Այսքան ուրախ կյանքը մեր

Այսքան ուրախ կյանքը մեր
Մի քանի օր «Հայլուր» լրատվական ծրագիրը նայելը բավական է, որ նողկանքով լցվես այս երկրի, նրա իշխանությունների, նրա գաղափարախոսության ու քարոզչամիջոցների նկատմամբ: Այն պրիմիտիվ-կացնային մեթոդները, որ կիրառում է մեր իշխանությունը ինքնագովազդի, թշնամիներին վարկաբեկելու, մարդկանց ուղեղները լվանալու համար, հատուկ էին միայն խորհրդային տոտալիտարիզմին, որը երկու տասնամյակ առաջ անցել է պատմության գիրկը: Բայց հայտնի է, որ մեթոդներն անմահ են՝ անգամ եթե մեռել են դրանց ծնող պատճառներն ու սնող միջավայրը: Եվ այսպես, ինչ է անում «Հայլուրն» իր ծտալեզու թղթակիցների շուրթերով: Ցուցադրում է դրախտ-երկիր Հայաստանս, որտեղ բոլորը երգում ու պարում են, համերգներ ու ցուցահանդեսներ են գնում, պոեզիայի ու մեծարանքի երեկոներ են կազմակերպում, եզակի ձեռագրեր են բերում Հայաստան, երկրի նախագահն էլ աշխարհի մեծերի հետ սեղան է նստում Աստանայում, եւ այնտեղ միակ տխուր բանը ցուրտ եղանակն է: Եվ դրա կողքին անմիջապես՝ թե ինչպես է աշխարհն իրար անցել ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հրապարակման առիթով: Հետո պատմում է, թե ինչքան վատ են ապրում վրացիները, որտեղ գների թանկացում կա, եւ երեխաներին զվարճանքի վայրեր տանելու փող չունեն, ու նրանց միակ ուրախությունը բակում խաղալն է: Ապա, չգիտես ինչու, պլաստիկ վիրահատությունների մասին մի հսկա ռեպորտաժ է գնում, որի միայն վերջին պարբերությունից ես հասկանում, թե ինչու է լրատվական ծրագրին ոչ բնորոշ այս նյութը պատրաստվել. բանն այն է, որ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիբանը, ըստ ամերիկացիների, բազում պլաստիկ վիրահատություններ է արել: Չի հասկացվում, իհարկե, թե ինչու է դա ասվում. արդյո՞ք այն, որ կինն իր արտաքինի մասին հոգ է տանում, վատ ազդեցություն կգործի լսողների վրա: