Հայաստանն ունի Սերժ Սարգսյան, բայց չունի նախագահ

Հայաստանն ունի Սերժ Սարգսյան, բայց չունի նախագահ
Դեկտեմբերի 4-ին կառավարության նիստերի դահլիճում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 7-րդ համագումարն էր, որն ինչպես մյուս բոլոր համագումարները, բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, ինչից հետո ներկաները հարմարավետ տեղավորվեցին աթոռներին: Դահլիճում ազատ տեղ չկար: Ներկա էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ի դեպ, մինչ համագումարը սկսվելը մարդիկ մի թեմա էին քննարկում՝ Տեր-Պետրոսյանի գալ-չգալու հարցը:



Խոսակցությունները դադարեցին, երբ առաջին նախագահը հայտնվեց դահլիճի մուտքի մոտ: Համագումարին ներկա էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք, իսկ իշխանական թեւից ոչ ոք ներկա չէր: Երկարաշունչ ելույթով համագումարը բացեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Խոսեց կեղծված ընտրությունների, դրա հետեւանքով բանտերում հայտնված անմեղ մարդկանց, «հարուցված շինծու քրեական գործերի» մասին՝ այդ ամենի միակ մեղավորը համարելով ներկայիս իշխանություններին:



«Մինչ օրս անազատության մեջ են գտնվում մի շարք ընդդիմադիր գործիչներ, ովքեր քաղբանտարկյալներ են: Եվ այսօր, համագումարի անունից, մենք դատապարտում ենք իշխանությունների նման գործելակերպը եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին»: Ըստ ՀԺԿ առաջնորդի՝ եւ հոկտեմբերի 27-ի, եւ մարտի 1-ի էջը կփակվի այն ժամանակ, երբ այդ հանցագործության կազմակերպիչները, տասը զոհերի համար պատասխանատու անձիք կկանգնեն դատարանի առաջ: Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերին՝ Դեմիրճյանը նշեց, որ այդ ուժերի մեջ էական տարբերություններ կան, բայց դա չի խանգարում, որ բոլորը միասին պայքարեն երկրում սահմանադրական կարգի հաստատման համար:



«ՀԱԿ-ը անթերի կառույց չէ, եւ միաժամանակ դրական քայլ կհամարվի գաղափարական հիմքի վրա Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների միաձուլումը, ինչը պետք է տեղի ունենա բնականոն ճանապարհով»,-ասաց ՀԺԿ առաջնորդը: Ապա, անդրադառնալով ՀԺԿ խնդիրներին, մտահոգություն հայտնեց, որ երկրի սոցիալ-տնտեսական վատ պայմաններն ազդել են նաեւ կուսակցության վրա: Կուսակցության շատ անդամներ աշխատանք չունենալու պատճառով հեռանում են Հայաստանից, ֆինանսական սղության պատճառով կուսակցությունը չի կարողանում տարածքային գրասենյակներ բացել:



Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, նշեց, որ բանակին վերաբերող հարցերը պետք է մշտապես գտնվեն պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: «Պետք է վերջ դրվի կրթական ոլորտում իրականացվող երիտասարդների պարտադիր կուսակցականացմանը»: Վերջում Դեմիրճյանը հույս հայտնեց, որ համագումարից հետո կուսակցությունը շարունակելու է հետեւողականորեն պայքարել երկրում արդարության հասնելու համար: ՀԺԿ առաջնորդից հետո ելույթ ունեցան ՀԱԿ անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր բոլորն էլ իրենց խոսքում նախ հիշում էին լուսահոգի Կարեն Դեմիրճյանին, ապա, չգիտես ինչու, ծայրից ծայր պատմում ՀԺԿ-ի պատմությունը եւ, շնորհավորելով կուսակցությանը 7-րդ համագումարի կապակցությամբ, զբաղեցնում էին իրենց տեղը:



Նույնաբովանդակ ելույթներից հետո դահլիճն աշխուժացրեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: «Հայաստանն ունի Սերժ Սարգսյան, բայց չունի նախագահ, Հայաստանն ունի Տիգրան Սարգսյան, բայց չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան, բայց չունի ոստիկանապետ, ունի Սեյրան Օհանյան, բայց չունի պաշտպանության նախարար, ունի Էդվարդ Նալբանդյան, բայց չունի ԱԳ նախարար: Ունի անվտանգության խորհուրդ, բայց անունը չեմ տալիս, քանի որ ղեկավար չունի»,- նշեց Կարապետյանը:



ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՊԱՏԵՀ ԱՌԻԹԸ



ՀԺԿ համագումարին ելույթ ունեցավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա համագումարը նշանակալի իրադարձություն համարեց, քանի որ «առանց ՀԺԿ-ի մասնակցության ոչ համաժողովրդական շարժումը, ոչ էլ Կոնգրեսը չէին ունենա այն ընգրկումն ու հզորությունը, որ ձեռք են բերել ու շարունակում են պահպանել մինչ օրս»,- Կոնգրեսի անունից ՀԺԿ-ին շնորհակալություն հայտնելով՝ ասաց ՀԱԿ առաջնորդը: Տեր-Պետրոսյանն առիթը բաց չթողեց, եւ ՀԺԿ համագումարի ամբիոնն օգտագործելով, անդրադարձավ ՀԱԿ-ի հասցեին հնչող այն «շինծու մեղադրանքներին», թե դաշինքը, կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից, իբր չունի որեւէ գաղափարախոսություն կամ ծրագիր, բացի իշխանության ինքնանպատակ ձգտումից:



«Տպավորություն է ստեղծվում, որ այդպես դատողները կամ ընդհանրապես պատկերացում չունեն գաղափարախոսության մասին, կամ այդ հասկացությունը նրանց համար բոլորովին այլ բան է նշանակում, կամ էլ դիտավորյալ աղավաղում են նրա էությունը»,- նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մի ամբողջ դասախոսություն կարդաց, թե ինչ է նշանակում «գաղափարախոսություն» տերմինը, որտեղից է ծագել եւ ով է առաջին անգամ շրջանառության մեջ դրել այն:



Նա, վերլուծելով Կոնգրեսի հասցեին հնչած մեղադրանքները, ասաց. «Ո՞րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի՞նչն է Կոնգրեսին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերը ստորադասել մի ավելի գերակա խնդրի։ Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է՝ ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը»:



Վերջում նա ՀԺԿ-ին մաղթեց կուսակցության շարքերի խտացում եւ հզորացում, քանի որ դա նաեւ ՀԱԿ-ի հզորացման երաշխիքն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ընդմիջում հայտարարվեց, որից անմիջապես հետո կառավարության շենքի միջանցքները ծխարանի վերածվեցին: Առաջին նախագահը եւ մյուս հյուրերն ընդմիջումից հետո հեռացան, իսկ ՀԺԿ-ն կիսադատարկ դահլիճում շարունակեց մտքեր փոխանակել, ապա ընտրեց նոր՝ 81 հոգուց բաղկացած վարչություն, իսկ Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց ՀԺԿ նախագահի պաշտոնում: