Ինչու Նիկոլին տարան Արթիկ

Ինչու Նիկոլին տարան Արթիկ
Երեկ, ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, հայտարարություն են տարածել երեք ստեղծագործական միությունների ղեկավարներ՝ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրանք մասնավորապես նշել են. «Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների»:



Երեկ Նիկոլ Փաշինյանին անսպասելի «Կոշից» տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Հայտարարել են, որ «անվտանգության նկատառումներից ելնելով»: Սա, ըստ էության, պատժի խստացում է, քանի որ «Արթիկը» կիսափակ տիպի կալանավայր է: Սակայն պատժի խստացում կարելի է անել միայն դատարանի վճռով, ինչը, փաստորեն, չի արվել: «Արթիկում» Նիկոլին պահելու են առանձին խցում, եւ նրա տեղաշարժի հնարավորությունն ավելի սահմանափակ է լինելու, քան «Կոշում»: Սակայն չի բացառվում, որ սա արվել է ոչ թե նրա անվտանգության, այլ գրելու եւ տպագրվելու հնարավորությունը սահմանափակելու համար: Ի դեպ, վերջին օրերին նրան արգելվել է նամակագրությունը՝ պատժախցում լինելու պատճառով, եւ ՀԺ-ն այս օրերին արտատպում է նրա հին հոդվածները:



Մինչ այժմ նա իր հոդվածները փոխանցում էր փաստաբանների միջոցով, եւ փաստաբանների՝ ամեն օր Արթիկ հասնելու հանգամանքն արդեն կարող է նվազեցնել հրապարակումների պարբերականությունը: Պատժախցում մնալու 15-օրյա ժամկետն ավարտվում է այսօր, եւ վաղը պարզ կդառնա, թե ինչ է փոխվել Փաշինյանի ռեժիմում: