Արցախում հռչակագրի նախագիծ է պատրաստվել

Արցախում հռչակագրի նախագիծ է պատրաստվել
Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի նախագծի քննարկումը։ Հռչակագրի նախագիծը պատրաստել են Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության խորհրդի փորձագետները: Քննարկմանը մասնակցել են տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետներ, պատգամավորներ եւ այլք։



Նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը հայտնեց, որ հռչակագրով մենք միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ցույց ենք տալիս միջազգային իրավունքի առջեւ իրենց պատասխանատվության մասին, իսկ միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը հռչակագրի նպատակահարմարությունը հիմնավորեց նրանով, որ Մինսկի գործընթացը դարձել է հրապարակային, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ներկայացրել են հակամարտության կարգավորման սկզբունքները, մինչդեռ Արցախը դրան դեռեւս չի արձագանքել, որն ընկալվում է որպես համաձայնություն: Նրա ասելով՝ հռչակագիրը գործիք է, որի միջոցով Արցախն իր ճակատագրի մասին հրապարակավ հայտնում է սեփական կարծիքը:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հետ կապված ներքաղաքական զարգացումներին: Նրա ասելով, այդ կապակցությամբ Հայաստանում հիմնականում երկու տեսակետ կա. առաջին՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կխանգարի բանակցություններին, եւ երկրորդ՝ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը պատճառ կդառնա, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ վերսկսի Արցախի դեմ։



Մանվել Սարգսյանը հայտնեց, որ բանակցություններն այսօր ոչ մի արդյունք չեն տալիս, Ադրբեջանը ձգտում է հարցը տեղափոխել այլ ատյաններ՝ ներգրավելով նաեւ Թուրքիային, եւ պատրաստվում է պատերազմի՝ փորձելով միջազգային հանրությանը համոզել, որ ինքն իրավունք ունի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ ՀՀ-ն, ըստ փորձագետի, չի կարող ազդել ստեղծված վիճակի վրա, եւ վիճակը փոխելու ամենաճիշտ քայլը Արցախի Հանրապետության ճանաչումն է, որը հակամարտության մյուս հիմնական կողմ Ղարաբաղին հնարավորություն կտա մտնել խաղի մեջ՝ դառնալով բանակցային կողմ:



Հռչակագրի քննարկման ժամանակ, չգիտես ինչու, ավելի շատ խոսվեց հայկական կողմից կատարվելիք զիջումների մասին։ Տեղի հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար մի տիկին ասաց, որ պետք է պատրաստ լինել փոխզիջումների, որովհետեւ՝ «ճանաչումն առանց փոխզիջումների չի կարող լինել»:



Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմը մշտապես թարմ է պահում իր կողմից զիջումների թեման, այն դեպքում, երբ հակառակ կողմը վերջին երկտասնամյակում ոչ միայն բառ չի ասել իր կողմից կատարվելիք փոխզիջման վերաբերյալ, այլեւ ձգտում է ստանալ ամեն ինչ՝ թե՛ ազատագրված տարածքները, թե՛ Ղարաբաղն ամբողջությամբ, չմոռանալով ժամանակ առ ժամանակ աշխարհին հիշեցնել, որ Էրիվանն ու ՀՀ-ն ամբողջությամբ ազերական հողեր են, իսկ հայերը՝ եկվորներ։ Բարեբախտաբար, քննարկման մասնակիցների մեջ գերիշխողն այն տեսակետն էր, որ ոչ թե զիջումների վերաբերյալ նախօրոք համաձայնություն տալը, այլ, ընդհակառակը, մեր կոշտ եւ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմի բացառման հիմնական գրավականը։



Ես ինձ թույլ տվեցի ռեպլիկով հանդես գալ. «Բարեբախտաբար, ի տարբերություն քաղաքական բուրգի, մեր հասարակական դաշտում որոշ շարժում կա, սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ մտահոգություն կա»։ Եվ սկսվե՜ց...Իրինա Գրիգորյանը կոչ արեց ավելի տոլերանտ լինել սեփական իշխանությունների նկատմամբ, ապա հայտնեց, որ՝ «մենք հասարակական սեկտոր ենք եւ ասում ենք այն, ինչ ուզում ենք, այնինչ իշխանությունների համար դա բարդ է, նրանք ենթարկվում են ճնշումների», հավելելով, թե այդպես էլ պիտի լինի՝ ՀԿ-ները պիտի ակտիվ լինեն, ոչ թե իշխանությունները։ Հիշեցնեմ, որ նման միջոցառումներից մեկի ժամանակ էլ կարծիք էր հնչել, թե՝ թող մենք զբաղվենք քաղաքականությամբ, իշխանությունները՝ շինարարության, արդյունաբերության խնդիրներով, բիզնեսով:



Որոշվեց վերջնական տեսքի բերելուց հետո վերոհիշյալ հռչակագիրն ուղարկել ԼՂՀ ԱԺ։ Թե ինչ ապագա կունենա այն, ցույց կտա ժամանակը։



Վարդգես ՕՎՅԱՆ