Իմիջը եւ իրական մարդը

Իմիջը եւ իրական մարդը
Երբ հետեւում ես Սերժ Սարգսյանի գործունեության լուսաբանմանը, հասկանում ես, որ ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, աշխատում են այդ ուղղությամբ: Այցերն ու միջոցառումները, որոնց մասնակցում է նա, մանրակրկիտ ընտրված են ու մտածված: Եթե նկատել եք, նրա իմիջի վրա աշխատողներն ամեն ինչ անում են, որ նա դրական լույսի ներքո ներկայանա հեռուստադիտողին: Իսկ ի՞նչը կարող է դրական ազդել մարդկանց վրա: Բնականաբար, երբ նախագահն աշխատում է, շփվում է շարքային մարդկանց հետ, շատ հանդիպումներ է ունենում եւ խելացի խոսք է ասում: Ասենք, երբ պաշտոնյաների հետ աշխատանքային խորհրդակցություններ են, արժե երեւալ խիստ դեմքով, որ մարդիկ մտածեն` բոլոր մեղքերը ստորադասներինն է, նախագահն ի՞նչ մեղք ունի: Իսկ երբ երեխաների հետ է հանդիպում, հարկավոր է անպայման ժպտալ, շոյել ամենափոքրիկ կամ ամենասիրուն մանկիկի գլուխը՝ մեր ազգը երեխասեր է եւ դա անպայման կգնահատի: Պետք է մասնակցել արտադրական հզորությունների գործարկմանը՝ աշխատատեղեր բացելը երկրի ղեկավարի թիվ մեկ հոգսը պետք է լինի: Սպորտային միջոցառումներն էլ վատ չեն՝ սպորտը, որպես կանոն, դրական էմոցիաներ է առաջացնում: Երիտասարդության հետ շփումների ժամանակ հարկավոր է լինել ազատ ու անկաշկանդ, երգել-պարել, ցույց տալ, որ ավյունով նրանց չի զիջում: Մեծահասակների հետ հանդիպելիս էլ պետք է խոհուն եւ հոգատար լինել: Մի խոսքով, մեծ ընտանիքի հոր նման, որտեղ ամեն տեսակի ու ճաշակի մարդ կա: Եվ որտեղ բոլորին պետք է գոհացնել ու հիշել: Իսկ թե հանդիպումների արանքներում ինչպիսին է իրական մարդը՝ Սերժ Սարգսյանը, մենք երբեք չենք տեսնի, քանի որ ընդունված չէ նախագահներին ներկայացնել իրենց իրական, կենդանի տեսքով: Այսպես ասած՝ առանց փողկապի: