Քանի՞ կոպեկ արժե այս մոնիտորինգը

Քանի՞ կոպեկ արժե այս մոնիտորինգը
Ազգային ժողովում երեկ ավարտվեց մարտի 1-ի հարցով նիկոյանական հանձնաժողովի առաջարկությունների կատարման մշտադիտարկման զեկույցի քննարկումը: Մոտ 100 էջանոց զեկույցը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, չմասնակցեց քննարկմանը: ԲՀԿ-ից կրավորական ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը:



Փոխարենը զեկույցը բացասական գնահատեցին «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: «2008թ. մարտի 1-2-ի հետեւանքները դեռ վերացված չեն, պատճառները լիովին բացահայտված չեն: Պետությունը գնահատական չի տվել ոչ պատճառներին, ոչ կատարողներին: Եթե հանրապետության երեք նախագահները, որպես կարեւորագույն դերակատարներ, հանցաքննված չեն, 10 անձանց սպանությունները բացահայտված չեն, ի՞նչ մոնիտորինգ եք անում: Եթե 11 մարդ դեռ իր քաղաքական հայացքների համար բանտերում է, ինչի՞ մասին է խոսքը: Քանի՞ կոպեկ արժե այս մոնիտորինգը»,- հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։



«Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ մոնիտորինգային հանձնաժողովի գործունեությունը վկայում է, որ իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները եւ գնում են ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ»,- իր հերթին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով. «Ի՞նչ է արվել այս ժամանակահատվածում: Ոչինչ, բացառությամբ մի քանի տեխնիկական բնույթի հարցերի: Խնդիրներին տրվել են ձեւական պատասխաններ: Ձեր իրականացրած մոնիտորինգն ու բարեփոխումները հակաժողովրդավարական, հակասոցիալական են»:



Նա հավելեց, որ արդեն 1 տարի խորհրդարանում գործում է մարտի 1-ի հետեւանքների վերացմանն ուղղված գործողությունների մոնիտորինգի հանձնաժողով, սակայն դրական արդյունք առայժմ չեն տեսել: «Այսօր էլ անօրինական եւ անհեթեթ պատճառաբանություններով մերժվում են միջոցառումները, ոչինչ չի փոխվել»,- գնահատական ներկայացրեց պատգամավորը: Եթե Սամվել Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում 2008 թվականի ողբերգական դեպքերի հիմնական պատճառը ներկայացվում էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապա անցած տարիների ընթացքում այն շտկելու ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, ավելին, ըստ Արծվիկ Մինասյանի՝ մեծամասնությունն իր քվեարկությամբ նպաստում է  կառավարության  հակասոցիալական քաղաքականության իրականացմանը:



ՀՅԴ պատգամավորը զեկույցը գնահատեց «անորոշ ժամկետով ինչ-որ ցանկությունների ամբողջություն»: «Այդպիսի ցանկություններ մենք շատ ենք տեսել, շատ ենք լսել, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի»: ՀՅԴ առաջարկությամբ պետք է դադարեցնել այդ հանձնաժողովի գոյությունը, ստեղծել նոր հանձնաժողով թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացվածությամբ, հարցերի քննարկումը տեղափոխել մասնագիտական դաշտ:  «Այն հնարավորությունը, որ տրված էր մեզ, արդեն մսխել եւ վերջացրել ենք»,-եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը:



«Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանը իրավապահ համակարգը որակեց անգործունակ, քանի որ չի կարողանում 2 տարվա ընթացքում գտնել այն 4 ոստիկանին, որոնք կրակել են «Չերյոմուխայով» եւ առնվազն 4 մարդու մահվան պատճառ դարձել: Ըստ պատգամավորի՝ ողբերգական դեպքերի պատճառն իսկապես անարդարությունն էր, ինչը մարդկանց դուրս է բերում փողոց. «Եվ այնտեղ նրանց հանդիպում է ոչ թե սոցապ նախարարը կամ դատարանները, որոնցից դժգոհ է քաղաքացին, այլ ոստիկանությունը, եւ բոլորի չարածների համար պատասխանատվությունն ընկնում է ոստիկանների վրա»:



«Ես ակնկալում էի փոքր-ինչ ավելի առարկայական քննարկում»,-քննարկման ավարտին հայտարարեց զեկույցի հեղինակ Դավիթ Հարությունյանը՝ զեկույցի առթիվ քննադատությունը որակելով «քաղաքական հայտարարություն»: Նա որեւէ կերպ չարձագանքեց հանձնաժողովը ցրելու մասին հայտարարությանը՝ հայտարարելով, թե  պատրաստ է առաջարկների դեպքում սյունակներ ավելացնել զեկույցում: «Պետաիրավական հանձնաժողովը, լինելով ծանրաբեռնված, մեծ ուշադրություն է դարձնում այս աշխատանքին»,- իրենց տքնաջան աշխատանքի մասին հանրությանն իրազեկեց  Դավիթ Հարությունյանը: Այդպիսով քննարկումն ավարտվեց: