Իսկական տղամարդը չի ծեծում

Երթը սկսվեց «Կասկադից» եւ ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Երթի մասնակիցները՝ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ եւ առանձին անհատներ, պարզել էին պաստառներ եւ ցուցանակներ, որոնցում կոչ էր արվում դադարեցնել բռնությունները: «Իսկական տղամարդը չի ծեծում», «Երբ հարվածում ես կնոջդ, մտածիր երեխայիդ մասին»,-գրված էր պաստառներից երկուսի վրա: Վեր պարզված պաստառների մեջ էին նաեւ ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի դիմանկարները:
Այդ պաստառներից մեկին գրված էր. «Ինչի կարող է բերել մեր լռությունը»: Հայտնի է, որ մահացու ելքով ծեծն առաջին դեպքը չի եղել, եւ հարեւանները հաճախ ականատես կամ ունկնդիր են եղել նրա նկատմանբ կիրառվող բռնությանը, բայց լռել են հասարակության մեջ արմատացած «ուրիշի ընտանեկան գործերի մեջ չխառնվելու» մոտեցմամբ: Մեծամասամբ կանանցից բաղկացած երթի մասնակիցներն ընտանեկան բռնության թեժ գծի համարներով թերթիկներ էին բաժանում անցորդներին: Երթի ընթացքում ստորագրահավաք էր կատարվում սպանության գործով դատավարությանն արդար ընթացք տալու եւ դատավճիռ կայացնելու պահանջով: Ստորագրահավաքին մասնակցելու առաջարկությամբ ակցիայի մասնակիցները մոտեցան նաեւ երթն ուղեկցող ոստիկաններին, որոնք, սակայն, հրաժարվեցին մասնակցել:
Թեեւ երթը ապաքաղաքական էր եւ նրանց ոչինչ չէր սպառնում, ոստիկաններն ասացին, որ իրավունք չունեն, չեն կարող մասնակցել: «Ոչինչ, կարեւորը, որ երթին մասնակցում են»,-կատակեց ակցիային մասնակցող երիտասարդներից մեկը: Մի ուրիշ աղջիկ էլ Ազնավուրի հրապարակում տեղադրված ցլի արձանի կոտոշների արանքում՝ «Կնոջ ասած «չէ»-ն «չէ» է» գրությամբ մի թուղթ տեղադրեց հատուկ ցլի համառությամբ երիտասարդների համար:
Երթի ընթացքում կատարվում էր նաեւ դրամահավաք, որի հասույթը հատկացվելու է Զարուհի Պետրոսյանի աղջկան: Հավաքված գումարը փոխանցվելու է հաշվեհամարին, որից աղջիկը կարող է օգտվել չափահաս դառնալուց հետո:
Երթին մասնակցում էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: «Մեր հայրենակցուհին ընտանեկան բռնության զոհ լինելով՝ 20 տարեկանում կյանքից հեռացավ, առանց մայրական խնամքի թողնելով իր մանկահասակ երեխային: Սա մի մասնավոր դեպք է, բայց ցույց է տալիս, որ մեր իրականության մեջ այդ ցավալի «մշակույթը» կա: Ես կարծում եմ, որ շատ կանայք են բռնության ենթարկվում, բայց մեծ մասը լռելյայն կուլ է տալիս, որովհետեւ մեր հանրային մշակույթն այդ մասին լռելու կոչ ունի իր մեջ եւ դրա ավանդույթը: Բռնություն ասելով՝ պետք չի հասկանալ միայն բիրտ, ֆիզիկական բռնություն: Բռնությունն իրավունքների ոտնահարումն է, աշխատանքի վայրում հոգեբանական ճնշումներն են... Մենք պետք է փորձենք հասարակության ուշադրությունը դարձնել այս խնդիրների վրա»,-մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:
Երթի մասնակիցները, կանգ առնելով կառավարության եւ դատախազության շենքերի մոտ, նամակներ հանձնեցին վարչապետին եւ գլխավոր դատախազին, որոնցում խնդրում-պահանջում էին Զարուհի Պետրոսյանի սպանության գործով արդար դատավարություն:
Կարծիքներ