Հանգանակություն, թե դրամաշորթություն

Հանգանակություն, թե դրամաշորթություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի, բացի ամենամյա հեռուստամարաթոնից, «Ջուրը կյանք է» կարգախոսի տակ հանգանակություն է կազմակերպել նաեւ դպրոցներում: Ուսուցիչներն արկղերով մտնում են դասարաններ եւ աշակերտներին հորդորում հնարավորության չափով իրենց լուման ներդնել Ղարաբաղի  բարգավաճման գործում, սակայն աշակերտները ոչ միայն հանգանակությանը չեն մասնակցում, այլեւ հրաժարվում են եւ անգամ իրենց ուսուցիչների վրա զվարճանում:



Մի ուսուցիչ պատմեց, թե երբ արկղով մտել են դասարան՝ «մուրալու», 6-րդ դասարանցի մի աշակերտ, հրաժարվելով նույնիսկ 10 դրամ գցել արկղի մեջ, վրդովված նկատել է. «Ժողովրդին կլպեցին-պրծան, հիմա էլ անցել են մեր բուլկու փողերի՞ն»: Պատմում են, որ եղել են դասարաններ, որ 30 աշակերտով 300 դրամ հազիվ են հավաքել: Ի դեպ, այս մուրացկանությունը վրդովեցրել է նաեւ պետական հիմնարկների աշխատողներին:



Նրանց էլ ստիպում են sms-ներ ուղարկել հատուկ համարին, որի արդյունքում 5 հարյուր դրամ փոխանցվում է հիմնադրամին: Իսկ դպրոցներում ուսուցիչներին ասել են, որ հանուն Ղարաբաղի ջրի խնդրի լուծման իրենց աշխատավարձից պահումներ են կատարելու: Եթե սրան գումարենք, որ թելեթոնի ժամանակ խոստում-հանգանակությունների մեծ մասը էլի կրթօջախներն ու աշակերտներն էին անում, պարզ կդառնա, որ հանգանակությունը վերածվել է մուրացկանության եւ շորթման: