ՀՀԿ-ի գնդացիրը

ՀՀԿ-ի գնդացիրը
Քաղաքական գործչի հեղինակությունն ու կշիռը որոշելու մի միջոց ինձ միշտ զարմացրել է. ինչո՞ւ են այդ բնագավառի գործչին տրամաչափով չափում: Արդյո՞ք դրանից պիտի ենթադրել, որ եթե տրամաչափ, ուրեմն` զենք ու սպառազինություն, եթե զենք ու սպառազինություն, ուրեմն` կրակ ու մահ: Եվ ի՞նչ կապ ունի մահը քաղաքական գործչի հետ: Կամ` ունի՞, թե՞ չունի: Կարծում եմ` ունի:



Ում` ում, բայց, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերաբերմամբ` հաստատ ունի, որովհետեւ այս գործիչը (տրամաչափն առայժմ անորոշ է, կամ գիտի միայն Ահարոն Ադիբեկյանը) վերջին տարիներին մասնագիտացել է հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին մահու չափ վախեցնելու գործում: Զուտ բառացի ընկալելով «խոսնակ» բառի իմաստը` Շարմազանովը որոշել է նրանց մասին խոսել-ասել ինչ կամենա, ասել է թե` ինչ բերանը գա:



«Թուրքիայի նախագահը ճիշտ կանի` լպրծուն ու անհեթեթ հայտարարություններ անելու փոխարեն կոչ անի իր երկրի խորհրդարանին` վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները»,-նոյեմբերի 26-ին, օրինակ, հոխորտացել-աղաչել է Շարմազանովը` չգիտես ումից ստացած լինելով հարեւան երկրի նախագահին ահա այսպես շշպռելու արտոնությունը:  Էդ. Շարմազանովն այնքան հաճախ ու սուր է արձագանքում մեր մյուս հարեւան երկրի նախագահի հայտարարություններին, որ Իլհամ Հեյդարօղլին մի անգամ նույնիսկ ասել է` ախր ո՞վ է էդ Շարմազանովը: Բայց, ինչպես վերն ասացի, մենք էլ չգիտենք դեռ ով է: Տրամաչափի առումով:



Թեեւ տրամաչափը քիչ թե շատ կարելի է կռահել: Օրինակ, երբ նրան հարցնում են` ՀՀ նախագահը կգնա՞ Աստանա, եւ մարդը վստահ հայտարարում է` իհարկե՛ կգնա, մնում է ենթադրել, որ այս գործչի տրամաչափը բավականաչափ է, թե չէ որտեղի՛ց այսչափ տեղեկացվածությունն ու համոզվածությունը:



Այստեղ ուզում եմ առժամանակ թողնել Շարմազանովին ու նրա` Աստանային վերաբերող հայտարարությունը եւ փորձել տրամաբանել, թե ամենաբարձր մակարդակներում ինչպես են կայացվում քաղաքական որոշումներն ընդհանրապես: Ամենակարեւորը` ովքեր ու երբ են կայացնում: Օրինակ` Լիսաբոն չգնալու որոշումն ո՞վ եւ ե՞րբ է կայացրել: Տրամաբանությունը հուշում է` կայացրել է նախագահը, կայացրել է նախօրեին:



Եվ քանի որ Աստանա գնալ-չգնալը եւս քաղաքական քայլ է, ինչպիսին էր Լիսաբոնը, հարց է ծագում` գագաթաժողովից օրեր առաջ որտեղի՞ց գիտի Շարմազանովը, որ նախագահն «իհարկե՛ գնալու է»: Չէ որ դա առայժմ գիտի միմիայն նախագահը: Բացի այդ, Շարմազանովն ինչո՞ւ պիտի նախապես` գնալ-չգնալուց օրեր առաջ իմանա նախագահի քայլերի մասին, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը նրա հարազատ կուսակցության եւ նրա նախագահն է: Չէ որ եթե ուրիշ ոչ մի բան հաշվի չառնենք, Աստանա գնալ-չգնալը նախագահի ու դրանով արդեն ազգային անվտանգության խնդիր էլ է:



Ուրեմն ո՞ւմ է պետք այս կուսակցական ամենագիտությունը, այս քաղաքական շաղակրատանքը, եւ արդյո՞ք դա, վերջին հաշվով, չի խոսում քաղաքական գործչի տրամաչափի փոքրության մասին:



Ի դեպ: Եթե մեր գործիչների քաղաքական կշռի ու հեղինակության չափման միակ ճիշտ միավորն այնուամենայնիվ տրամաչափն է, գուցե ճիշտ է նաեւ այդ գործիչներին որեւէ զինատեսակով «բնութագրե՞լը»: Մանավանդ որ զինատեսակներից առայժմ մեկն է անձնավորված` ծանր հրետանին: «Նա ՀՀԿ-ի ծանր հրետանին է»: Չէ, Շարմազանովի համար չէ, օրինակի համար եմ ասում: Զինատեսակի հավակնելու համար Շարմազանովը դեռ պիտի սպասի: Նրան առայժմ բավարար կլինի որեւէ սովորական զենքն էլ, օրինակ` գնդացիրը:



Ոնց որ վատ էլ չի հնչում` ՀՀԿ-ի գնդացիրը:



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ