Արցախցիներն ի՞նչ սպասելիքներ ունեն Աստանայից

Արցախցիներն ի՞նչ սպասելիքներ ունեն Աստանայից
Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովում հեթրական անգամ կչարչրկեն ղարաբաղյան խնդիրը։ Ընդհանրապես, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ այս եւ նմանատիպ մյուս ներկայացումներից արցախցիները, մեղմ ասած, ալերգիա ունեն, բայց, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե Արցախի հասարակական-քաղաքական գործիչները, հասարակ քաղաքացիները ինչ սպասելիքներ ունեն այդ գագաթաժողովից։



Աշոտ Սարգսյան (հասարակական-քաղաքական գործիչ) - Նման հանդիպումներից ոչ մի սպասելիք չունեմ եւ ոչ մի լավ բան չեմ սպասում, որովհետեւ եթե նրանք ուզում են իբր հակամարտություն լուծել, բայց հակամարտող հիմնական կողմերից մեկը, այսինքն՝ Արցախը չի մասնակցում նման բանակցություններին ու հանդիպումներին, չի կարելի լուրջ բան սպասել։ Առանձնապես, երբ Արցախն այս կամ այն կերպ բազմիցս հայտնել է, որ չի ընդունում այդ Մադրիդյան սկզբունքները։ Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը, որտեղ գերակայող հիմք է ընդունվել տարածքային ամբողջականությունը, ոչ միայն վկայում է, որ ռազմական բլոկը եւս սկսել է զբաղվել քաղաքականությամբ, այլեւ ցույց է տալիս, որ այնքան էլ հակված չեն հաշվի առնելու մեր տեսակետը։ Իսկ ընդհանրապես, ինչ որոշում էլ կայացվի այդ կամ մի այլ գագաթաժողովում, նախ՝ ոչ ոք չի կարող դրանք զոռով պարտադրել մեզ, երկրորդ՝ Հայաստանը երբեք նման փաստաթղթի տակ ստորագրություն չի դնի։



Մասիս Մայիլյան (ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ) - Աստանայում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որեւէ ճակատագրական փաստաթուղթ չի ընդունվելու։ Դրա համար նախադրյալներ չկան։ Իմ կարծիքով, ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարները հայտարարություն կընդունեն հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Ըստ իս, այսօր Արեւմուտքի կողմից՝ Կոսովոյի, Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպով նպաստավոր պայմաններ են ստեղծվել ԼՂՀ ճանաչման համար։



Գայանե Դանիելյան (աշխատում է մասնավոր ընկերությունում) - Ո՞վ է գլուխ դնում այդ հանդիպումներին։ Ես կարծում եմ, որ մեր հարցն արդեն լուծել ենք, հետո էլ, եթե լուծելու բան է մնացել, կախված է միայն մեզնից՝ Արցախից ու Հայաստանից։ Այսինքն՝ մեր իշխանությունները պիտի այնպես անեն, որ մեզ մոտ օրենքը գերակայող լինի, որ արդարությունը կախված չլինի պաշտոնյաների հեռախոսազանգից, որ մարդը, քաղաքացին հարգված լինի մեզ մոտ եւ օրենքով պաշտպանված։ Դրան ավելացրած, որ սոցիալական խնդիրները գնալով ոչ թե պիտի ավելանան, այլ վերջնական լուծում ստանան, որպեսզի մարդիկ չթողնեն, գնան Ռուսաստան։



Արամ Հարությունյան (գործազուրկ) - Ինձ ոչ մի Աստանա-մաստանա չի պետք։ Մեր երկիրը, մեր հողերը ազատագրել ենք՝ կարծելով, թե պրծավ, բոլոր հարցերը լուծել ենք, ազատ ենք, անկախ ենք... Բայց երբ գործ չկա, աշխատանք չկա, աշխատատեղ չկա, որ մարդ աշխատի եւ իր տունը պահի, այդ Աստանան ինձ ի՞նչ պիտի տա, որ դեռ ինչ-որ սպասելիք ունենամ։



Գագիկ Ավանեսյան (ուսանող) - Չգիտեմ։ Այնտեղ ի՞նչ հարց պիտի քննարկեն... Ղարաբաղի խնդիրը էլի առանց մե՞զ են քննարկելու... Իմ կարծիքով, մի 40-50 տարի նրանք դեռ քննարկելու են Ղարաբաղի խնդիրը, մինչեւ հասկանան, որ ոչ մի խնդիր չկա՝ մենք չենք ուզում ապրել այդ թուրքի հետ, թուրքն էլ երբեք չի ապրի հայի հետ։ Մնացածը սաղ բլեֆ ա...



Անահիտ Խաչատրյան (մանկավարժ) - Ես սպասելիք չունեմ այդ կամ մյուս նման գագաթաժողովներից, հանդիպումներից, այդ սամիթներից։ Դրանցով ես չեմ հետաքրքրվում, եւ փորձը ցույց է տալիս, որ ճիշտ եմ վարվում։ Արդեն 15-20 տարի է՝ հանդիպում են, իբր ուզում են մեր խնդիրը լուծել, հակամարտությունը լուծել։ Բայց այդ 20 տարում նրանք ի՞նչ են առաջ գցել։ Ոչինչ։



Վալերի Հակոբյան (շինարար) - Որ ասեմ՝ Աստանայի տեղը չգիտեմ, կհավատա՞ք։ Բայց ճիշտ եմ ասում։ Չեմ էլ ուզում իմանալ։ Եթե կարողանանք Ղարաբաղի բնակչությունը կրկնապատկել՝ հաշվիր մեր հարցը լուծված է։ Բայց էսպես, գոյություն քարշ տալով՝ երկար չենք դիմանա։ Կարծես քողից (թոկից) կախված լինենք։ Մի օր այդ քողը կտրվելու է եւ բոլորս ընկնելու ենք քերծի (ժայռի) տակ...



Հ. Ավանեսյան (պաշտոնյա) - Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչ որոշում է կայացվելու, դարձյալ ամորֆ մի հայտարարությո՞ւն են ընդունելու, թե՞ հերթական մի այլ «գալոչկա» են դնելու այդ հանդիպման համար։ Բայց համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը երբեք ստորագրություն չի դնելու մի փաստաթղթի տակ, որ մեր դեմ է, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի դեմ է։



Կարեն Մինասյան (անորոշ զբաղմունքի տեր) - Իրենց Աստանայով թող կորչեն-գնան։ Բան ու գործ չունե՞մ, նստեմ դատարկ-մատարկ բաների մասին մտածեմ։ Որ դրանց այդ հանդիպումների մասին մտածեի՝ արդեն մազերս սպիտակած կլինեին։



Նունե Ավանեսյան (տնային տնտեսուհի) - Ես Սերժ Սարգսյանին հավատում եմ։ Նա մեր դեմ փաստաթուղթ չի ստորագրի։ Հո գլխից ձեռք չի՞ վերցրել, որ ստորագրի։



Գուրգեն Սիմոնյան (կենսաթոշակառու) - Քե մատաղ, դրանք բա չե՞ն հոգնել էդ հանդիպումներից։ Գնում, իրար ձեռք են սեղմում, հետո թուրք Ալին գնում է իրենց Բաքու եւ մեզ հայհոյում, մեզ վրա հաչում։ Մենք էլ ասում ենք՝ քո հորը գյոռից դուրս եկած, կենդանացած կտեսնես, բայց Ղարաբաղը չես տեսնի։ Էդ հանդիպումների վերջնական արդյունքը էս ա։ Էդ հանդիպումները, սուտի-փութի բանակցությունները սաղ դատարկ բան են։



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ