Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞ (վիդեո)

Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞ (վիդեո)
Ուրբաթ վաղ առավոտվանից Վանաձորի Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի դիմաց Վանաձորի քաղաքապետարանն արմատախիլ էր անում 70-ականներին տնկված մշտադալար թփերը։ Դրանք արմատախիլ էին արվում, կտրատվում էին ու բարձվում աղբատար մեքենան։ Դեռեւս 1970-ականներին տնկված մշտադալար թփերը, որոնք Հայքի հրապարակին յուրօրինակ տեսք էին հաղորդում, մի վայրկյանում վերացվեցին: Անցորդներին այդ տեսարանը դուր չէր գալիս, սակայն ոչ մեկը չէր համարձակվում պարզել, թե ով է այդ վայրագության հեղինակը։



«Ավերման» գործընթացին ներկա էր նաեւ Վանաձորի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՍՊԸ տնօրեն Աշոտ Ոսկանյանը, որը մեզ հետ զրույցում նշեց. «Հիվանդացել էին բույսերը, սաղ չորացել են, դրա համար էլ հանում ենք»։ Մեր այն հարցին, թե փոխարենն ինչ է տնկվելու, Ոսկանյանը պատասխանեց. «Նույն թփերից էլ չենք տնկի, ծաղիկ ենք ցանելու, ծաղկանոց ենք սարքելու»։



Հին թփերի մեջ, իհարկե, չորացածներ էլ կային, սակայն այդքան շատ չէին։ Աշոտ Ոսկանյանն ասաց, որ որոշումը քաղաքապետ Սամվել Դարբինյանինն է։  Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր, որ գոնե նույն թփերից տնկեին եւ միայն չորացածների փոխարեն: «Ինչի ծաղկանոցը սիրուն չի՞»,- պատասխանեց Աշոտ Ոսկանյանը։ Ծաղկանոցն իհարկե սիրուն է, սակայն ծաղիկներ տնկելու, ջրելու, խնամելու եւ ամեն տարի նորերով փոխարինելու վրա ամեն տարի բավական մեծ գումարներ կհատկացվեն Վանաձորի քաղաքապետարանի այդքան «սուղ» բյուջեից: