Կվարձատրեն ըստ հայեցողության

Կվարձատրեն ըստ հայեցողության
Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանին փոխնախարար նշանակելու հետ կապված՝ Տիգրան Սարգսյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել կառավարության նիստում, ավելի ճիշտ՝ այդ ելույթով փորձել է արդարացնել իր քայլերը՝ վերջին շրջանում ԾԻԳ-երի տնօրեններին փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ  կրթության եւ գիտության փոխնախարար նշանակվեց ԾԻԳ-ի տնօրեն Կարինե Հարությունյանը: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ  իրականացնում են ԾԻԳ-երին վերաբերող ծրագիր:



Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել, ըստ որի՝ ԾԻԳ-երն իրենց վրա վերցրել են նաեւ ոլորտների  քաղաքականության մշակման խնդիրը, ինչն անթույլատրելի է: Ծրագրով, որ հիմա համատեղ իրականացնում են, ԾԻԳ-երն ընդամենը որոշակի գործառույթներ իրականացնող մարմին պետք է լինեն, իսկ քաղաքականության համար պատասխանատու պետք է լինի նախարարությունը: «Խնդիրն այն է, որ ԾԻԳ-երում մենք կարողանում էինք վարկային միջոցների հաշվին ապահովել բարձր վարձատրություն, եւ, բնականաբար, կարող ուժերը հայտնվում էին ԾՒԳ-երում, որի արդյունքում փուլ առ փուլ քաղաքականության շատ տարրեր անցան ԾԻԳ-երին:



Այս ծրագիրը, որ մենք իրականացնում ենք ՀԲ-ի հետ միասին, նպատակ ունի ավելացնել կարողությունները նախարարություններում, մասնավորապես տարեցտարի իրականացնելով  աշխատակազմերի կրճատում՝ գումարները թողնել նախարարությունների տնօրինության տակ, եւ նախարարները կարող են այդ գումարներով ազատորեն վարձատրել  այն մարդկանց, ում նպատակահարմար են գտնում, ում կարողություններն ավելի բարձր են գնահատում, եւ ովքեր կատարում են ավելի ծավալուն աշխատանք»,-մանրամասնել է վարչապետը: