Կենսաբանորեն ակտիվ հաբերը դեղ չէ

Կենսաբանորեն ակտիվ հաբերը դեղ չէ
Նոյեմբերի 14-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Օգնում է, թե վնասում առողջությանը» հոդվածում (հեղինակ՝ Կարինե Սարգսյան) տեղ են գտել ակնհայտ անճշտություններ եւ մեր ընկերության գործարար համբավն ու հեղինակությունն արատավորող ապատեղեկատվություն: Խոսք է գնում «Արմենիավիժն» ընկերության կողմից իբր առաջարկվող, «աշխարհի տարբեր երկրների դեղագործական ֆիրմաների կողմից արտադրվող» կենսաբանորեն ակտիվ հաբերի մասին, որոնք հոդվածում հանդես են եկել մի քանի մեկնաբանություններով՝ կենսաբանորեն ակտիվ հաբեր (ԿԱՀ), կենսաբանորեն ակտիվ դեղորայք, դեղեր:



Նախ, ուզում եմ հստակեցնել, որ «Արմենիավիժն» ընկերությունն ունի միայն մեկ մատակարար. դա ֆրանսիական «Arkopharma» ֆարմացեւտիկ կոնցեռնն է, որը դեղաբույսերի հիմքով պրեպարատների արտադրման համաշխարհային առաջնորդներից է: Տասնամյակներ շարունակ կոնցեռնն աշխատում է միջազգային GMP չափորոշիչներին համապատասխան, որն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում, բարձր որակի հումքի եւ նորագույն սարքավորումների օգտագործում: Այսօր «Arkopharma»-ն մշակում եւ արտադրում է բուսական հումքով մթերքների լայն տեսականի ինչպես Ֆրանսիայի ներքին շուկայի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների համար:



Հոդվածում ԿԱՀ-երի տարաբնույթ մեկնաբանությունների վերաբերյալ ուզում եմ հստակեցնել, որ կենսաբանական ակտիվ հավելումները դեղեր չեն, եւ արդեն շուրջ հինգ տարի՝ «Արմենիավիժն» ընկերության բացման իսկ օրվանից, մենք աշխատում ենք հանրությանն այդ առթիվ տեղեկացնելու ուղղությամբ: Այսինքն՝ մեր ընկերության կողմից դրանք երբեւէ չեն ներկայացվել եւ չեն կարող ներկայացվել իբրեւ դեղորայք, ինչպես ներկայացված է հոդվածում: ԿԱՀ-երի բաղադրության մեջ մտնող բացառապես բնական, բուսական բաղադրիչները հնարավորություն են տալիս դրանք ընդունելու դեպքում հնարավորինս նվազեցնել հիվանդանալու վտանգը: Այսինքն՝ ԿԱՀ-երի օգտագործումը կրում է կանխարգելիչ բնույթ, որի մասին բազմիցս հրապարակվել է ԶԼՄ-ներում, նաեւ «Տնային առողջարան» ամսագրի 11/2009թ., 19/2010թ. համարներում:



Անդրադառնալով հոդվածում ԿԱՀ-երում հայտնաբերված քիմիական ծագում ունեցող դեղորայքի մասին երջանկահիշատակ Էմիլ Գաբրիելյանին վերագրվող հատվածին, հարկ եմ համարում նշել, որ «Արմենիավիժն» ընկերությունը եզակի ընկերություններից է, որ մինչ առեւտրային գործունեություն ծավալելը հավաստագրել է ողջ տեսականին ՀՀ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում, որի այդ ժամանակվա ղեկավարն էր նույն ինքը՝ Էմիլ Գաբրիելյանը:



Գաղտնիք չէ, որ այսօր շուկան հեղեղված է տարատեսակ, առանց համապատասխան գրանցման, շատերի համար անորոշ վայրում արտադրված, հիմնական չափորոշիչներին չհամապատասխանող եւ կասկածելի բաղադրությամբ ինչպես ԿԱՀ-երով, այնպես էլ՝ դեղորայքով: Նման «պիտակներից» զերծ մնալու եւ սպառողների շրջանում բարձր համբավ ձեռք բերելու նպատակով մեր կողմից կատարվել է «Արմենիավիժն» ընկերության առաջարկած ԿԱՀ-երի փորձաքննություն ՀՀ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ «Վերլուծական լաբորատորիա» մասնաճյուղում, որի եզրակացության մեջ ժխտվել է քիմիական նյութերի, մասնավորապես, բարբիտուրատների առկայությունը մեր ընկերության առաջարկած ԿԱՀ-երում: Այնպես որ, «Արմենիավիժն» ընկերությունը երաշխավորում է իր կողմից ներկայացված յուրաքանչյուր ապրանքատեսակի անվտանգությունն ու արդյունավետությունը: Նաեւ մեզ համար անընդունելի է, որ հոդվածում մեր ընկերության անունից ներկայացված է անանուն կարծիք` այն դեպքում, երբ մեր տնօրինությունը մշտապես պատրաստակամ է ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու հարցում:



Ինչ վերաբերում է մի շարք երկրներում ԿԱՀ-եր օգտագործողների թվի նվազմանը, վիճակագրական տվյալները փաստում են հակառակը, համաձայն որոնց, զարգացած եվրոպական պետությունների բնակչության 60-80 տոկոսն օգտագործում է կենսաբանական ակտիվ հավելումներ, ԱՊՀ երկրներում օգտագործողները կազմում են բնակչության 14-17 տոկոսը, եւ տարեցտարի այդ թվերն ավելի են մեծանում: Նույնիսկ ավելին, բազմաթիվ երկրներում (ԱՄՆ, Եվրոպա) հետեւելով բժիշկների խորհրդին, մարդիկ քիմիական ծագում ունեցող դեղերի օգտագործումը զուգակցում են բուսական ծագման պրեպարատների օգտագործման հետ, որոնք նպաստում են օրգանիզմից քիմիական նյութերի հեռացմանը:



Հովհաննես ԽՈՐՈԶՅԱՆ

«Արմենիավիժն» ՍՊԸ տնօրեն



Մենք կարող էինք նաեւ այս ինքնագովազդ-պատասխանը չտպագրել, քանի որ լրագրողին սույն ընկերությունում հրաժարվել էին հանգամանալի բացատրություններ տալ, իսկ հոդվածը տպագրվելուց հետո ուշքի են եկել: Սակայն տպագրում ենք՝ հասկանալով, որ ակամայից մարդկանց բիզնեսին ենք խփել: