Փոքրիկ ընձյուղներ

Փոքրիկ ընձյուղներ
Ասում են՝ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է: Բայց ես ուզում եմ չհամաձայնել մեր հասարակության, պետության ապագայի նկատմամբ հոռետեսորեն տրամադրված մարդկանց հետ: Երբ վերացարկվում ես այսօրվա գորշ իրականությունից, աննշան, բայց խոստումնալի տեղաշարժեր ես հայտնաբերում, որոնք վկայում են մեր հասարակության կենսունակության եւ թեկուզ հեռավոր, բայց լուսավոր ապագայի մասին: Մի 7-8, անգամ 3-4 տարի առաջ ո՞վ կարող էր անպատիժ ու առանց հետեւանքների քննարկել բանակի թերությունները, խոսել այն անթույլատրելի երեւույթների մասին, որոնք այժմ լայնորեն քննարկվում են մեր հասարակության մեջ: Մի 7-8 տարի առաջ ո՞ւմ էին հետաքրքրում Երեւանի կանաչ տարածքներն ու քաղաքաշինական խնդիրները, դպրոցներն ու այնտեղ տիրող բարքերը: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ աշակերտին ծեծելու համար ուսուցիչը կարող է ազատվել աշխատանքից, իսկ բնապահպանները կարող են ամեն ծառի կողքին, կոպիտ ասած, պահակ կանգնեցնել եւ այդ ծառը հատվելիս համաշխարհային աղմուկ բարձրացնել: Այս փոքրիկ, բայց ուրախացնող քայլերը մեզ դեպի առաջադիմություն են տանում: Եվ դրանք դրսեւորվում են ամեն ինչում: Ասենք, տարիներ առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին երկրի նախագահի չմեկնելը ազգայնական ուժերը կներկայացնեին որպես հերոսական քայլ եւ ոչ ոք չէր համարձակվի առարկել դրան՝ կհայտնվեիր այդ ուժերի թիրախի դերում: Իսկ Լիսաբոնի ժողովին չմեկնելն այսօր քննարկվում է, եւ անգամ ոմանք դատապարտում են Սերժ Սարգսյանի որոշումը, այն անվանում կարճատես: Իսկ մեր անսահման ռուսասիրությո՞ւնը, իսկ մեր անափ թրքատյացությո՞ւնը: Չէ որ այդտեղ եւս կան տեղաշարժեր եւ դրանք հաստատ ետընթաց քայլեր չեն, այլ փոքրիկ, աննշմար, բայց առաջընթացներ: Դեպի հանդուրժող, խելամիտ ու հեռատես քաղաքականություն: