Պետպատվերը գերազանցել ենք, քանի որ մարզերից հիվանդներ ենք ընդունում

- Պարոն Ադամյան, քաղաքացին գրել էր, որ վերջին ստուգումների ժամանակ հայտնաբերվել է բուժհիմնարկի կողմից պետությանը հասցված 24 մլն դրամի վնաս՝ հարկային տեսչությունը 6 մլն դրամի տուգանք է նշանակել:
- Մեկը մյուսի հետ առնչություն չունի, այդ 24 մլն դրամը մենք ոչ թե պետությանը վնաս ենք տվել, այլ 24 մլն դրամի մենք լրացուցիչ՝ բազային ծավալից ավելի հիվանդ ենք ընդունել, այն դեպքում, երբ պետությունն այդ գումարները մեզ չէր հատկացնելու: Ինչ վերաբերում է 6 մլն-ին, այո, իսկապես հարկայինը մանրակրկիտ ստուգումների արդյունքում պարզել է, որ 2 տարվա կտրվածքով մենք 6 մլն դրամի հարկային պարտավորություններ չենք ներկայացրել։ Դա հիմնականում կենսաթոշակային ֆոնդի հետ կապված գումարներն էին։
- Աշխատավարձի ֆոնդում տնտեսումներ կատարելու նպատակով՝ արձակուրդից վերադարձածներին, ասում են, նորից եք ուղարկում արձակուրդ, սակայն՝ չվճարվող:
- Այո, եղել են այդպիսի դեպքեր, իրենք իրենց կամքով դիմում են գրել, պարզապես, քանի որ մենք շատ ծախսեր ենք կատարել լրացուցիչ հիվանդ ընդունելու համար, քանի որ մենք համոզված էինք, որ պետությունը մեզ այդ գումարները չի տալու, այնուամենայնիվ, որոշակի կոմպենսացիայի համար, ժողովով այդ մարդկանց առաջարկել ենք, իրենք էլ համաձայնության են եկել, եւ որեւէ մեկը չի դժգոհել:
- Ասում են, որ մեկուկես ամիս առաջ տասը բուժքույրերի կրճատման համաձայնագիր եք ստորագրել տվել, որոնք մեկ շաբաթից գործազուրկ են դառնալու: Ի՞նչն է եղել կրճատման պատճառը:
- Այո, կրճատվողները հիմնականում ակնաբուժական եւ «ԼՈՌ» բաժանմունքի բուժքույրերն են: Հիվանդանոցը մնացած բաժանմունքների հաշվին երկար տարիներ այս երկու բաժանմունքը պահել է, որտեղ հիվանդներ չկան։ Այս տարի մենք ունեինք «գոտիները ձգելու» խնդիր, եւ այդ պատճառով լրացուցիչ բեռ չվերցրեցինք։ Դրանք ուղղակի անօգուտ հաստիքներ էին։
- Տեղյակ ենք, որ կայացել է փակ ժողով, որի ժամանակ ասել եք, թե այս կրճատումները հետեւանք են պետպատվերի չարաշահումների:
- Մենք կարող էինք այդ 24 մլն-ն չգերազանցել՝ հիվանդ չընդունելով, բայց քանի որ մեր հիվանդանոց մեծ քանակությամբ հիվանդներ են գալիս տարբեր մարզերից եւս, այդ հիվանդներին մենք պարզապես չընդունել չէինք կարող: Կամ այդ հիվանդներին չպետք է ընդունեինք, կամ էլ թե չէ պետք է կարողանայինք ներքին ռեզերվների տնտեսումներ անել. եթե ներքին ռեզերվներում կարողանում ենք տնտեսումներ անել, ինչի՞ չանենք։
- Ասում են՝ հիվանդանոցի աշխատակազմի կեսը Ձեր ծանոթ-բարեկամներն են, եւ հիվանդանոցում «փեսա-զոքանչ» իրավիճակն է տիրում:
- Մենք ունենք 173 աշխատակից, եւ եթե բոլորն էլ իմ բարեկամները լինեին, ես ժառանգական եւ ազգակցական տեսակետից ահագին հարուստ մարդ կլինեի։
- Խոսակցություն կա, որ հիմա էլ Ձեր կնոջն եք ուղարկել Երեւան՝ վերապատրաստման:
- Ուրեմն՝ կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետ մեր քաղաքում չկա կամ եթե կա, ընդամենը մեկն է, ինձ մասնագետ էր անհրաժեշտ, եւ ես ուղարկել եմ, այո, հենց իմ կնոջը։
- Ճիշտ է, որ ձեռք բերված դեղորայքի մեծ մասը ժամկետանց է, սարքավորումները` կիսատ-պռատ, որպեսզի դրանց շտկման համար կրկին գումարներ դուրս գրվեն:
- Եթե մենք կոմպյուտերային տոմոգրաֆը նվեր ենք ստանում Բոստոնի իմ ընկերներից, եւ այդ ապարատը, հասնելով այստեղ, ճանապարհի խոնավության պատճառով որոշակի փչացած սարքեր ենք փոխում՝ մոտ 150 եվրոյի չափով, եթե գտնում եք, որ 300 հազար ԱՄՆ դոլարի ապարատի վրա 150 եվրոյի ծախս անելու իրավունք չունենք… Ինչ վերաբերում է ժամկետանց դեղորայքին, ապա դրա առաջին թշամին ես եմ, եւ մեզ մոտ ժամկետանց դեղորայք մուտք չի գործում։
- Ժամը 17։00-ից հետո հիվանդներ չեք ընդունում: Այդպե՞ս է:
- Սա արդեն ծիծաղի է արժանի, որովհետեւ հիվանդանոցն աշխատում է շուրջօրյա։ Ընդունում ենք այնքան, ինչքան գալիս են։
- Վճարովի հիվանդասենյակներում չկա տաք ջուր, սառնարան, հեռուստացույց, եւ չնայած դրան՝ գները մայրաքաղաքային են՝ 15 հազար դրամ:
- Մեր վճարովի պալատները 3 եւ 5 հազար դրամ արժեն, իսկ ինչ մնում է սառնարաններին, գնացեք նայեք ու ինքներդ համոզվեք։ Տաք ջուր՝ այո, չկա, եթե ես տաք ջուր միացնեմ, գները շատ կտրուկ կբարձրանան, որին ժողովուրդը պատրաստ չէ։ 15 հազար դրամը մեկ օրվա բուժման ծառայության վճարովի գինն է։
Կարծիքներ