Բռնի բերել էին համերգի

Բռնի բերել էին համերգի
Արագածոտնի մարզային իշխանությունը Հանրապետական կուսակցության անունից մարզի աշխատավոր եւ թոշակառու խավի տրամադրությունը բարձրացնելու համար նոյեմբերի 25-ին Թալին, իսկ 26-ին՝ Աշտարակ քաղաքում համերգ էր կազմակերպել: Համերգը նվիրված էր Հանրապետական կուսակցության 20 ամյակին: Թեեւ նախօրոք հանձնարարվել էր Թալինի տարածաշրջանի համայնքապետերին եւ դպրոցի տնօրեններին անհրաժեշտ քանակությամբ մարդ ապահովել, սակայն համերգի ժամանակ պարզվեց, որ դահլիճն այնքան էլ լեփ-լեցուն չէ:



Պարզվեց, որ անգամ Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բանի տեղ չի դրել հանձնարարականը, եւ համերգին քաղաքապետարանից մասնակցում էր մի քանի հոգի: Մի քանի թոշակառու էլ Թալին քաղաքից էին, որոնք նախընտրում էին տաք եղանակին հավաքվել Թալինի միակ հրապարակում: Մնացածներն ուսուցչուհիներ էին եւ աշակերտներ՝ հիմնականում միջին դասարանների: Ուսուցչուհիներից մեկը, որ չցանկացավ իր անունը թերթում հրապարակել, ասաց. «Մարզպետարանից մեր տնօրենին հանձնարարել են, որ մի  ավտոբուս մարդ ապահովի, այլապես գրավոր նկատողությունն անխուսափելի է: Մենք էլ՝ հոգնած, անտրամադիր, հազար ու մի հոգսերի մեջ, եկել եք: Ահա տեսեք, մարզպետարանի աշխատողը դիմավորում, ընդունում է հանդիսատեսին, ցուցակում նշում, թե որ դպրոցից քանի հոգի է եկել, որ գյուղապետարանից` քանի»: Ի դեպ, եթե դպրոցների հաշվին կարողացել էին այնուամենայնիվ թիվ ապահովել, այն էլ աշակերտների հաշվին, ապա գյուղապետարաններից շատերը հանդուգն էին գտնվել. կամ քչերն էին եկել, կամ ընդհանրապես չէին եկել:



Նույնն էր պատկերը նաեւ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում: Քաղաքի ու հարեւան գյուղերի դպրոցներից բռնի բերել էին հրապարակ: Ոչ մի կերպ տոնական տրամադրություն չապահովվեց նաեւ Աշտարակում: Այնուամենայնիվ, ոչ տոնական տրամադրությամբ էլ դպրոցի տնօրեններ` երկու-երեք կին Հանրապետական կուսակցությունից, նաեւ միջին դասարանցի մի աշակերտ, փառաբանում էին Հանրապետական կուսակցության բարի գործերը, իսկ մարզպետ Ս. Սահակյանն արձանագրեց կտրուկ ձեռքբերումներ գյուղատնտեսության, մինչհամայնքային ճանապարհաշինության, ներտնտեսային ոռոգման ցանցերի եւ այլ բնագավառներում:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ