Որտեղ է ավարտվում հոդվածագրի իրավունքի սահմանը եւ սկսվում խմբագրինը

Որտեղ է ավարտվում հոդվածագրի իրավունքի սահմանը եւ սկսվում խմբագրինը
Այնպես է ստացվել, որ ամենշաբաթյա ամփոփման մեջ ես ոչ այնքան շաբաթվա հրապարակումների արձագանքներն եմ ի մի բերում, ինչպես մտածված էր ի սկզբանե, որքան ընթերցողին բողոքում եմ, թե ինչքան դժվար է լրագրողների աշխատանքը, մեզանում ինչ բարդ է տեղեկատվություն հայթայթելն ու լրագրողի պարտականությունները կատարելը: Ներողամիտ եղեք, եթե ձեզ ծանրաբեռնում եմ մեր՝ ձեզ չհետաքրքրող  հոգսերով ու հոգնեցնում նվնվոցով: Բայց ի վերջո՝ ո՞ւմ են վերաբերում այս խնդիրները, ո՞վ պետք է լուծի դրանք:



Պետությո՞ւնը, իշխանությո՞ւնը, որի աչքի փուշն ենք մենք, եւ որը, եթե ճար ունենար, վաղուց փակել ու վերացրել էր այս մի քանի դեռ անկառավարելի (կամ գրեթե անկառավարելի) թերթերը: Միջազգային հանրությո՞ւնը, որի հետ այնքան հույսեր են կապում մեզանում, որ փող կտա, սկզբունքներ կպարտադրի, եւ դեմոկրատիան ու ազատ մամուլը մեզանում կկայանան: Սակայն որին Հայաստանը հետաքրքրում է այնքանով, որքանով իր շահերին է առնչվում եւ իրենից քիչ թե շատ վտանգ է ներկայացնում` տարածաշրջանում ապակայունություն ստեղծելու իմաստով:



Մենք՝ լրագրողնե՞րս, որ հազիվ օրվա աշխատանքն ենք կատարում եւ հեռանկարի ու ապագայի մասին մտածելու ոչ ժամանակ ունենք, ոչ հնարավորություն: Ըստ իս՝ մամուլի կայացման խնդիրը նախեւառաջ հասարակության խնդիրն է, այսինքն ընթերցողի, որը պետք է ազատ ու լիարժեք տեղեկատվության, արտահայտվելու պահանջ ունենա եւ այդ պահանջն իրացնի մեզ՝ մամուլիս, աջակցելով ու մեր առջեւ ծագած խնդիրները լուծելով: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ խեղդվողների փրկությունը հենց նրանց ձեռքում է:



Վերջին օրերին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպվող ակցիաները ցույց տվեցին, որ մենք՝ լրագրողներս, կարող ենք ոչ միայն մարդու ոտնահարված իրավունքների համար պայքարել, այլեւ համախմբվել եւ գործընկերային համերաշխությունից դրդված՝ ինչ-որ քայլեր ձեռնարկել: Այդ առումով Նիկոլին նվիրված ակցիաների շարքն ուրախալի է եւ խոստումնալից: Հաջորդ անգամ, երբ Նիկոլն ազատության մեջ լինի, մենք կարող ենք բարձրացնել զուտ մասնագիտական խնդիրներ եւ համախմբվել դրանց իրականացման շուրջ: Իսկ խնդիրները շատ են:



Մասնավորապես մի խնդրի մասին արժե մտահոգվել, որը, չգիտես ինչու, ոչ ոք չի կարեւորում: Դա տեսա-լուսանկարահանման իրավունքի հարցն է: Այս առումով մի տեսակ բաց կա՝ ոչ օրենքով է այն կարգավորված, ոչ ներքին կանոնակարգերով: Արդյունքում ինչը կարելի է տեսա-լուսանկարահանել, ինչը՝ ոչ, ինչ չափով եւ ինչ ձեւով, ամեն լրագրող եւ լրատվամիջոց ինքն է որոշում: Եվ ստացվում է այսպես. ավտովարորդին ճանապարհային տեսուչները կանգնեցնում են, փորձում ակտ գրել, մարդը տեղում սրտի կաթված է ստանում եւ մեռնում:



Մեր լրագրողը դեպքի վայրում լուսանկարում է մահացած մարդուն: Մենք, առանց որեւէ վերաբերմունք դնելու, ավելի շուտ ցավելով ու ցավակցելով կատարված ողբերգության առիթով, հոդված ենք տպագրում եւ հետը լուսանկար դնում: Մի քանի օր անց զանգահարում է Ռուսաստանից հոր թաղմանը ժամանած դուստրը եւ հայհոյում ու վիրավորում մեր թղթակցին, սպառնում, որ դատի է տալու. «Ո՞վ է ձեզ թույլ տվել հորս լուսանկարեք ու թերթում դնեք, ինձնից թույլտվություն հարցրե՞լ եք»: Անշուշտ, նման վայրիվերո, ոչ մի սահմանի մեջ չտեղավորվող խոսակցություններ մենք օրական ամենաքիչը մի տասնյակ անգամ ենք ունենում եւ սպառնալիքներ էլ շատ ենք լսում:



Բայց իսկապես՝ ո՞րն է լրագրողի ճիշտ վարքականոնն այս պարագայում: Եթե մարդը հանրային դեմք է՝ լուսանկարելու իրավունք մենք ունենք բոլոր դեպքերում: Իսկ երբ շարքային մարդու հետ գործ ունենք, որը հայտնվել է մեր տեսադաշտո՞ւմ: Կարելի՞ է արդյոք ինքնասպանություն գործած կամ հանցագործության թիրախ դարձած անձին խոշոր պլանով լուսանկարել եւ տպագրել թերթում: Որտե՞ղ է ավարտվում մարդու իրավունքների սահմանը եւ սկսվում լրագրողի՝ լուսաբանելու իրավունքը: Այս խնդրին առնչվող մեկ այլ հարցի մասին էլ խոսենք:



Մարդու արտահայտվելու իրավունքի: Մեր թերթի վերջին էջում սովորաբար տպագրում ենք քաղաքացիների նամակները, հայտարարությունները: Այս էջում տպագրվող նյութերի տակ հեղինակների ստորագրությունն է, նրանք են պատասխանատվություն կրում իրենց ասածի իսկության համար: Երբեմն մեզնից նեղանում են, թե՝ ինչո՞ւ չեք ճշտում փաստերը, մարդը կարող է ստել, զրպարտել: Իսկապես, ստախոսների պակաս շրջապատում չկա: Բայց եթե դու սկսում ես կասկածել մարդու ասածին-գրածին եւ քո ճշմարտությունն ես նրան պարտադրում, չի՞ ստացվում, որ սահմանափակում ես նրա մտածելու, արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու իրավունքը:



Երկրորդ հարցն է ծագում՝ որտե՞ղ է ավարտվում մարդու՝ սեփական կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքը եւ սկսվում գրաքննության, նրա՝ արտահայտվելու իրավունքը սահմանափակելու իմ՝ խմբագրիս իրավունքը: Այս հարցերը, թվում է, պատասխաններ ունեն. ԶԼՄ-ների մասին, քաղաքացիական, քրեական օրենսգրքերը, մարդկության պատմության ընթացքում կուտակած փորձն ու տարբեր կանոնակարգ-վարքականոններ կան: Սակայն միեւնույն է՝ յուրաքանչյուր դեպքում ստիպված ես առաջնորդվել քո սուբյեկտիվ զգացողությամբ եւ  սեփական փորձով, որն անշուշտ երբեմն նաեւ կարող է արջի ծառայություն մատուցել:



Սիսիանից ստացված մի նամակ, որն այս շաբաթ է տպագրվել մեր թերթում, որտեղ քննադատել էին Սյունիքի մարզպետի ներկայացուցչին, այդպիսի բուռն վեճի ու արձագանքների տեղիք տվեց: Նամակը ստորագրված էր երկու անձի կողմից, որոնց, բնականաբար, չէինք ճանաչում, մի քանի փաստի հետ կապված թռուցիկ ճշտումից հետո այն տպագրեցինք, քանի որ լուրջ թվաց: Բայց դե, ինչքան մարդ, այնքան կարծիք. հաջորդ օրն իսկ սկսեցին զանգահարել խմբագրություն եւ քննադատված անձի գովքն անել: Այս պարագայում դժվար է գլուխ հանել՝ սկզբնական գրությո՞ւնն էր սարքված ու կեղծ: Մաղձոտ ու աբիժնիկ ինչ-որ անձանց կողմից կազմակերպված, մարդուն զրպարտող ու անհի՞մն, թե՞ հեռախոսազանգերն էին կեղծ ու սարքովի:



Ճշմարտությունը մինչեւ վերջ բացահայտելու համար կպահանջվեր առնվազն մեկ ամիս եւ լրագրողական մի մեծ խումբ, որպեսզի գնար տեղում հետաքններ տվյալ անձի կյանքն ու գործունեությունը: Իսկ քանի որ մենք ոչ այդքան միջոցներ ունենք, ոչ ժամանակ, նման նամակները տպագրում ենք առանց միջամտության եւ էջի վրա գրում ենք՝ «Ազատ խոսքի հրապարակ»: Սակայն մեր փորձն ու նախորդ գիտելիքները, այնուամենայնիվ, այստեղ կարեւոր դեր են կատարում. չէ որ մենք փոքր երկրում ենք ապրում, ամեն ինչ մեր աչքի առաջ է, եւ բոլորս շատ լավ գիտենք մեր չինովնիկական անձնակազմն ինչ որակի է, մեր մարզպետներն ու նրանց ներկայացուցիչներն ովքեր են եւ ընդհանրապես, իշխանության մեջ գտնվողներն ինչերի են ընդունակ: Ուստի ստացված նամակների գերակշռող մասն էլ մաքուր ճշմարտություն է, եւ դրանք տպագրելը օգտակար ու նախընտրելի է չտպագրելուց: