Ռուսականը, եվրոպականը, թե ասիականը

Ռուսականը, եվրոպականը, թե ասիականը
Երեկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը  ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կատարած հանրային կարծիքի հարցման արդյունքները: Պարոն Քեմբեքը չթաքցրեց, որ չնայած իրենց կազմակերպությունը ստեղծվել է հայ գործարարների հովանավորության շնորհիվ, բայց ինքը «փողի» համար չի զբաղվում իր գործով: Նա ասաց, որ առաջին անգամ Հայաստան գալով, սիրահարվել է մեր երկրին, մեր մշակույթին, զմայլվել Արարատի գեղեցկությամբ եւ նման այլ բաներ:



Սակայն Քեմբեքի ներկայացրած հարցումը ցույց է տվել, որ եւ ղարաբաղցիները, եւ հայաստանցիները «սիրահարված են» ոչ թե Եվրոպային, այլ Ռուսաստանին: «ԵԱՀԿ-ն եւ այլ եվրոպական հաստատություններ դեռ շատ անելիքներ ունեն: ԼՂ-ի բնակչությունը թերահավատորեն է մոտենում միջազգային կազմակերպությունների եւ ընկերությունների մեծամասնությանը»,-ասվեց զեկույցի ժամանակ: Դրան հակառակ՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում, Ռուսաստանն ընկալվում է ծայրաստիճան դրական: Հարցումների տվյալներով՝ ղարաբաղցիների 85 տոկոսը վստահում է Ռուսաստանին:



Հարցվածների 87 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը մեծ դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում, շահագրգիռ է խաղաղության հաստատման մեջ (80 տոկոս) եւ աջակցում է Հայաստանին (78 տոկոս): Ղարաբաղում հարցվածների միայն մեկ երրորդն է կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգիռ է ԼՂ կարգավորման հարցում: Հարցումների համաձայն, Ղարաբաղում ցածր է նաեւ Եվրամիության հեղինակությունը: Հարցվածների միայն 16 տոկոսն է վստահում այդ կազմակերպությանը եւ միայն 20 տոկոսն է նշել, թե ԵՄ-ն դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:



Իսկ թե որ արժեհամակարգն է ավելի մոտ ղարաբաղցիներին՝ ռուսակա՞նը, եվրոպակա՞նը, թե՞ ասիականը, Լեռնային Ղարաբաղի բնակչության 47 տոկոսը պատասխանել է՝ հայկականը, թեեւ նման տարբերակ նրանց չի առաջարկվել: Ի դեպ, ի տարբերություն ղարաբաղցիների, հայաստանցիների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, նախընտրում է ռուսականը: Ինչպես Հայաստանում, Ղարաբաղում եւս գրեթե ոչ ոք չի ցանկանում, որ իր երկիրը մոտ լինի ասիական արժեքներին: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հարցումներն անցկացվել են հոկտեմբերի 22-26-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում: Հարցումներին մասնակցել է 804 մարդ:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ