Պանրից է՞լ զրկվեցինք

Պանրից է՞լ զրկվեցինք
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիսավոր ամփոփեց պանրի շուկայում կատարած ուսումնասիրությունները եւ ասաց բաներ, որոնք բնակչությանը թերեւս վաղուց էին հայտնի: Ի՞նչ հայտարարություններ էին դրանք, որոնք լրատվամիջոցները շտապեցին անվանել «սենսացիոն բացահայտումներ պանրի շուկայում»: Նախ այն, որ պանրի գնի թանկացումը համարժեք չէ կաթի գնի թանկացմանը: Ապա այն, որ պանրի մեջ օգտագործում են ոչ միայն կաթի փոշի, այլեւ «կաթնային ծագում չունեցող նյութեր», մասնավորապես՝ սոդա: Անգամ եթե ընդունենք, որ սրանք «սենսացիոն բացահայտումներ» էին, մի շարք հարցեր, այնուամենայնիվ, ծագում են: Ասենք՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված կաթի գնի բարձրացումը, եթե այն իսկապես բարձրացել է: Կովերի կաթնատվությո՞ւնն է ընկել, հարկադիր մո՞րթ է եղել, թե՞ կովերն արտագաղթել են երկրից: Ո՞վ է զբաղվելու եւ պարզելու կաթի գնի բարձրացման պատճառը: Հաջորդը՝ ի՞նչ է հետեւում այս հայտարարությունից. պանրի գինը կիջեցնե՞ն, թե՞ սպասենք հաջորդ թանկացումներին՝ թթվասերի, կաթնաշոռի, մյուս կաթնամթերքների գների առումով: Եթե պանրի մեջ սոդա եւ այլ արգելված մթերքներ են օգտագործվում, ո՞վ է դրա համար պատասխանատու եւ ինչպե՞ս է վերացվելու այդ խնդիրը: Թե՞ շարունակելու ենք սոդայով մեր ստամոքսները քայքայել, դրան վրադիր կլանելով նաեւ մյուս մթերքների մեջ օգտագործվող եւ ՏՄՊՊՀ-ի կողմից առայսօր չհայտնաբերված վնասակար նյութերը: Չէ որ եթե մինչ օրս վստահ էինք, որ կաթնամթերքի արտադրությունը մեզանում կայացել է եւ մեր ավանդական կաթն ու մածունը, պանիրն ու թթվասերը տեղական են ու որակով, ապա ինչու պետք է վստահություն ունենանք, ասենք՝ հացի, ձվի, հավի, էլ չենք խոսում՝ երշիկների ու մյուս ածանցյալ մթերքների հետ կապված: