Եվրոպան կօգնի՞

Եվրոպան կօգնի՞
Աստանայի գագաթաժողովի գագաթնակետը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, մեր երկրի նախագահի ելույթն էր, որի որոշ հատվածներ կարելի է ողջունել, որոշ հատվածների հետ վիճել եւ որոշ հատվածներ ընդհանրապես մերժել: Նախ, ուրախալի էր, որ Սերժ Սարգսյանը խոսեց հայերեն: Մեր երկրի նախագահները դրսում, չգիտես ում հաճոյանալու, թե իրենց էրուդիցիան ցույց տալու համար խոսել են ռուսերեն, անգլերեն: Այս անգամ հայերեն լեզվով խոսքը, կարծում եմ, միայն ազգային հպարտության զգացում առաջացրեց մեզանում: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա խաղաղ կարգավորման պատրաստակամության, հակապատերազմյան հատվածները փայլուն էին: Նաեւ շեշտադրումները, որ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի», եւ գլխավորը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ, ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքի ապահովումն է: Գուցե արժեր նաեւ ընդգծել, որ «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին»: Սա թերեւս խաղաղասեր աշխարհի համար ընդունելի միտք է եւ կարող է աշխատել: Բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մերժողական տոնն ու «կծոցները», որ ուղղված էին Իլհամ Ալիեւին ու Ադրբեջանին եւ կարմիր թելի նման անցնում էին ողջ ելույթի միջով: Եթե պարզ մարդկային հարաբերությունների հետ զուգահեռ անցկացնենք, ապա այն մարդը, որի հետ դու կոնֆլիկտ ունես, հաշտության փորձերը չես սկսում հայհոյելուց ու վիրավորելուց: Հակառակը՝ մի կոպիտ խոսքը կարող է ընդհանրապես ձախողել հաշտվելու հեռանկարը: Ի՞նչ տարբերություն մարդկանց եւ պետությունների միջեւ: Սկզբունքը նույնն է: Կնշանակի՝ այդ ելույթն ուղղված էր աշխարհին, որի հետ մենք հերթական անգամ կապում ենք մեր հույսը, մեզ զրկելով հաշտության հեռանկարից: