Վերջին ժամանակների ամենամեծ հրդեհը

Վերջին ժամանակների ամենամեծ հրդեհը
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:40-ին մեծ հրդեհ է բռնկվել Մաշտոց եւ Կորյուն փողոցների հատման անկյունում գտնվող սեփական տներում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է նաեւ կողքի տներում՝ սեփականատերերին մեծ վնասներ պատճառելով: Այրվել է 14 բնակարան: Ըստ այրված տներից մեկի սեփականատիրոջ, հրդեհը հնարավոր է եղել մարել միայն գիշերվա ժամը 3-ի սահմաններում: Որոշ տներ այրվել են ամբողջությամբ, մյուսները՝ մասամբ: Շատ ընտանիքներ մնացել են դրսում: Կորցրել են ամեն ինչ՝ բնակարանը, գույքը: Երեկ երեկոյան տարածքը դեռ մաքրված չէր: Տանտերերն իրենց չայրված իրերն ու գույքն էին դուրս բերում տներից, իսկ որոշ բնակարաններում ամեն ինչ այրվել էր, փլվել էր անգամ տանիքը: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:



Այրված տներից մեկի սեփականատեր Ռուդիկ Սաֆարյանը պատմեց, որ հրդեհը նկատել են հանկարծակի. «Աղմուկ եղավ, երբ դուրս եկանք, տեսանք մեծ բոցը: Զանգահարեցինք հրշեջ ծառայություն, բայց ուշ եկան, մոտ կես ժամ հետո: Շլանգները պահեցին, բայց 10 րոպեից ջուրը վերջացավ: Հետո ուրիշ մեքենաներ եկան ու սկսեցին կրակը մարել: Բոցն այնքան մեծ էր, որ չէին կարողանում մարել, ավելի էր տարածվում: Մի քիչ հետո անցավ կողքի շենքին: Ամբողջ Երեւան քաղաքը հավաքվել էր ստեղ: Մարդիկ ասում են, որ մոտ 25 հրշեջ մեքենա էր եկել»:



Տուժած բնակիչները պնդում էին, որ եթե հրշեջները ժամանակին գային, վնասն այդքան մեծ չէր լինի: Գիշերը, հրդեհի ժամանակ դեպքի վայր են մեկնել նաեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Ներսես Նազարյանը, մեծ թվով ճանապարհային ոստիկաններ: Այնտեղ հավաքված մարդիկ, հարեւաններն ասում էին, որ սա վերջին տարիներին Երեւանում բռնկված ամենամեծ հրդեհն էր: Հրդեհը որոշ չափով մարել հաջողվել է միայն ժամը 1:30-ին. «Գիշերը 3-ի սահմաններում մարեց: Սակայն առավոտյան էլի ծուխ էր գալիս»:



Հրդեհը մարելուց հետո, սակայն, 2 հրշեջ մեքենա մնացել էր դեպքի վայրում: Հրդեհի բռնկման պատճառը դեռ պարզ չէ, սակայն նախնական վարկածով այն առաջացել է գազի բալոնի պայթյունից: «Դե ոչ ոք չգիտի, թե ինչից ա բռնկվել հրդեհը: Տարբեր պատճառներ կարող է լինել: Կարող է էլեկտրաէներգիայից լինի, գազից լինի: Ասում են՝ գազից ա եղել: Էս տարածքում բոլորը բալոնով գազ են օգտագործում»,-ասաց Ռուդիկ Սաֆարյանը: «Իսկ դիտավորյալ հրդեհելու տարբերակը հավանակա՞ն եք համարում» հարցին նա պատասխանեց. «Դիտավորյալ հրդեհելու տարբերակը բացառում եմ: Ոչ ոք չի կարա ասի, որ դիտավորյալ են արել: Դժվար նման բան անեին»:



Երեկ օրվա ընթացքում դեպքի վայրում աշխատել են արդարադատության նախարարության փորձագետները, սակայն դեռ պարզ չէ, թե որքանով է փոխհատուցվելու բնակիչների կրած վնասը: «Հա, եկան նայեցին, գնահատեցին ու գնացին: Բայց դեռ պարզ չի՝ կփոխհատուցեն վնասը, թե ոչ»,- ասաց Ռուդիկը: «Մնացինք փողոցում, բոմժ դարձանք»,-լացակումած ասում էր տնից զրկվածներից մեկը: