«Խղճի կալանավորնե՞ր», թե՞ ծառայությունից խուսափողներ

«Խղճի կալանավորնե՞ր», թե՞ ծառայությունից խուսափողներ
Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում սկսվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործի լսումը: Նա ազատազրկվել է 2002 թվին՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է, իսկ նրանց կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս բանակում ծառայել: Դատարանը Վահան Բայադյանին նախ 1,5 տարվա, այնուհետ դատախազության պահանջով 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտել:



Վահան Բայադյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ում գործը նախ լսվել է ԵԴ Ստորին պալատում՝ 2009թ. հոկտեմբերին: Եվրոպական դատարանը գտել էր, որ զինծառայությունից խուսափելու համար Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության  եվրոպական կոնվենցիայի պահանջներին, եւ որոշում էր կայացրել, ըստ որի՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որն ամրագրում է խղճի ազատությունը, չի վերաբերում զինծառայությունից հրաժարվողների իրավունքներին:



«Երբ դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Բայադյանի գործի, այնուամենայնիվ դատարանը կասկած չուներ, որ դիմումատուն՝ Վահան Բայադյանը, անկեղծ կրոնական համոզմունքներից ելնելով էր որոշել հրաժարվել զինվորական ծառայությունից»,-մեզ հետ զրույցում ասաց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարտուղար եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը: ՄԻԵԴ-ում 7 դատավորներ էին քննել Բայադյանի գործը, որոնցից իռլանդացի դատավոր Փաուերը հատուկ կարծիք էր հայտնել եւ ասել, թե այն չի համապատասխանում զինծառայությունից հրաժարվողների վերաբերյալ եվրոպական չափանիշներին, իսկ շվեդ դատավոր Ֆուրան կարծիք էր հայտնել, որ գործն ի սկզբանե պետք է ՄԻԵԴ Վերին պալատում քննվեր:



«Վահան Բայադյանը եղել է այն երիտասարդներից, ովքեր գտնվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկներում՝ իրենց խղճի եւ կրոնական համոզմունքներից ելնելով զինծառայությունից հրաժարվելու պատճառով: Նրանց մեծամասնությունը պատրաստ է ծառայել բանակում եւ պատրաստ է իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն անցնելու: Մենք հույս ունենք, որ Հայաստանում կլինի իսկական քաղաքացիական ծառայություն, որ նման երիտասարդները կարողանան իրենց ուժն ու հնարավորությունը ներդնել հասարակության օգտի համար, իրենց պարտքը տան պետությանը՝ քաղաքացիական աշխատանքով, այլ ոչ թե գնան գաղութում ժամանակ անցկացնեն եւ ոչ մի օգուտ չբերեն մարդկանց»,-շարունակեց «Եհովայի վկաների» քարտուղարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանում «խղճի կալանավորների» թիվը 72-ն է:



Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ Վերին պալատն այնպիսի որոշում կկայացնի, որը կազդի նաեւ այլ երկրներում գտնվող նման երիտասարդների վրա: Հարավային Կորեայում, օրինակ, «խղճի կալանավորների» թիվը 800-ի է հասնում: Տեղեկացնենք, որ Վահան Բայադյանի շահերը ՄԻԵԴ Վերին պալատում ներկայացնում է փաստաբան Կանադայից: Թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ Վերին պալատը, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ  2001 թվականին Հայաստանը ԵԽ անդամ դառնալիս պարտավորվել է ազատել կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողներին եւ ընդունել «Այլընտրանքային ծառայության» մասին օրենք, որն ընդունվեց 2004 թվականին:



Բայց օրենքի ընդունումը խնդիրը չլուծեց: Իրավապաշտպանների կարծիքով, այն ի սկզբանե «մեռած» օրենք էր: Արթուր Սաքունցի խոսքով, նախ այլընտրանքային ծառայության ժամկետը չպետք է երկար լինի զինծառայության ժամկետից, մինչդեռ այն կազմում է 36 (այլընտրանքային աշխատանքային ծառայության համար) եւ 42 ամիս (այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար): Բացի այս, այլընտրանքային ծառայությունն իր բնույթով պետք է քաղաքացիական լինի, մինչդեռ առկա օրենքով այն տարբերակված  է՝ այլընտրանքային աշխատանքային եւ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:



Այս երկու հանգամանքներից բացի, Արթուր Սաքունցը նշում է զինվորական  վերահսկողության խնդիրը. «Եթե նույնիսկ այլընտրանքային ծառայության է դիմում  քաղաքացին եւ նշանակվում, ասենք, ծերանոցում, նրա ծառայության վերահսկողությունն իրականացվում է զինվորականության կողմից, եւ նա շարունակում է մնալ զինվորական ապահովության ներքո»: Հիշեցնենք, որ օրենքի ընդունումից հետո, երբ մի քանի երիտասարդներ դիմեցին այլընտրանքային ծառայության անցնելու, պարզ դարձավ, որ պայմանները, մեղմ ասած, նվաստացուցիչ են՝ ամենածանր աշխատանքն էին նրանց հանձնարարում:



Դրանից հետո կրոնական համոզմունքներից ելնելով զինծառայության չգնացողները նախընտրեցին քրեական հետապնդումը: Արթուր Սաքունցը այլընտրանքային ծառայության հետ կապված այս խնդիրները համարում է Հայաստանի համար շատ տիպիկ օրինակ, երբ երկիրը եվրոպական կառույցների առջեւ պարտավորություն է ստանձնում, բայց դրանց կատարումը մնում է թղթի վրա: Իրավապաշտպանը նաեւ նկատեց, որ ընդունումից ի վեր օրենքը նույնականացվեց միայն «Եհովայի վկաների» հետ՝ դրանով իսկ ի սկզբանե պետությունն արժեզրկեց դրա նշանակությունը: Մինչդեռ օրենքը շատ ավելի լայն խնդիրների լուծման համար է ընդունվում:



Ինչ վերաբերում է Վահան Բայադյանի գործին եւ ԵԴ առաջին ատյանի ընդունած որոշմանը, Արթուր Սաքունցը տարակուսանք հայտնեց եւ նշեց, որ հավանաբար դատարանը խնդրին մոտեցել է այն տրամաբանությամբ, որ եթե գոյություն ունի «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենք, ուրեմն քաղաքացին դրանից օգտվելու հնարավորություն է ունեցել, ուստի նրա խղճի ազատության սահմանափակման հիմքեր չեն եղել: Իրավապաշտպանը կարծում է, որ պարզապես հայցադիմումի մեջ բավարար չափով հիմնավորված չէ, որ առկա օրենքը կիրառման ընթացքում ցույց տվեց, որ արժանապատիվ ծառայություն չի կարող ապահովել: