապացույց է, որ քացու տակ են ջարդել»,- ասում է հայրը:



Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի բաժանմունքի պետ Արման Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ա. Հարությունյանին մեղադրանքն  առաջադրվել է  դատավորի եւ դատական կարգադրիչների դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ էլ Աշոտ Հարությունյանը բռնություն է կիրառել։ «Իսկ այն մարդիկ, ովքեր Աշոտին ծեծել են, չե՞ն ձերբակալվել» հարցին Արման Գալստյանը հարցով պատասխանեց. «Դուք ունեք նման տեղեկատվություն, որ նրա հանդեպ բռնությո՞ւն է գործադրվել»։ «Եթե մարդը ներխուժում է այնպիսի տարածք, որտեղ որեւէ մեկն իրավասություն չունի, պետք է դատական կարգադրիչները նրան հանեին այդտեղից»,- դատարանի բակում տեղի ունեցած ծեծին բացատրություն է տալիս Արման Գալստյանը։ Դատարանի բակը տեսանկարահանվում է. տեսաժապավենը «կնայենք, կտեսնենք, բազմակողմանի կքննենք»,- ասում է պետը։



Այդ դեպքում պարզ չէ, թե ինչու խափանման միջոց կալանքն ընտրելու դատական քննության ժամանակ դատարանին չի ներկայացվել այդ տեսաժապավենը, այլ միջնորդությունը հիմնավորել են դատարանի աշխատակիցների ցուցմունքներով: Այս գործի հիմքում դրվել է նաեւ այն հանգամանքը, որ հոկտեմբերի 28-ին դատավոր Թովմասյանը ի վնաս Հարությունյանների վճիռ է կայացրել՝ վարկը չմարելու հետ կապված:



Այս միջադեպը փորձել են ներկայացնել որպես վճռի պատճառով վրիժառության փորձ, ինչը Սամվել Հարությունյանը հիմնովին ժխտում է. «Դա բացարձակ պատճառ չէ, կան արձանագրություններ, վկաներ, որ մենք նույնիսկ չենք առարկել, ինչի՞ պետք է վատ տրամադրվեինք դատավորի հանդեպ, մանավանդ, որ տղաս՝ Աշոտ Հարությունյանը, ոչ մի անգամ չի մասնակցել դատավարությանը: Մենք բոլորս էլ գիտենք, որ եթե բանկից փող ենք վերցրել, պետք է վաղ թե ուշ վերադարձնենք»։ Մենք փորձեցինք անպայման լսել նաեւ դատավորին եւ այդ պատճառով մոտ մեկ շաբաթ ուշացրեցինք հրապարակումը: Սակայն դատավորը չհամաձայնեց ոչ հանդիպել, ոչ էլ անգամ հեռախոսով զրուցել մեզ հետ: