Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեն այս մանկամիտ մեծ տղային

Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեն այս մանկամիտ մեծ տղային
Քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ավարտեց ծառայողական քննությունը եւ տվեց  համաձայնություն ինձ աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, մինչդեռ քննություն պետք է անցկացվեր մեկ ամսվա ընթացքում: Մեկուկես տարվա ընթացքում վերջապես գյուղատնտեսության նախարարին հաջողվեց լուծել գյուղատնտեսության նախարարության ամենաառաջնային ու գլխավոր հարցը՝ կատարել գլխավոր առաջադրանքը: Մեծ դժվարությամբ յուրացրեց մարդուն ծուղակը գցելու եւ դրանից օգուտով դուրս գալու արհեստը:



Սակայն այդքանով հանդերձ չհաղթեց, հաղթած կլիներ այն դեպքում, եթե ես ընդունեի իր առաջարկները եւ աշխատեի ոչ թե իրավական նորմերով, այլ իր ցանկություններով ու պրինցիպներով եւ կարճ ժամանակում տեսուչների հետ հայտնվեի ճաղերի ետեւում: Նրան հաջողվեց ինձ հեռացնել ասպարեզից ոչ ազնիվ ու բարոյական ճանապարհով. ինձ մեկուսացրեց, ստուգումների գործը հանձնարարեց ուրիշի, այնուհետեւ մեղադրանք ներկայացրեց վարչապետին, որ ես իմ պարտականությունները պատշաճ չեմ կատարել: Ես այդ մասով իմ պարտականություններն ընդհանրապես չեմ կատարել:



Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման մեջ նշված «պարտականություններն անհարգելի չկատարելու» որակումը ճիշտ է: Եթե ես ժամանակին, օրենքով սահմանված կարգով մեկուսացման մասին տեղեկացնեի վարչապետին եւ Քաղաքացիական ծառայության խորհրդին, չկատարելն անհարգելի չէր դիտվի: Ու թեեւ Քաղծառայության խորհուրդը տվել է իր համաձայնությունն ինձ աշխատանքից հեռացնելու մասով, սակայն դատարան չեմ դիմելու, Քաղծառայության խորհուրդը իրավական դաշտում ճիշտ է, ես չեմ կատարել իմ պարտականությունը եւ սահմանված կարգով չկատարելու խոչընդոտի մասին ժամանակին տեղյակ չեմ պահել վարչապետին ու Քաղաքացիական ծառայության խորհրդին:



Համոզված եմ, որ եթե իրավական հարթությունում հնարավոր լիներ պաշտպանել քաղծառայողին, դա խորհուրդը կաներ: Ես լավ եմ ճանաչում եւ հարգում եմ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին ու անդամներին եւ խորհրդին ավելի եմ հավատում, քան դատական համակարգին: Իսկ ժամանակին չդիմելու պատճառը կոնֆլիկտից հոգնած գործընկերներիս հորդորն էր: Ստացվեց, որ ես՝ ՀՀԿ անդամս, վատ աշխատող քաղաքացիական ծառայող եմ: Դեռ կուսակցական տույժ չեմ ստացել, բայց կարծում եմ՝ կանդրադառնան այդ հարցին եւ հավանաբար ինձ կհեռացնեն կուսակցությունից:



Ես էլ կզբաղվեմ ֆերմերությամբ, ՀԿ-ների հետ աշխատելով: Ատեստացիային պատրաստվելու փոխարեն կպատրաստվեմ այս նույն պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին, եթե անցնեմ ու նշանակվեմ` կաշխատեմ, եթե ոչ՝ կպատրաստվեմ 2012 թ. ընտրություններին: Ինչպես ցանկացած, այնպես էլ այս որոշման մեջ  քաղաքականության մաս կա, նշանակում է՝ ինձ մատաղ արին ՕԵԿ-ի՝ ընտրողների աչքում ուժեղ երեւալուն: Ինչքան էլ մատաղ անեն, միեւնույն է, ոչ որեւէ մեռած աստված կկենդանանա, ոչ էլ առավել եւս որեւէ մեռած քաղաքական ուժ հարություն կառնի: Հարություն առնելը Քրիստոսի մենաշնորհն է:



Մեր ժողովուրդը մեռելապաշտ չէ, եւ 2012 թ. ԱԺ ընտրությունների արդյունքները դա կհաստատեն: Մեղք է գյուղատնտեսությունը, հատկապես նախարարության աշխատակազմը, որին պետք է աշխատեցնել արդյունավետ, մրցունակ, դրսից փող բերելուն միտված ծրագրեր մշակելու ուղղությամբ, ինչպես դա արվում էր նախարարներ Դ. Զադոյանի եւ Դ. Լոքյանի ժամանակ:



Լենինյան միտքը՝ «խոհարարը կարող է կառավարել երկիրը», երբեք ուղղակի չեմ ընդունել, երեւի սխալվել եմ, այս նախարարի գոյությունն ապացուցում է լենինյան մոտեցման ուղղակիությունը, չլիներ սա, մենք սկսած բարեփոխումները, որի համար հիմա ջանք են գործադրում կառավարությունում,  ավարտած կլինեինք: Չեմ հասկանում, թե հանուն ինչի ու մինչեւ երբ պետք է հանդուրժեն այս մանկամիտ մեծ տղային: Ես կուզեի, որ քաղաքացու հետ ամեն օր առնչվող պետական կառույցները մարդկանց վերաբերվեին այնպես, ինչպես մեր տեսչությունում: Ես կուզեի, որ տեսչության հետ առնչվող տնտեսվարող սուբյեկտների մոտ հարցում անցկացնեին, նայեին միջազգային կազմակերպությունների տված գնահատականները եւ նոր գնահատեին տեսչության ու տեսչության պետի աշխատանքը: Ես նախարարությունից գնում եմ հետ գալու հաստատ մտադրությամբ:



Վռամ ԳՅՈւԼԶԱԴՅԱՆ