«Ժառանգությո՞ւնն» է լցոնումներ արել

«Ժառանգությո՞ւնն» է լցոնումներ արել
ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով՝ կարեւորը ոչ միայն ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, այլեւ դրանց ճիշտ կիրառումը, իսկ դրա համար օրենսգրքի 37-րդ հոդվածում հանձնաժողովի անդամների համար երդման ձեւ է մշակվել, որով նրանք պարտավորվում են միայն օրենքին համապատասխան գործողություններ իրականացնել: «Չնայած մեր հանճարեղ օրենսդիրը՝ Մխիթար Գոշը, չէր ընդունում երդման ձեւը ու ասում էր, որ կարելի է երդվել եւ հետո նաեւ այլ քայլեր կատարել»,- նկատեց Ռ. Պետրոսյանն ու ավելացրեց, որ եթե մարդը տրամադրված է խախտումների, ապա ինչպիսի բարեփոխումներ էլ արվեն, օգուտ չի տա, որովհետեւ կամ թույլ ես տալիս, որ քեզ խաբեն, կամ էլ խաբված չլինելու համար առաջինը ինքդ ես խաբում:



Հավանաբար կին լրագրողներին հաճոյանալու համար բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է պետական կառավարման համակարգում, մասնավորապես՝ խորհրդարանում, կանանց մասնակցության տոկոսը բարձրացնել, ու եթե նախկինում 10-15 տոկոս էր, այժմ նոր նախագծով նախատեսվում է մինչեւ 20 տոկոս մասնակցություն: Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նոր նախագծով փոխվում է նաեւ ընտրական գրավների չափը, եթե նախկինում մեծամասնական կարգով ընտրվող պատգամավորը վճարում էր իր նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափը, այժմ վճարելու է հազարապատիկը: Ընտրական օրենսգրքի այս բարեփոխումը նա անմիջականորեն կապեց տնտեսական կյանքի բարելավման ու մարդկանց աճող բարեկեցության հետ, ու դա այն դեպքում, երբ տնտեսության ոլորտում վերջին ամիսներին գների աճ է գրանցվում:



Հաջորդ ընտրություններում կհաջողվի լցոնումներից խուսափել, քանի որ փոխվել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, որն այսուհետ պետք է բաղկացած լինի 7 անդամից, եւ յուրաքանչյուր նոր ընտրության ժամանակ հանձնաժողովի 1/3-ը պետք է փոխվի, իսկ ամենակարեւորն այն է, որ դրանք չեն կարող լինել կուսակցականներ եւ չեն կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ: ԿԸՀ նախագահին էլ նշանակելու է ՀՀ նախագահը, իսկ տեղակալին եւ քարտուղարին ձայների մեծամասնությամբ ընտրելու է արդեն հանձնաժողովը:  Լրագրողները հետաքրքրվեցին՝ պարոն Պետրոսյանն իր խոսքում մի քանի անգամ նշեց լցոնումների մասին, այսինքն ՀՀԿ-ն ընդունո՞ւմ է, որ նախկինում եղել են լցոնումներ, ու եթե եղել են, կնշանակի, որ ՀՀԿ-ն լեգիտիմ չէ՞:



Ռ. Պետրոսյանը պատասխանեց, որ դա օդից վերցրած դատողություն է, որովհետեւ ՀՀԿ-ն ժողովրդի հարգանքի ու վստահության հաշվին է անցել իշխանության: Եվ ոչ թե ՀՀԿ-ն է լցոնումներ արել, այլ պարզապես այդ լցոնումներն արվել են ՀՀԿ-ի ներկայությամբ: «Ես անընդհատ ականատես եմ եղել, թե ընդդիմությունը, հենց թեկուզ «Ժառանգությունը», որ այսօր մեծ-մեծ խոսում է, ընտրությունների ժամանակ ինչ խախտումներ, լցոնումներ է արել ու փող բաժանել բնակչությանը: Ես ինքս եմ տեսել եւ զանգել միլիցիա ու ԱԱԾ աշխատակիցներին, որ գնան բռնեն դրանց»,- նշեց ՀՀԿ-ական Ռ. Պետրոսյանը: Նա երաշխավորեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից լցոնումներ չեն լինելու, որովհետեւ կուսակցությունը դրա կարիքը չունի, իսկ ԲՀԿ-ի տոկոսը հնարավոր է բարձրանա, որովհետեւ «մարդիկ մեր աչքի առաջ լավ էլ աշխատում են»:



Նա հանդես եկավ «լավատեսական» կանխատեսումով: «Անգամ դեմոկրատիայի մայր կամ հայր երկրներում ընտրությունների ժամանակ լինում են խախտումներ, դրանք անպայման տեղի կունենան նաեւ մեր երկրում, բայց մասսայական բնույթ չեն կրի»,- ներկաներին հանգստացրեց բանախոսը, ավելացնելով, որ եթե չկա քաղաքական կամք, մեկ է, ինչ օրենսգիրք էլ ունենաս, խախտումներ լինելու են:



ՀԳ - Երեկ «Ժառանգության» պատգամավորները կայքերում արդեն հակադարձել էին Ռ. Պետրոսյանին, նրան անվանելով մառազմատիկ, նրա խոսքերը` զավեշտական եւ այլն: