Սա միայն իմ պայքարը չէ

Սա միայն իմ պայքարը չէ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը (դատավոր Արմեն Թումանյանի նախագահությամբ) մերժեց Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ԱԺ-ի եւ ՀՀ ԿԳՆ-ի: Նա պահանջում էր չեղյալ համարել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումները եւ փոփոխությունները, որոնք առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են: Գարեգին Ղազարյանը մինչ վերաքննիչ դիմելը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն այստեղ գործը նույնիսկ վարույթ չէին ընդունել՝ պատճառաբանելով, որ «Գարեգին Ղազարյանը սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրող չէ, եւ դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա վեճ չէ»:



Ղազարյանը համոզված է, որ օրինագիծն անօրինական է եւ հղի Հայաստանի համար վտանգավոր հետեւանքներով: «Դրանք բոլորն էլ հակասում են ՀՀ հիմնադիր փաստաթղթերին՝ ՀՀ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը: Իմ նպատակն է հասնել նրան, որ այդպիսի հարցը չմտնի ԱԺ, որ այդ օրինագծերի քննարկումը հանվի օրակարգից: Իմ գերխնդիրն է, որ այս ապօրինությունը օրենք չդառնա»,- ասաց նա: Ի դեպ, դատական նիստին պատասխանող կողմը չէր եկել: Թեեւ նա «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ է, ակտիվիստներից, սակայն դատարան դիմելը նրա անձնական նախաձեռնությունն էր:



Նա նաեւ «Մաշտոց» միավորման անդամ է: Դատավարությանը ներկա էին նաեւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները: «Եթե օրինագիծը չընդունվի էլ, ապա կարող եք համոզված լինել, որ մենք շատ կազմակերպված եւ բարձր իրավաբանական մակարդակով խնդիրը բարձրացնելու ենք Հայաստանում գործող բոլոր ատյաններում եւ ավելի բարձր: Ընդունվելու դեպքում մենք ընտրելու ենք պայքարի այնպիսի ձեւերից, ինչպիսին է պրոպագանդան, ինչպես նաեւ ընդհուպ մինչեւ քաղաքացիական անհնազանդություն:



Մենք ասել ենք եւ ասում ենք՝ եթե հանկարծ Հայաստանում այդպիսի դպրոց բացվի, ապա չի կարողանալու գործել այն մթնոլորտում, որը մենք ստեղծելու ենք այդ դպրոցի համար»,-ասաց նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Պահանջը մերժելու պատճառաբանությունը հետեւյալն էր. օրինագիծը դեռեւս իրավական ակտ չէ: