Արարատի գրոհը շարունակվո՞ւմ է

Արարատի գրոհը շարունակվո՞ւմ է
Օրերս աշխատանքից ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը: Նրան աշխատանքից ազատելու վարչապետի որոշման պատճառը հասարակությանն անհայտ է: Որոշ տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանն ազատվել է աշխատանքից Արարատում Հովիկ Աբրահամյանի «մարդը լինելու» համար: Ասվում է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը լուրն իմացել է պաշտոնական այցով Սիրիայում գտնվելու ժամանակ ու այնտեղից փորձել է «փրկել» իրավիճակը՝ զանգահարելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն ոչինչ չի ստացվել:



Ի դեպ, վերջերս մարզում փոխվել է նաեւ հարկային տեսչության պետը, ինչը կրկին կապվում է Արարատի մարզն ապահովիկացնելու, Հովիկ Աբրահամյանի մարդկանց մարզում էական լծակներից զրկելու հետ: Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ մեկնել էր հարազատ մարզ՝ Արարատ, «Տերյանական օրեր» միջոցառման շրջանակում: Մենք զրուցեցինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ (Լոնդիկ), ով արդեն նաեւ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարն է:



- Պարոն Բարսեղյան, ինչո՞վ է պայմանավորված մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հեռացումը պաշտոնից:



- Դուք գիտեք, որ վարչապետի որոշումով նշանակվում ա, վարչապետի որոշումով ա ազատվում: Կարող եք կառավարությանն էդ հարցը տալ:



- Արդյոք այդ պաշտոնանկությունը կապ ունի՞, որ նա, ասում են, եղել է Հովիկ Աբրահամյանի մարդը:



- Չէ, ես էդպիսի բաներ չգիտեմ, ու աշխատակազմի ղեկավարներին նշանակում է վարչապետը: Խնդրում եմ էդպիսի հարցերն ինձ մի ուղղեք:



- Մարզպետարանում լուրջ թերություննե՞ր են արձանագրվել, դա՞ է պատճառը, որ հանել են աշխատակազմի ղեկավարին:



- Էդ հարցը ինձ մի տվեք: Ես որ իմանամ էլ, ինչի՞ պիտի պատասխանեմ: Նախ՝ չգիտեմ, հետո էլ վարչապետի որոշումով ընդունվում ա, վարչապետի որոշումով ազատվում ա:



- Բայց դա կամայական որոշումով չի կարող լինել, հիմնավոր պատճառ պիտի լինի, չէ՞:



- Դե, հիմա մի քանի աշխատակազմի ղեկավարներ են հանել, դա ինքն ա որոշել, մեր մարզի հետ կապ չունի: Մարզում տիրում է առողջ բարոյաքաղաքական մթնոլորտ, Աբրահամյան Հովիկը մարզում ունի իր տեղն ու դիրքը, մեծ հեղինակություն է վայելում: Ինքն էլ, պարոն Սարգսյան Ալիկն էլ, որոնք մարզպետ են աշխատել, եւ ես բավականին ուրախ եմ, որ իրենք այդպիսի լավ անուն են թողել մարզում: Բնակչությունը շատ գոհ է իրենցից:



- Ինչի՞ց պետք է գոհ լինի բնակչությունը:



- Լավ են աշխատել, մարզային ճանապարհները բոլորը ասֆալտապատված են: Մարզի հիվանդանոց, դպրոցներ, գերակշռող մասը վերանորոգված է: Գյուղատնտեսությունը զարգացած է: Այս տարի 2 հազար տոննա խաղող ենք արտադրել եւ մթերել:



- Իսկ այս պաշտոնանկությունը չի նշանակո՞ւմ, որ կառավարությունն է դժգոհ մարզպետարանի աշխատանքից:



- Ես չեմ կարող ասել: Իր ղեկավարման 4 տարին լրացել է, պայմանագիրը չի երկարացվել:



- Իսկ այսօր մարզում ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է:



- Առողջ, բարոյաքաղաքական մթնոլորտ է:



- Նաեւ մարզի հարկայինի պետին են, չէ՞, փոխել:



- Այդ աշխատանքը մարզպետը չի համակարգում: Ես անում եմ այն, ինչոր պարտավոր եմ անել, հարկային, մաքսային ծառայությունները ղեկավարվում են իրենց նախարարների կողմից:



- Ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ ինչպե՞ս են:



- Շատ ջերմ եւ լավ: Շատ ջերմ եւ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, եւ Ալիկ Սարգսյանի նկատմամբ:



- Այսօր Արարատում կայացած տերյանական միջոցառման ընթացքում Դուք Հովիկ Աբրահամյանի կողքին էիք նստած, քննարկվե՞լ է աշխատակազմի ղեկավարի հեռացման հարցը:



- Բացարձակ: Ընդհանրապես ոչ մի անգամ ինքը նման բան չի քննարկել: Նման բան չի եղել: Տերյանական միջոցառում է եղել, ելույթ է ունեցել Հովիկ Աբրահամյանը, որը ծափահարություններով ընդունվեց:  Բավական շնորհաշատ երեխաներ կան մարզում, ասմունքեցին Տերյանից, ներկայացրին:



- Իսկ Հովիկ Աբրահամյանն ասմունքե՞ց Տերյան:



- Չէ: Հովիկ Աբրահամյանը չի ասմունքում, Հովիկ Աբրահամյանը հովանավորել է միջոցառումը եւ ելույթ ունեցավ: Շատ լավ միջոցառում էր:



- Դուք նաեւ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն եք դարձել, արդեն գիտե՞ք Ձեզնից որքան ձայն է պահանջվելու, որքան ձայն պետք է ապահովեք Հանրապետականի համար:



- Դեռ 1,5 տարի կա, վաղ է այդ խոսակցությունների հարցը քննարկելու համար: Պահանջելը ո՞րն է, ով որքան կարողանա, ձայն կստանա, ձեւն էդպես չի: Ով որքան աշխատի, նախընտրական քարոզարշավ անի: Ես նոր ծանոթացել եմ կուսակցության տեղի ղեկավարների հետ:



- ԲՀԿ-ի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են մարզում:



- Նորմալ:



- Ասում են՝ ԲՀԿ-ն բավական ակտիվ է այդտեղ:



- Դա իրենց գործն է: Նորմալ են հարաբերությունները: Ունենք համայնքի ղեկավարներ ԲՀԿ-ից, քաղաքապետ ունենք, ահագին գյուղապետեր ունենք, նորմալ աշխատում ենք էդ մարդկանց հետ: