Եվս մի թելեթոն

Եվս մի թելեթոն
Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնն էր: Ինձ հետաքրքրում էր իմ շրջապատի վերաբերմունքն արդեն ավանդույթ դարձած այդ ակցիային: Ինչպես են մարդիկ վերաբերվում հիմնադրամին ու դրամահավաքությանը, ինչ զգացումներ է այն առաջացնում: Եթե ամփոփեմ կարծիքները, մոտավորապես կստացվի այսպես. մի մեծ խումբ այս արարողությունը համարում է «համազգային մուրացկանություն»: «Չեն էլ ամաչում՝ նախագահով, կաթողիկոսներով, երգիչ-երգչուհիներով ու մտավորականներով փող են մուրում, դրա համար ոչ մի բառ չխնայելով ու ստորանալով»,- ասում էին դրամահավաքին բացասաբար վերաբերվողները: «Իսկ ինչո՞ւ Ղարաբաղի համար՝ Հայաստանը լուծելու հարց չունի՞, որ տասնամյակներ շարունակ մենակ Ղարաբաղի համար են սփյուռքից փող ուզում»,- ասում էին ղարաբաղցիների նկատմամբ թշնամություն տածող հայաստանցիները: «Ինչո՞ւ են սփյուռքը հիշում միայն այն ժամանակ, երբ փողի կարիք ունեն՝ մենք հո կթու կով չե՞նք, իսկ համահայաստանյան հարցերի լուծման ժամանակ մեզ շան տեղ դնող չկա»,- դժգոհում էին սփյուռքահայ շրջանակներից: «Դեն նետելու փող ունենամ՝ պետությանը չեմ տա: Պետությունն ինձ համար ի՞նչ է արել, որ ես էլ նրան օգնեմ»,- իրենց վրդովմունքն էին հայտնում պետությունն ու իշխանությունն իրար հետ շփոթող անձինք, որոնք այս օրերին անընդհատ SMS-ներ են ստացել, թե՝ մասնակցեք թելեթոնին: Եվ բազում կարծիքների մեջ միայն մեկն էր ի նպաստ հիմնադրամի ու թելեթոնի. «Ես հպարտության զգացում եմ ունենում, երբ տեսնում եմ, թե ինչքան միասնական ու ուժեղ ենք մենք՝ հայերս, ինչքան շռայլ ու հարուստ է մեր սփյուռքը, ինչպես են կարողանում հայերը երկիր շենացնել՝ երբ ուզում են, եւ ինչպես են տարեցտարի պակասում Ղարաբաղի լուծելիք խնդիրները»: Ահա այսպիսի բազմազանություն: