Սերժ Սարգսյանի աշխատանքը ո՞րն է

Սերժ Սարգսյանի աշխատանքը ո՞րն է
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել արտաքին քաղաքական դաշտում: Սերժ Սարգսյանը գնում է Մոսկվա, հանդիպում Մեդվեդեւի եւ Պուտինի հետ, ինքն իր այցը մեկնաբանում, որը քիչ է ընդունված՝ ասելով, թե վաղվա օրն իր համար ավելի լավն է, Հայաստանի համար լավ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին եւ այլն: Հետաքրքիր է, որ դրա հաջորդ իսկ օրը Մեդվեդեւը մեկնում է Բաքու, եւ Կասպյան երկրների համաժողովի շրջանակներում ընդհանուր հայտարարություն է ստորագրվում, որով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է: Այլ սկզբունք այնտեղ չի շեշտվում:



Անկեղծ ասած, ես դժվարանում եմ հասկանալ, թե  այս դեպքում ի՞նչն էր լավը մոսկովյան պայմանավորվածությունների մեջ, ի՞նչ հայանպաստ բան կար այնտեղ: Հետո Սերժ Սարգսյանը որոշում է Լիսաբոն չմեկնել: Գիտենք, որ, ասենք, լրագրողը կատարում է իր պարտականությունները՝ հոդվածներ է գրում, հարցազրույցներ վերցնում: Ես քաղաքական գործիչ եմ եւ կատարում եմ իմ պարտականությունները՝ տալիս հարցազրույցներ, վարում կուսակցական կյանք, փորձում պատրաստվել ընտրություններին եւ այլն: Ասացեք խնդրեմ, Սերժ Սարգսյանի աշխատանքը ո՞րն է:



Լավ, հիմա ընդունված է աշխարհում, որ ինքը Հայաստանը ներկայացնող անձն է. եթե Հայաստանը չի ներկայացնում ոչ մի տեղ, չի ուզում գնալ խոսք ասել, որեւէ ձեւով որեւէ բան փոխել, եթե համաձայն չէ՝ վետո դնել, այդ դեպքում իր աշխատանքի իմաստը ո՞րն է: Հիմա էլ չի ուզում Աստանա գնալ:  Բա Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ում լինելու պարագան ի՞նչն է: Այսինքն, արտաքին քաղաքական դաշտում մենք որոշել ենք մեր սկզբունքները չպաշտպանե՞լ, որովհետեւ նեղացա՞ծ ենք աշխարհից, որ աշխարհն այդ ձեւով է ընկալում:



ՀՀԿ-ի եւ կոալիցիայի ներկայացուցիչներն ասում էին, որ հաղթական արտաքին քաղաքականություն ունենք՝ ֆուտբոլային դիվանագիտություն եւ այլն: Դրա հաղթականը ո՞րն է, որ մենք ամեն տեղից փախչում ենք: Ես կարծում եմ՝ Լիսաբոն չգնալը դեմարշ չէր: Դեմարշ կլիներ այն, որ ինչպես 90-ականներին արվեց, մեկներ, ելույթ ունենար, բարձրաձայներ մեր տեսակետները եւ ասեր՝ ես վետո եմ դնում, համաձայն չեմ այդ ընդհանուր փաստաթղթի հետ, որովհետեւ այդ փաստաթուղթը չի ներառում իր մեջ այն ամենը, ինչ ասվեց: Նույն բանը պետք է Աստանայում կատարի՝ Աստանա գնա եւ արտահայտի հայ ազգի դժգոհությունը: Կընդունվի դա, թե ոչ, այլ հարց է:



39 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ստորագրվեց, բայց պատերազմ եղավ: Օբյեկտիվորեն ամեն ինչ չէ, որ կարելի է համաժողովում լուծել, բայց չգնալը ո՞րն է: Դիվանագիտության մեջ կա մի սկզբունք՝ «եթե գիտես պատասխանը բացասական է, ուրեմն հարց մի տուր», բայց սա այն դեպքը չէ, որ Հայաստանն ընդհանրապես ներկայացված չլինի կամ ներկայացված լինի նախարարների մակարդակով:



Իմ անձնական դիտարկմամբ՝ հասկանալով, թե որքան է խճճել ամեն ինչ (այնքան իրարամերժ խոստումներ է տվել Ռուսաստանին եւ Արեւմուտքին, դրան գումարվել են արտաքին կոմպրոմատներն ու ներքին խնդիրները, երբ ժողովուրդն ուղղակի պատրաստ է փողոց դուրս գալու), հասկանալով, որ որեւէ գերտերության դեմ խոսելով, ուղղակիորեն հարվածներն իր իշխանության վրա կավելացնի, Սերժ Սարգսյանն ուղղակի վախենում է եւ ցանկանում է ընդհանրապես մասնակից չլինել արտաքին քաղաքական որեւէ հանգուցալուծման:



Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԺԿ ղեկավար