Չի կարելի պայքարել խոսքի ազատության համար` ճնշելով այն

Չի կարելի պայքարել խոսքի ազատության համար` ճնշելով այն
ՀՀՇ-ի ներսում կոնֆլիկտը, որն արտահայտվեց երկարամյա նախագահ Արարատ Զուրաբյանին եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին պաշտոնանկ անելով, կամաց իջավ երիտասարդական թեւ: Երիտթեւի առաջնորդ Կարեն Կարապետյանը, որը նաեւ ՀՀՇ մամուլի պատասխանատուն էր, եւս հեռացավ: Նրան հետեւեցին մոտ 30 երիտասարդներ: Վերջին ակորդը երիտթեւի համագումարն էր, որտեղ արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին ու իր թիմակիցներին կոշտ գնահատականներ ուղղվեցին եւ նոր նախագահ ու վարչություն ընտրվեց: Ավելին, համագումարից առաջ Կարենին իշխանությունների հետ համագործակցության մեջ մեղադրեց ՀՀՇ երիտթեւի փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: ՀՀՇ երիտթեւի նախկին ղեկավարի հետ զրուցեցինք իրեն ուղղված մեղադրանքների ու գնահատականների շուրջ:



- Կարեն, ինչո՞ւ համագումարին չէիք մասնակցում:



- Գտնում եմ, որ պետք է հրավիրեին, որովհետեւ ես ՀՀՇ երիտասարդական միության նախագահն էի հինգ տարի շարունակ, սակայն հրավերք չի ստացվել, քանի որ գտնում եմ՝ որոշ մարդիկ պատրաստ չէին դեմ առ դեմ անկեղծ եւ բաց քննարկման: Եթե հրավերքը ստացվեր, ապա, անշուշտ, կգնայի, կապ չունի՝ ես հրաժարական եմ տվել միության նախագահից, թե ոչ: Ես սրտացավ եմ  ոչ միայն ՀՀՇ երիտասարդական միության նկատմամբ, այլեւ կուսակցության, որովհետեւ իմ կյանքի լավագույն տարիները զոհաբերել եմ, կարելի է ասել, անցկացրել եմ ՀՀՇ կուսակցությունում: Իմ քաղաքական ներկան եւ ապագան կերտել եմ իմ սեփական ձեռքերով՝ ի տարբերություն ոմանց, որոնք 88-ի շարժման ժամանակ,  անկախ իրենց կամքից, հայտնվեցին շարժման շերտերից որեւէ մեկում, եւ հիմա այդ մարդիկ, տիրանալով իմ աշխատանքին, փորձում են ինձ զրպարտել:



- Ո՞ւմ նկատի ունեք:



- Տվյալ պարագայում նկատի ունեմ Սամվել Աբրահամյանին, որն անամոթաբար հերյուրանքներ է տարածում մամուլում՝ իբր ես ուղղորդվում եմ իշխանությունների կողմից: Յուրաքանչյուր ոք, ով իր մտքով կանցկացնի, որ ես ուղղորդվում եմ այս իշխանությունների կողմից, կամ զուրկ է բանականությունից, կամ բարոյականությունից: Ունենալով կարճատեւ շփում Սամվել Աբրահամյանի հետ՝ ամեն դեպքում, կարող եմ ասել, որ նա բանականությունից զուրկ չէ:



- Ի՞նչն է դրդել նրան նման բովանդակությամբ  հայտարարություն անել:



- Կարծում եմ՝ հիմք են հանդիսացել իր նեղ անձնային շահերը: Այդ մեղադրանքները հնչեցրեց, երբ որ դարձավ, շեշտում եմ՝ ոչ թե ընտրվեց, այլ դարձավ ՀՀՇ վարչության փոխնախագահ: Հավանաբար համագումարի ժամանակ իր անվան դիմաց արձանագրված ձայները տեսնելով՝ երեւի մտածել էր, թե իրեն այդքան մարդ է ճանաչում ՀՀՇ-ում: Կցանկանայի մի շարք հարցեր ուղղել իրեն: Ո՞ւր էր ինքն առհասարակ այս 12 տարիների ընթացքում, երբ որ ՀՀՇ-ն գտնվում էր շատ դժվարին իրավիճակում, երբ տառացիորեն մատների վրա հաշված մարդիկ կային, որոնք փորձում էին պահպանել այդ կուսակցությունը:



Ավելին, երբ որ դատավարություն էր սկսվել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանի դեմ, Սամվել  Աբրահամյանը որեւէ անգամ չհայտնվեց դատարանի դահլիճում եւ իր ներկայությամբ չփորձեց աջակցություն ցույց տալ Վանո Սիրադեղյանին: Գիտեք ինչ, կարծում եմ, կարող էին լինել որոշակի տարաձայնություններ տվյալ ժամանակահատվածի ՀՀՇ ղեկավարության հետ, սակայն չընդունել, որ Վանո Սիրադեղյանը այս իշխանությունների առաջին քաղհալածյալն է, դա անբարոյականություն է: Երեւի գործում էր «շառից-փորձանքից հեռու» սկզբունքը: Բացի այդ հիմա, որ  թաքնվել է ուրիշի թիկունքում ու սկսել է հոխորտալ, միթե այս 12 տարիների ընթացքում չգիտեր, որ այս իշխանությունները հանցավոր են, եթե գիտեր, թող մեկ անգամ ահազանգեր: Ես նրան առաջին անգամ տեսել եմ համագումարի ժամանակ, եւ զավեշտն այն է, որ նա, 12 տարի մուտք չգործելով կուսակցություն, եկավ միայն համագումարի օրը, եւ իրեն շատ լավ հայտնի է, թե ինչ պայմաններում ընտրվեց ՀՀՇ վարչության փոխնախագահ:



- Կարեն, համագումարի ելույթում Արամ Մանուկյանը խորհուրդ է տվել երիտասարդ ՀՀՇ-ականներին չմեծամտանալ, քանի որ այդ պատճառով իրենք կորուստներ ունեցան կուսակցությունում: Դուք մեծամտացե՞լ եք, Ձե՞զ նկատի ուներ:



- Լավ խորհուրդ է տվել՝ չմեծամտանալ, քանի որ դա ոչ մեկին որեւէ լավ բանի չի հանգեցնում: Առանց անուններ տալու է ասել, հետեւաբար ես չեմ կարող ասել, թե նա կոնկրետ ում նկատի ուներ: Ես ինքս եւս կցանկանայի որոշ մարդկանց խորհուրդներ տալ, որ եթե որեւէ մեկի մտքով անցնի իմ քաղաքական սկզբունքայնությունը կասկածի տակ դնել, ապա թող մի թռուցիկ հայացք նետի իր անցած ճանապարհին: Ցավալի է, որ  կան մարդիկ, ովքեր պատահականության կամ զուգադիպության շնորհիվ քաղաքական ասպարեզում ձեռք են բերել շատ ավելի մեծ համբավ, քան արժանի են դրան: Հմտորեն քողարկելով իրենց նեղ անձնային շահերը՝ հագել են շիտակ եւ սկզբունքային մարդու դիմակ, սակայն այդ նույն մարդիկ 1998 թ., ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հայտ ներկայացրեցին՝ խոնարհ ծառայելու Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին եւ միայն այնտեղից դուրս շպրտվելուց հետո կրկին հիշեցին իրենց սկզբունքայնության մասին: Կա ժողովրդական լավ ասացվածք՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին:



- Կուսակցությունում այս խռովությունն ինչի՞ց ծագեց:



- Ես ՀՀՇ-ում նկատում եմ որոշ առումներով ժողովրդավարության եւ ազատական արժեքների նահանջ: ՀՀՇ կուսակցությունը խարսխված է այդ գաղափարների վրա՝ ժողովրդականության ու ազատականության: Երբ կուսակցության գլխավոր սկզբունքները սկսում են տատանում ապրել, եւ սկսում է մերժվել այլակարծությունը, ես չեմ կարող լռել ու այդ մասին չբարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում ջայլամի քաղաքականություն վարել: Չէ որ մենք պայքարում ենք սահմանադրական կարգը վերականգնելու համար, ինչն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ բնագավառներ, դա մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն են: Չի կարելի  պայքարել խոսքի ազատության համար՝ ճնշելով խոսքի ազատությունը:



Այս մթնոլորտը լարվեց զուտ այն պատճառով, որ ես, նկատելով ինձ մտահոգող երեւույթները, հարկ եմ համարում բարձրաձայնել թե կուսակցության ներսում, թե մամուլում: Բայց կան մարդիկ, որոնք իրենց վրայից թոթափում են պատասխանատվությունը եւ հայտարարում, թե ես իբր ուղղորդվում եմ այս իշխանությունների կողմից եւ իբր դեմ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երբ մարտիմեկյան դեպքերից հետո որոշ մարդիկ ամիսներով թաքնվեցին ու որեւէ բառ իրենց թաքստոցից չէին ասում, ես այդ ընթացքում ակտիվորեն պայքարել եմ այս իշխանությունների դեմ, պայքարել եմ հանուն ժողովրդավարության եւ ազատության՝ թե ԶԼՄ-ներով, թե ակցիաներով, թե հացադուլով: Երբ համեմատաբար անցել են վտանգավոր ժամանակները, այդ մարդիկ գլուխ են բարձրացրել եւ ուրիշների աշխատանքը փորձում են վերագրել իրենց եւ իրական կատարողներին ոչ միայն փորձում են դուրս վանել, այլեւ ներկայացնել իշխանություններից ուղղորդվող:



- Այս լարվածությունն ինչի՞ կարող է հանգեցնել, հնարավո՞ր է դուրս գաք ՀՀՇ-ից:



- Ես 15-16 տարեկանից իմ կյանքն անցկացրել եմ ՀՀՇ-ում, ինչն իմ համար սոսկ կուսակցություն չէ, արժեքային համակարգ է: Ես չեմ բացառում, որ ՀՀՇ վերնախավը փորձ անի ազատվել ինձանից: Եթե նույնիսկ հեռացնեն, ես չեմ պատրաստվում ուրանալ իմ այն արժեհամակարգը, որը որդեգրել եմ, այն գաղափարախոսությունը, որի վրա խարսխված է իմ քաղաքական գործունեությունը: