Կուսակցությունները չեն նվազել

Կուսակցությունները չեն նվազել
Ամիսներ առաջ կառավարության նիստի ժամանակ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խրոխտ ելույթ ունեցավ` բողոքելով, որ գերատեսչությունները կուսակցական բորսաների են վերածվել, եւ դիմեց վարչապետին ու նախարարներին՝ այդ հարցին լուծում տալու խնդրով: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողները հիշեցրին այս հայտարարությունը: Նա, անդրադառնալով դրան, ասաց. «Ուզում եմ ասել, որ անհրաժեշտության դեպքում, երբ որ մեր մտահոգությունն այդ առումով էլի սկսի աճել, մենք կրկին կբարձրաձայնենք ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ:



Այո, ես եղել եմ ու մնում եմ նույն կարծիքին՝ մեր քաղաքական չկայացած համակարգի պայմաններում այսքան ամեն ինչ կուսակցականացնել, ես կարծում եմ՝ ոչ միայն չի բխում քաղաքացիական ծառայության շահերից, այլ չի բխում նաեւ պետական կառավարման համակարգի շահերից եւ նրա արդյունավետ գործունեության կազմակերպման հրամայականից, բայց, ի ուրախություն մեզ, այո, այդ մտահոգությունը հիմնականում ընկալվել է, եւ միջամտությունները նվազել են»:



Լրագրողների դիտարկմանը, թե կուսակցականները նվազե՞լ են նախարարություններում, պատասխանել է. «Իմ ասածը կուսակցականների պակասել-չպակասելու վերաբերյալ չի եղել, ես ասել եմ՝ մի կուսակցականացրեք ձեր աշխատակազմերը, երբ որ դուք կուսակցականացրել եք ձեր աշխատակազմը, ձեզանից առաջ էլ նախորդ նախարարի  կուսակցության անդամներն են եղել, կներեք՝ թշվառ մարդիկ, երկու կողմին էլ թշվառ եմ համարում, նրանց չի կարելի  հասցնել այդ վիճակին, բայց եթե հասցնում էլ են, նաեւ չեմ հարգում նրան, որն ամեն գրպանում մի հատ կուսակցական տոմս ունի»: