Ով կհաղթի դատարանում` Վերահսկիչ պալատը, թե պատգամավորը

Ով կհաղթի դատարանում` Վերահսկիչ պալատը, թե պատգամավորը
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան-ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյան վեճն արդեն դատարանում է: Պատգամավորը դատարանից ստացել է հայցադիմումը: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: Հիշեցնենք, որ ՎՊ-ն պատգամավորին դատի է տվել զրպարտության մեղադրանքով, քանի որ Մելիքյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Անանիա Շիրակացի» համալսարանը ստուգելու ժամանակ ՎՊ ներկայացուցիչն իրենից 4 հազար դոլար կաշառք է ուզել: «Իրենք հայցադիմումում գրել են, թե այդպիսի բան չկա, իրենց զրպարտել են, ես էլ իմ ապացույցները կներկայացնեմ դատարանում: Կարծում եմ, դատարանն ամեն ինչ կպարզի»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Սպարտակ Մելիքյանը:



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը, մինչ նախարար դառնալը, ընդամենը մի քանի ամիս առաջ ՎՊ վարչության պետ էր: Խորհրդարանում հանդիպելով նրան՝ մի քանի հարց ուղղեցինք պատգամավոր-ՎՊ վեճի առթիվ:



- Պարոն Գրիգորյան, Ձեր՝ ՎՊ-ում աշխատելու ժամանակ նման փորձ եղե՞լ է, ՎՊ-ին նման մեղադրանքներ ներկայացնելու կամ կաշառք վերցնելու հետ կապված դեպքեր եղե՞լ են, աշխատակիցներ ազատվե՞լ են այդ պատճառով:



- Բացարձակ: Նման խնդիր չի եղել: Ես հիշում եմ վերջին խորհրդակցություններից մեկը, երբ ՎՊ նախագահը հայտարարեց, թե այդ դեպքում ոչ թե աշխատանքից կազատվեն մարդիկ, այլ աշխատանքից ազատվելը նրանց համար լինելու է երանություն: Չեմ առնչվել նման դեպքի հետ:



- Պատգամավորը, սակայն, պնդում է, որ իրենցից 4 հազար դոլար են ուզել, որ բուհը լիցենզիայից չզրկվի:



- Հաշվի առնելով այն հանգամանը, որ քաջատեղյակ եմ ՎՊ աշխատանքներին, նաեւ նման պրոբլեմներին եւ հարցերին, պետք է փաստեմ, որ ես բացարձակ չեմ հավատում: Նույնիսկ կարող եմ հավելել, որ ՎՊ նախագահի կողմից դեռեւս 2007-ի նոյեմբեր ամսին կայացած խորհրդակցության ժամանակ, նաեւ՝ պարբերաբար լինում են այդ խորհրդակցություները, արգելված էր նույնիսկ ՎՊ-ի կողմից ստուգվող օբյեկտում ընդմիջում անել վերահսկվող օբյեկտի ներկայացուցիչների հետ միասին: Բնական է, այսօր Վերահսկիչ պալատը բազմաթիվ ստուգումների արդյունքում բազմաթիվ թերություններ եւ խախտումներ է հայտնաբերում: Ես մտածում եմ՝ դա ինքնապաշտպանական ձեւ է: Այդ առումով Վերահսկիչ պալատում խիստ հետեւողական են, որ նման երեւույթներ չլինեն: Իսկ եթե պատգամավորը կոնկրետ փաստեր է բերել, կոնկրետ փաստում է, որ եղել է էսինչ մարդու կողմից նմանատիպ գումարային պահանջ, ինձ թվում է՝ համապատասխան իրավապահ մարմիններին կարող էր դիմել եւ իրավապահ մարմինների միջոցով լուծել այդ հարցը:



- Ձեր կարծիքով՝ այս վեճն ի՞նչ արդյունք կունենա: Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում դատական վեճին:



- Համոզված եմ, որ Վերահսկիչ պալատը միանշանակ ճիշտ է դուրս գալու:



- Բայց պատգամավորը պնդում է, որ հակառակ փաստեր ունի:



- Ես ինքս աշխատել եմ եւ գիտեմ էնտեղ ինչ կարգուկանոն է գործում: Այն բոլոր կարգերը, որ այս պահին այնտեղ կան, ես գիտեմ, ես իմ կաշվի վրա դա զգացել եմ, տեսել եմ, համոզված եմ, որ դա ճիշտ է լինելու: ՎՊ-ում աշխատավարձը բարձր է, եւ բոլորը ձգտում են չկորցնել աշխատանքը: Չկա նման երեւույթ:



- Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ բան բացահայտվի՞:



- Բացահայտվելու դեպքում, ուրեմն, պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր կատարել են դա:



- Պատգամավորը ՎՊ-ին նաեւ մեղադրեց անաչառ չլինելու մեջ տարբեր սուբյեկտների նկատմամբ, որ մեկ սուբյեկտը կարող է մի քանի անգամ ստուգվել, մյուսը՝ ոչ մի:



- Եթե ծանոթանաք ՎՊ ծրագրին 2007-ից մինչեւ այսօր, կտեսնեք, որ ամեն տարվա ծրագիրը տարբերվում է: Ես ինքս չեմ տեսել դեռեւս կրկնվող ստուգումներ: Հավասարապես բոլոր մարմիններում ստուգումներ իրականացվում են:



- Ձեր նախարարությունում հիմա ստուգում իրականացվո՞ւմ է:



- Այո:



- Նախկինում բավական խախտումներ էին հայտնաբերվել ընտանեկան նպաստների հետ կապված եւ այլն, այժմ կա՞ն նման բացահայտումներ:



- Գիտեք, դեռեւս ստուգումները չեն վերջացել:



- Իսկ նախորդ անգամ հայտնաբերված խախտումները որեւէ կերպ շտկվե՞լ են:



- Ճիշտն ասած, ես այդ ժամանակ ՎՊ-ում էի աշխատում, եւ իմ ունեցած տվյալներով, թերություններն ամբողջապես վերացվել են: Իմ ժամանակ չի եղել դա: