Կռուտոյների ժամանակը

Կռուտոյների ժամանակը
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ծանր վիճակում է հայտնվել՝ նա իր վրա է վերցրել պետության քարոզչության բեռը: Երեկ նրա տարածած 2 հաղորդագրությունները բացարձակապես չէին տեղավորվում իր պաշտոնի իրավասությունների շրջանակներում: Դրանք քաղաքական հայտարարություններ էին: Մեկում նա անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանին պատժախուց տեղափոխելուն եւ կոչ էր արել «զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն. Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ եւ պարզ գործառույթը քաղաքականացնելուց»: Մյուսում անդրադարձել էր երեկ բանտից ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանին եւ նկատել, որ քաղաքական ուժերի հայտարարությունները, «թե իբր դատապարտյալ Մ. Սաղաթելյանն ազատ է արձակվել քաղաքական ինչ-ինչ «ճնշումների» արդյունքում` հիմնազուրկ է, քանզի հիշյալ գործընթացը բացառապես պայմանավորված է եղել իրավական հստակ կարգավորումներով», մասնավորապես՝ «կարգապահական տույժի բացակայությամբ»: Մի կողմից սա զգուշացում է, թե՝ Նիկոլին ազատ չենք արձակելու՝ հույս չունենաք: Մյուս կողմից հայտարարություն է, թե՝ մենք անկոտրում ենք եւ ձեր ակցիաների վրա թքած ունենք: Անշուշտ, Արսեն Բաբայանը փոքր մարդ է, որ ինքնուրույնաբար նման քայլեր ձեռնարկի, եւ այս հաղորդագրությունները բոլորովին այլ վայրում են գրվել: Բայց հաթաթաների մեթոդն ու «կռուտոյ տղերքի» պահվածքը պետությանն ու պետական այրերին չսազող դրսեւորումներ են: Նորմալ պետություններում հենց հասարակությունն է կողմնորոշում պետական կառույցներին, եւ բոլորովին ամոթալի չէ, երբ հասարակական կարծիքը հաղթում է: